ՀՀ մի շարք ջեմոցատերեր այս օրերին սպասողական վիճակում են: Նրանք հույս ունեն, որ ռուբլու փոխարժեքի տատանումները կկարգավորվեն, որից հետո իրենց կհաջողվի լոլիկ արտահանել Ռուսաստանի Դաշնություն:
Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀ ջերմոցային տնտեսությունների ասոցացիայի նախագահ Պողոս Գեւորգյանի հետ:
-Այս պահին ջերմոցատերերը վաճառքի ենթակա ապրանք ունե՞ն:
-Այո՛, լոլիկ կա, բայց չեն կարողանում վաճառել, քանի որ գնորդ չկա: Մեր ասոցացիայի անդամները մտահոգվում են այս խնդրի շուրջ: Նրանք զարմացած ասում են, որ գնում են Մալաթիայի շուկա, չի վաճառվում, տեղափոխում են Գումի շուկա, նույնպես մարդ չկա: Գնորդ չկա: Բացի այս՝ գրեթե բոլոր ջերմոցատերերը վարկային մեծ պարտավորություններ ունեն, խրվել են:
-Ինչո՞ւ:
-Գազի սակագնի պատճառով: Ի դեպ, 0.5 հա ջերմատունը գազով ջեռուցելու համար ծախսում է մոտ 50 հազար դոլար: Սրան գումարած պարարտանյութը, թունաքիմիկատը, աշխատողների աշխատավարձերը: Ահա, Հոլանդիայում մի ընկերություն է գործում, որի հետ պայմանավորվածություն ունի մեր ասոցացիան: Պետք է պայմանագիր կնքենք, որը վարկ է տրամադրում՝ ջերմոցներ կառուցելու համար: Դրանով անհրաժեշտ սարքավորումները պետք է ձեռք բերենք: Մեր ասոցացիայի անդամներից 6-ը համաձայնել էին ստորագրել այդ ընկերության հետ պայմանագիր, բոլոր տեսակի փաստաթղթերը պատրաստ են, մնում է ստորագրել: Բայց արի ու տես, որ մերոնք չեն համարձակվում: Նրանք մտավախություն ունեն, որ չի արդարացնի, չեն ցանկանում ներդրում անել: Ե՛ւ հոլանդացին է պատրաստակամ օգնել, ե՛ւ համապատասխան սարքավորումները կան՝ ջերմոց կառուցելու համար, մնում է մեր ֆերմերների համաձայնությունը, բայց չեն համարձակվում:
-Իսկ Մաքսային միությանն անդամակցելը ինչ-որ չափով հույս չի՞ ներշնչում նրանց մոտ:
-Դեռեւս նախորդ տարի՝ դեկտեմբերի սկզբին, Ռուսաստանի Դաշնությունից առաջարկ ստացանք. լոլիկ պետք է արտահանեինք: Մենք ընկանք այս ու այն կողմ, հավաքեցինք անհրաժեշտ քանակությամբ լոլիկը եւ պատրաստվում էինք ուղարկել, հրաժարվեցին: Պատճառը ռուբլու փոխարժեքի տատանումն էր: Պատճառաբանեցին, թե չեն հասկանում՝ ինչ է կատարվում: Իրենք չգիտեին, թե ինչ գին առաջարկեին մեզ: Մենք էլ չգիտեինք, թե իրենց ինչ առաջարկենք: Ու այդպես էլ այդ գործարքը չեղյալ համարվեց:
-Այս տարի ՌԴ-ից նման առաջարկ ստացե՞լ եք:
-Դեռ ոչ, որովհետեւ պարզ չէ, թե ինչ կլինի: Կկարողանա՞նք լոլիկ արտահանել, թե՞ ոչ, դա այս պահի դրությամբ չլուծված հարց է: Ճիշտ է, նախկինում մեծ քանակությամբ լոլիկ չի արտահանվել, բայց հիմա շատ անորոշ վիճակ է թե՛ մեր հանրապետությունում եւ թե՛ ՌԴ-ում: Մենք հիմա առաջին հերթին ջերմատներ պետք է կառուցենք, ավելացնենք, մասնագետներ պատրաստենք:
զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ