Օրերս Armlur.am-ի խմբագրություն էր եկել Աբովյան քաղաքի մի տարեց բնակիչ՝ Վաչագան Մեջլումյան անունով, ով խնդրեց հրապարակել իր բաց նամակը՝ ուղղված ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներին: Նա 10 տարի անցկացրել է բանտում և համոզված է, որ անարդարությամբ է այնտեղ հայտնվել:
Նրա բաց նամակը աննշան խմբագրական միջամտություններով ներկայացնում ենք ստորև.
«Հայտնում եմ Ձեզ, որ 1977թ. ապրիլի 12-ին Աբովյան քաղաքի երկաթուղային կայարանում երեկոյան ժամը 8-սահմաններում իմ հանդեպ տեղի ունեցավ խուլիգանական ոտնձգություն, ինչի հետևանքով զոհվեց խուլիգանությունը կազմակերպող Աշոտ Վարդանեսի Աբրահամյանի եղբայրը՝ Ռուբիկ Վարդանեսի Աբրահամյանը:
Ես աշխատում էի Աբովյանի երկաթուղային կայարանում որպես վարսավիր: Այդ վիճաբանության մեջ, ըստ Երևանի տրանսպորտի դատախազության, իբր թե ես մեն-մենակ դանակը ձեռքիս մտել եմ կայարանի ճաշասրահ և այնտեղ ներկա եղած 7 հոգու աչքի առջև խփել եմ Ռուբիկ Վարդանեսի Աբրահամյանին, ապա՝ հանգիստ թողել հեռացել: Նման ձևակերպում կամ նման բան կարող է լինել միայն գեղարվեստական կինոներում կամ հեքիաթներում:
Դատախազության հարգելի՛ աշխատողներ, իմ ձեռքին եղել է ոչ թե դանակ, այլ՝ կոմպրեսի շորեր: Երևում է նաև այն սեղանը, որտեղ նստել և խմել են ոգելից խմիչքներ (դիմում է դատախազությանը. խմբ):
Սեղանի վրա եղել է 4 հատ 100 գրամանոց բաժակ և մեկ 200 գրամանոց: Հենց դա վկայում է այն մասին, որ այնտեղ 4 հոգի է եղել, 5-րդը Աշոտն է, իսկ Դուք ինձ, ինչպես ինձ դանակահարողին, այնպես էլ Ռուբիկին դանակահարողին արանքից հանել եք և ապօրինի կարգով մտցրել Բադեյան Գագիկին և պնդում եք, թե այնտեղ ուրիշ մարդ չի եղել: Բա որտե՞ղ մնաց այդ օրվա հերթապահ կապիտան Կարդաշյան Յուրայի ցուցմունքը, պատահական տաքսու վարորդ Ալիկի ցուցմունքը, իմ ցուցմունքը: Ես չեմ զարմանա, որ դուք ձևակերպեք, որ ես լրտես եմ, գործակալ եմ և այլն:
Եթե Դուք ինձ սարքեցիք մարդասպան, ապա դա ձեր համար ոչ մի դժվարություն չի ներկայացնում, իսկ իմ ավտոտնակում հին կասետներ կան, լենտերն էլ վրան են, կարող եք նկարել և ներկայացնել որպես լրտեսի և անցնեք պլան Բ-ի կատարմանը, այսինքն՝ չկա մարդ, չկա պրոբլեմ, կամ ցմահ փակել ճաղերի ետևում, որովհետև ես ինձանից ոչինչ չեմ ներկայացնում և չունեք վախենալու ոչ մի խնդիր: Եվ վերջապես, ովքեր էին այդ 7 հոգին՝ բուֆետապան Աբոն, 2 եղբայրը և 4 երիտասարդ տղա, որոնց բերել էր Աշոտ Աբրահամյանը՝ ինձանից վրեժ լուծելու այն բանի համար, որ իբր թե ես չեմ կտրել իր փոքր եղբոր և մեկ անչափահաս աղջիկ երեխայի մազերը:
Այս հանգամանքը դատախազությունը, դարձնելով իրենց բերանի ծամոն, ասել է, որ, իբր, ես չեմ սպասարկել երեխաներին: Ես ունեմ 4 երեխա, որից 2-ը աղջիկ երեխա են: Երբ որ Աշոտը բերեց այդ երեխաներին, ես այդ ժամանակ սպասարկում էի մեկ այլ հաճախորդի: Այդ երեխաների ներկայությամբ կերած-խմած ապերոները, մեկը մյուսի հետևից մտնելով վարսավիրանոց, տալիս էին ցենզուրայից դուրս հայհոյանքներ: Ես ընդամենը խնդրեցի երեխաներին, որ սպասեն խոհանոցում, մինչև վերջացնեմ և կանչեմ: Աշոտը սկսեց տեղատարափ ցենզուրայից դուրս հայհոյանքներ իմ հասցեին:
Եվ այդ լկտի հայհոյանքների և վրա քշելու համար նրան հետ պահեցին խոհանոցի աշխատողները: Այս երեխաների առիթը դատախազությունը, դարձնելով իր ձեռքին «կոզր», օգտագործեց իմ դեմ, իբր թե ես չեմ սպասարկել երեխաներին: Ճիշտ դրան հակառակ՝ ողջ կյանքիս ընթացքում երեխաներին նույնիսկ ժամերով զբաղացրել և սպասարկել եմ, որ հանկարծ մեկ երեխայի աչքից մեկ կաթիլ արցունք չհոսի: Վկա է ողջ Աբովյանի հասարակությունը, Աշոտի կազմակերպած այդ 4 տղաներին 20-ից 22-23 տարեկան Աշոտը կերցրեց, խմեցրեց և մառաղ մտնելով, թե ես երբ կվերջացնեմ գործս, որ դուրս գալու պահին ինձ հետ հաշվեհարդար տեսնեն:
Ես շտապում էի տուն, քանի որ 4 երեխան դրսում էին, սակայն ինձ չհաջողվեց տուն հասնել: Ստացվեց այն, ինչը որ պետք է լիներ՝ դանակահարվեցի. մի քանի տեղից վիրավորվել էի, բավականին արյունահոսեցի, վիրավորվեց նաև Ռուբիկը՝ Աշոտի եղբայրը. այս 4 երիտասարդ տղաները թողեցին և փախան:
Աբովյանի ՆԳ բաժանմունքը գտնվում էր 50-100 մետր հեռավորության վրա: Դուրս եկա, հանդիպեցի Աբովյանի ՆԳ բաժնի պետի վարորդին՝ Կառլենին: Խնդրեցի, որ օգնի, Ռուբիկին տանի հիվանդանոց: Ես մոտեցա Ռուբիկին, մոտեցավ նաև այդ 4 տղաներից մեկը՝ Օնիկը, երկուսով Ռուբիկին նստացրեցինք Կառլենի մեքենան, և նա տարավ հիվանդանոց: Նույնիսկ Աշոտը փախավ, չօգնեց եղբորը: Ես կամաց-կամաց գնացի բաժանմունք. դեռ չհասած՝ տեսա՝ բաժանմունքի աշխատողներից մի 20-25 հոգի դրսում էին, սկսեցին ձայն տալ, թե սա մեր Վաչիկն է: Եվ այդ պահին վազելով եկավ Ռուբիկին դանակահարողը, շուռ եկավ և մատնացույց անելով ինձ՝ ասաց, թե ինքն էր մեղավորը, ես մի քանի անգամ այդ բոլորի ներկայությամբ կրկնեցի՝ ինքն է խփողը: Այդ պահին քննիչ Ալբերտ Հարությունյանը, բռնելով այդ տղայի օձիքից, քրեականի պետ Ռուդիկ Հարությունյանի հետ տարավ բաժանմունք: Պատահական տաքսու վարորդ Ալիկը սկսեց բղավել, թե՝ «Վաչո՛, շուտ արա, արնաքամ ես լինում», և ինձ տարավ հիվանդանոց, ինձ պառկեցրին դանակահարված Ռուբիկի կողքը, սկսեցին օգնություն ցույց տալ:
Զարմանալին այն է, որ Ռուբիկը, կես ժամ էր` չաբալամիշ էր լինում (այս ու կողմ է ընկնում. խմբ.), այդտեղ էր կանգնած վիրաբույժ Դալտոն Բունիաթյանը և ոչ մի օգնություն: Ես ձեզ բերեմ մեկ այլ օրինակ. կինս՝ տիկին Նադյա Վասիլևնան, ուկրաինուհի էր: Ռուսների և ուկրաինացիների միջև այդ տեսակը տարածված բան է. իմ կինը բացառություն չէր, գնում է մեկի տունը, հարբում է և գալիս է տուն, չգիտեմ՝ ինչ է անցնում մտքով, ինքն իրեն վեննա է գցում: Ես, միամիտ մտնելով տուն երեկոյան ժամը 9-ի սահմաններում, լույսը վառեցի, ինչ տեսնեմ՝ վերջին շունչն է փչում, արնաքամ է լինում: Անկախ ինձանից՝ անմիջապես պինդ կապեցի թևի վերևի մասը և 1-2 րոպեի ընթացքում հարևանի մեքենայով հասցրի հիվանդանոց այն պահին, երբ հերթապահ բժիշկ խիրուրգ Հովհաննիսյան Հայաստանը կատարում էր վիրահատություն Արզնի գյուղի մի 14-ամյա տղայի: Ես աղմկեցի, թե շուտ օգնեք, պատկերացրեք: Բժիշկը, թողնելով այդ 14-ամյա տղային, հանձնարարեց օպերացիոն քույրերին՝ մի պահ տիրություն արեք, և անմիջապես իմ կնոջը պառկեցրեց մեկ այլ սենյակ և անմիջապես միացնելով արյան սնման սիստեման՝ 1 րոպեում կարեց թևը: Ինձ հանձնարարեց շտապ գնալ Երևան՝ արյուն բերելու, և ինքը նորից գնաց շարունակելու այդ երեխայի վիրահատությունը: Ես գնացի, 1 լիտր բերեցի, բայց դա բավարար չէր:
Հաջորդ օրը բերեցի ևս 1 լիտր արյուն, այսպիսով՝ փրկվեց տիկին Նադյա Վասիլևնան: Ինչ եմ ուզում սրանով ասել. Ռուբիկը կես ժամ չաբալամիշ էր լինում աչքիս առաջ. եթե միացներ սնման սիստեման և օգնութուն ցույց տար՝ Ռուբիկը չէր մահանա, և ինձ էլ ուրիշի փոխարեն չէին դատի, որովհետև վարորդին՝ Կառլենին, ասել էր, թե հանկարծ Վաչոյին չմեղադրեն: Բժիշկ Դալտոն Բունիաթյանը եկել էր դատարան, մեծ-մեծ, գլխից դուրս խոսում էր, որի սրբազան պարտքն էր այդ օգնությունը (եզրակացությունը թողնում եմ ժողովրդին): Ինչ մնում է Կառլենին՝ քաղմասի պետի վարորդին, լինելով վկա՝ տեղնուտեղը նրան ազատում են գործից և տանում Կանվոլնի գործարան, տեղավորում են գործի և հանձնարարում են` բերանից ոչ մի բառ չհանել:
Մինչև այդ խուլիգանական արարքը կատարվելը Աշոտը, ինչպես այդ 2 երեխաներին, այնպես էլ հավաքարարին և խոհանոցի աշխատողին, փակել էր ներսը, որ հանկարծ ոչ մի բան չնկատեն: Պատկերացրե՛ք մարդու ստորության չափը: Մի քանի օր անց Աշոտն իր եղբորը դանակահարողի հետ մտնում է իր մոտ աշխատող հավաքարարի տունը և սպառնում է. «Հանկարծ բերանիցդ բան չթռցնե՛ս, թե չէ քեզ էլ ենք վարի տալու»:
Ինչպես Կառլենին, այնպես էլ այդ հավաքարարին վախեցնելը ես իմացա միայն ազատվելուց հետո: Ես գնացի գտա, տեսա՝ Կառլենին սպառնացել են, որ հանկարծ ոչ մի բառ չասի: Այդ երիտասարդների բղավոցների և աղմուկների պատճառով ինձ Աբովյանի հիվանդանոցից տարան Երևանի տրանսպորտի դատախազություն, այնտեղից տեղափոխեցին մեկուսարան: Ըստ այդ դատախազության և էքսպերտի եզրակացության՝ ես ի վիճակի կլինեմ ցուցմունք տալ միայն 2 շաբաթ հետո, մինչև որ ուշքի գամ: Մի քանի օր հետո եկավ քննիչ Պողոսյան Դերենիկը, ինձ տարան նրա մոտ, նստեցի, երկուսով էինք: Ասաց. «Փող ունե՞ք»: Կարծես թե ինձ վերցրին և գլխիվայր շուռ տվին. անկախ ինձանից՝ գլուխս սկսեց պտտվել, ես ինքս ինձ իմ մեջ սկսեցի մտածել, թե էս ումն են վստահել, և ինչպես բարձր է հնչում՝ դատախազի քննիչ: Անկախ ինձանից՝ սկսեցի ծիծաղել, իսկ քննիչը սկսեց ինձ վրա ծիծաղել, որ ես այդքան միամիտ եմ, որոշ բացատրություններ գրելուց հետո գնաց, եկավ հաջորդ անգամ: Ես սկսեցի պատմել ողջ իրողությունը, բայց նա շարունակեց գործն այնպես «քննել», ինչպես իրեն էր ձեռնտու: Ինչպես Ռուբիկին դանակահարողին, այնպես էլ ինձ դանակահարողին շատ գեղեցիկ կարգով արանքից հանեցին, մնացին երկուսը՝ Փիլիփոսյան Սամվելը և Եղիզարյան Օնիկը: Բերեցին առերեսում Օնիկին, և քննիչը հարցրեց Օնիկին՝ Վաչի՞կն է խփել, պատասխանը՝ ոչ: Բերեցին Սամվելին, և հարցնում է՝ Վաչի՞կն է խփել: Պատասխան՝ այո, և սկսեց զրպարտել:
Անցավ մեկուկես ամիս առերեսումից հետո, մեկ էլ հանկարծ հայտնվեց քննիչը՝ իր հետ բերելով մեկ այլ անծանոթ երիտասարդի, որը սկսեց իմ դեմ ցուցմունք տալ: Առերեսումը տեղի է ունեցել մեկուկես ամիս առաջ, սա որտեղի՞ց հայտնվեց. Բալահովիտ գյուղի բնակիչ Բադեյան Գագիկն էր: Ես քննիչին ասում եմ, թե այս տղան դեպքի վայրում չի եղել, սկսում է ինձ վրա ծիծաղել և շարունակում է իր գործը: Ինձ տանում են դատախազություն՝ Տրանսպորտի դատախազ Հրաչիկ Մարտիրոսյանի օգնական Վարդգես Հարությույանի մոտ: Նա բացում է սեղանի վրայի ծածկած շորը և հարցնում է. «Ո՞րն է քո դանակը»: Պատասխանում եմ՝ այստեղ չկա: Հրավիրում է դրսից պատահական մի երկու հոգու և պարտադրում, որ ստորագրեն: Համառում էին, չէին ուզում ստորագրել, բայց, ի վերջո, ստորագրեցին: Մասիս գյուղի բնակիչներ էին:
Գործում կա 3 դանակ՝ տարբեր չափի, ոչ մեկի վրա չկան իմ մատնահետքերը. այդ բոլոր ներկայացրած դանակներին հակառակ՝ էքսպերտը, տալով իր եզրակացությունը, գրում է. «Օն բիլ ուբիտ բոլեե ռեժուշչիմ ոստրոկոլյուչիմ պրեդմետոմ», այսինքն՝ «սեկրետնի պիկով»: Չկա ոչ մի պարզաբանում, թե ում են պատկանում այդ դանակները: Եվ այդպես մակերեսային ձևով փակում են գործն ու տալիս դատարան: Ես բողոք էի գրել ՆԳ մինիստրին, երբ ինձ բերին դատարան: Աբովյանի ԳԱՅ-ի պետ պարոն Բաղդասարյան Սուրիկն ինձ ասում է՝ «Վաչո՛, դու ե՞րբ ես ձեռքը բռնել, տվել մեզ, որ բողոք ես գրում և մեզանից պահանջում այդ խփող տղային»: Պատկերացնո՞ւմ եք՝ 20-25 հոգի միլիցիոներների, քաղմասի պետի ներկայությամբ քննիչ Ա. Հարությունյանը, բռնելով այդ տղայի օձիքից, քրեականի պետ Ռ. Հարությունյանի հետ տարան բաժին, դա բավական չէր, ես, արյունաքամ լինելով, պետք է այդ տղայի ձեռքը բռնեի, դնեի պարոն Բաղդասարյան Սուրիկի ձեռքը, որ հետո պահանջեի:
Եվ այդպես սկսվեց դատավարությունը: Ես ուշագնաց եմ լինում և ընկնում եմ, բերում են, ջուր են լցնում վրաս, գլխիս, ուշքի բերելով՝ նստացնում են. դատում են բոլոր վկաները՝ ձեռքները բարձրացնում են, իբրև ցույց են տալիս, թե ես այդ դիրքից խփել եմ իմ հետևում կանգնած Ռ. Աբրահամյանին և սկսում են զրպարտել, քանի որ վկաների ցույց տված ձևը չէր համապատասխանում իրականությանը: Դատախազ պարոն Հակոբյանը մի քանի անգամ հարցնում է՝ «Վաչիկը շո՞ւռ է եկել»: Բոլորը միաձայն պատասխանում էին՝ ոչ, և նա չէր կարողանում զսպել իր բարկությունը և ջղայնանում:
Էքսպերտն ու նրանք զրպարտում են և, իբր, ապացուցում, որ ես չեմ խփել: Երբեք չեմ կարող մոռանալ միլիցիայի սերժանտ Հարությունյան Սիրեկանի վկայությունը: Նա այդ հարսանիքին հրավիրված չի եղել ո՛չ տղայի, ո՛չ էլ աղջկա կողմից, միայն հրավիրել են երրորդ կողմին՝ դատախազի, դատավորի և քննիչի կողմից: Ընդամենը կես ժամվա մեջ արդեն մեկուսարանում էի, իսկ այդ սերժանտը պատմում է, թե ինչպես եմ ես այդ ընթացքում 1 ժամ նստել և կյանքս պատմել իրեն. ստորությանը չափ չկա:
Մեր երկրում, փաստորեն, կողմնակի մարդիկ կարող են ներկայանալ դատարան, ձևականորեն ստորագրել, որ չեն զրպարտի, իրականում զրպարտեն, մեկի կյանքը խորտակեն և մնան անպատիժ: Սա է մեր երկիրը. անտեսելով իրականությունը՝ ինձ դատեցին 105-ի 2-րդ մասով՝ 8 տարի ժամկետով և տարան մեկուսարան: Ես մտա հացադուլ. այլևս ցանկություն չկար ապրելու: Եվ ահա 7-րդ օրը բերում են բեկման գանգատը: Քանի որ մեր իրավապահները խաբեության մեծ վարպետներ են, ինձ խաբեցին, թե՝ ստորագրի՛, շո՛ւտ արա, եղբայրդ և փաստաբանը թռչում են Մոսկվա: Առանց հասկանալու և ծանոթանալու՝ ստորագրում եմ, որովհետև լսելով Մոսկվայի անունը՝ պատկերացնում էինք, թե շուտով ամեն ինչ պարզ կլինի: Ես բացառություն չէի. բոլորս էլ հավատում էինք, թե փրկությունը Մոսկվան է, սակայն անփորձ փաստաբանի պատճառով գործը տանում են ոչ թե Մոսկվա, այլ՝ գերագույն դատարան՝ փոխելով 105-րդ հոդվածը 100-ով, և նորից հետ են ուղարկում դատարան:
Սկսվում է դատը, ներս են բերում դեպքի վայրում չեղած, Բալահովիտ գյուղի բնակիչ Գագիկ Բադեյանին: Եվ դատախազ Ամիրյանի հրահանգին, թե՝ ցո՛ւյց տվեք, թե ոնց խփեց Վաչիկը: Չգիտի ոնց ցույց տա պարոն Ամիրյանը, վեր է կենում տեղից՝ բռնելով Բադեյանի ձեռքը, տանում է հետ, որպեսզի մի կերպ հարմարեցնի իրենց ուզածին: Ոչ մի հարցի չկարողացավ պատասխանել պրն. Բադեյանը:
Ներս են հրավիրում պր. Կապիտան Կարդաշյան Յուրային և հարցնում՝ Վաչիկը ճի՞շտ է ասում, որ կա այդպիսի տղա, պատասխան՝ այո, և քննիչն ու քրեականի պետը նրան տանում են բաժին: Հաջորդ հարցը՝ քանի՞ տարեկան կլիներ, պատասխան՝ 22-23: Այդ պատասխանը համընկավ իմ տված ցուցմունքին, կարծես թե, պայմանավորված լինեինք: Եվ պրն. Ամիրյանի և Կարդաշյանի միջև սկսվում է վիճաբանություն: Պրն. Ամիրյանը հարցնում է՝ քանի՞ տարվա ստաժ ունեք, պատասխան՝ 14.5 տարի: Դատախազը բարկանում է ու ասում. «Քեզ ո՞վ է թույլ տվել նման կերպ արտահայտվել»: Պատասխան՝ դուք հարցնում եք ճի՞շտը, ես էլ ճիշտն եմ ասում, ես նման հաց չեմ ուտի: Ապա թողնում և հեռանում է: Որոշ ժամանակ հետո պարզվում է, որ կապիտանին ճշմարտություն ասելու համար հեռացնում են գործից, որովհետև մաքուր աշխատողներ այդ համակարգին պետք չեն:
Ներս են հրավիրում քննիչ Ալբերտ Հարությունյանին, հարցնում են՝ Վաչիկը ճի՞շտ է ասում, այո՝ ճիշտ է: Դարձյալ վիճաբանում են դատավորի հետ, թողնում և հեռանում: Եվ վերջապես, ավելացնում են ժամկետը, 8 տարին դարձնում 10 տարի, հետ են ուղարկում, և սկսվում է բողոքների շարանը:
Բանտում եղած տարիներիս՝ 1977-1987թթ., և դրան հաջորդող բազում տարիների ընթացքում նամակներով դիմել եմ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներին:
Հանրապետության գլխավոր դատախազ Օսիպյանին` անբավարար, ՆԳ մինիստրին` անբավարար, Արդարադատության նախարարին՝ անբավարար, Գերագույն դատարանին՝ պր. Քոչարյանին` անբավարար, Գերագույն սովետին պր. Բ. Ե. Սարկիսովին՝ անբավարար, Կ. Դեմիրճյանին` անբավարար, «Մարդ և օրենք հաղորդաշարին»՝ անբավարար, Մոսկվայի գլխավոր դատախազ Ռուդենկոյին՝ անբավարար, Մոսկվայի գերագույն դատարանի նախագահ Սմիռնովին բոլոր 26 պալիտ բյուրոյի անդամների անուններով՝ անբավարար, Գերագույն սովետի նախագահի 1-ին տեղակալ Կուզնեցովին մի քանի անգամ ՝ անբավարար, Ռուսաստանի «Մարդ և օրենք» հաղորդաշարին ՝ անբավարար, Լ. Ի. Բրեժևին՝ անբավարար
Գլխավոր դատախազություն՝ անբավարար: Գրեցի Լենինի գերեզմանին ՝ անբավարար, գրեցի Ստալինի գերեզմանին՝ անբավարար, գրեցի Հեյդար Ալիևին՝ անբավարար: Երբ գտնվում էի գաղութում` բնակավայր Ռուսաստանում, գրեցի Յու. Վ. Անդրոպովին 3 րոպեով ընդունելության խնդրանքով, ինձ մոտ եկավ 1 մայոր հատուկ մասից և ծանոթանալով գործին՝ պատասխանեց. «Շատ լավ, ես կզեկուցեմ»: Մնաց անբավարար:
Ազատվելուց հետո նորից գրեցի Արդարադատության նախարարին, մնաց անբավարար: Մտա Աբովյանի կուսկոմիտեի քարտուղար պր. Ավագյանի մոտ, անբավարար: Նորից դիմեցի գլխավոր դատախազ պրն. Ա. Գևորգյանին, ինձ հրավիրեցին դատախազություն, հրավիրել էին նաև քննիչ Դ. Պողոսյանին, ով սկսեց արդարանալ, թե ես չեմ արել, դա արել է դատախազի օգնական Վարդգես Հարությունյանը: Մի 20-30 րոպե պրն. Գևորգյանի աշխատասենյակում վիճաբանելուց հետո Փարսադանյան Ռազմիկը, 2 ձեռքով փակելով բերանը, ցածր ձայնով զեկուցում է, պրն. Գևորգյանին (որ ես չլսեմ), թե Խալաթյանը ստորագրել է: Չգիտեմ, թե ինչ անեմ, դարձյալ մնաց անբավարար, գրեցի ՊԱԿԻ պետ Մարիուս Յուզբաշյանին, ուղարկել էին դատախազություն, մնաց անբավարար: Գրել եմ Հուսիկ Հարությունյանին (ՊԱԿԻ պետ), մնաց անբավարար: Նորից գրեցի պրն. Կ. Ս. Դեմիրճյանին, մնաց անբավարար: Գնացի Մոսկվայի Գերագույն սովետ՝ ընդունելության, 2 անգամ եղել եմ պրն. Ալեքսեևի կաբինետում: Նրա պատասխանը եղավ հետևյալը. «Շատ լավ, մենք կզբաղվենք», մնաց անբավարար, գրեցի պրն. Գագիկ Հարությունյանին այն ժամանակ, երբ նա զբաղեցնում էր փոխնախագահի պաշտոնը: Դատախազության պատասխանն էլ եղավ. «Ուրեմն կցե՛ք գործին, քցե՛ք արխիվ»: Որտեղ ուզում ես գնա, դատախազությունն ունի իր մարդիկ ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ Մոսկվայի դատախազությունում. մեկ զանգով լուծում են բոլոր հարցերը իրենց օգտին: Գրեցի Գդլյանին և Իվանովին, մնաց անբավարար, գրեցի Գորբաչովին, մնաց անբավարար:
Գնացի Կ. Ս. Դեմիրճյանի ընդունարան, հսկիչ ոստիկանը ցույց տվեց համարն ու ասաց. «Զանգե՛ք, թող պրոպուսկ իջեցնեն, մենք բաց կթողնենք»: Զանգեցի, չանցած 1 րոպե՝ ջղայնացած ձայնով ընդունարանից ինձ պատասխանեցին. «Գնացել, նստել, եկել եք, էլ ի՞նչ եք ուզում»: Նախ չէի գնացել, ոչ էլ դիմում էի գրել, որ ինձ բռնի կերպով տանեին, ուրիշի փոխարեն նստացնեին: Հասկանալի դարձավ, որ հովանավորումը գալիս է ամենավերևից, որն է հսկող մեխանիզմը՝ Ռ. Կարապետյանը, Չարխի Ֆալագյանը և Ռ. Փարսադանյանը: Ձեռքիցս վերցրին մեղադրական եզրակացությունը, որում քննիչն իր եզրակացության մեջ գրել է, որ Վաչիկը չի նկատել իր հետևում կանգնած Ռ. Աբրահամյանին, և չվերադարձրին, որպեսզի ես հետագայում չունենամ ոչ մի ապացույց որ Ռ. Աբրահամյանը գտնվել է իմ հետևում, այն էլ՝ 2 մետր հեռավորության վրա:
Սակայն ինձ մոտ պաշտպանվել է թերթը, որը ևս ապացուցում է որ Ռ. Աբրահամյանը գտնվել է իմ հետևում: Ես այն պահել եմ մինչ այսօր՝ 36 տարի, երբ ես պահանջեցի պրն. Փարսադանյանից, թե վերադարցրե՛ք իմ մեղադրական եզրակացությունը: Նա պատասխանեց՝ «Գնացե՛ք, դիմում գրե՛ք այն դատավորին, ով քեզ դատել է, թող քեզ նոր մեղադրական գրի տա»:
Ինչ է ստացվում. այն մեխանիզմը, որը պետք է հսկողություն սահմանի, ինքն է քողարկում հանցագործությունը: Գլխավոր դատախազությունը, չդիմանալով իմ բողոքների շարանին, հրահանգում է Աբովյանի ՆԳ բաժանմունքին մի բան անել, իմ աչքը վախեցնել, որ չբողոքեմ: Շատ չուշացավ հրահանգը. իմ աշխատանքի վայր եկավ 3 մեքենայով մի 20-23 հոգի և քաշելով, պատառոտելով վերնաշապիկս՝ տարան ինձ Ջրաբերի ավազի հանքերը՝ հաշվեհարդար տեսնելու: Սակայն այդ գործողություններն աննկատ չմնացին Էլար գյուղի բնակիչ Կամոյի աչքից, ով շտապ գնաց, հավաքեց տղաներին. նրանք արագ ձևով Սիրուս գործարանի վերևի մասում կտրեցին դրանց ճանապարհը, և միջադեպը կանխվեց:
Ովքե՞ր էին այդ տղաները. Աբովյանի քրեականի պետ Ռ. Հարությունյանի տղան, քննիչ Ալբերտ Հարությունյանի տղան և նրանց ընկերները: Ես նորից շարունակեցի պայքարել. այս անգամ հրահանգել էին Աբովյանի ՆԳ բաժանմունքի պետ Լ. Գրիգորյանին, թե՝ մի՛ բան արա: Չուշացավ, սարքեց գլխիս, ևս 2 տարի փակեցին: Ազատվելուց հետո նորից շարունակեցի պայքարել: Գլխավոր դատախազության Ռ. Կարապետյանը ինձ սպառնաց՝ ասելով. «2 անգամ դատեցինք չխրատվար, մի անգամ էլ զրպարտելու համար կդատենք, և այլն»: Ընդամենը 1 անգամ ինձ մոտ եկավ պրն. Ռ. Հարությունյանը՝ Աբովյանի նախկին քրեականի պետը, ես ոչ մի բառ չխոսեցի, սպասարկվելուց հետո վերարկուն հագնելու ընթացքում ինձ ասաց, որ ողջ Հայաստանի ՆԳ գործերի մինիստրությունը կաշխատի, որ այդ գործը մնա ինձ վրա. «Իզուր մի՛ չարչարվի», և գնաց: Մտածելով, թե ինչու նման բան արտահայտվեց, որոշ ժամանակ հետո իմացա, որ տեղավորվել է ՆԳ մինիստրություն, աշխատում է այնտեղ և իրեն իրավունք է վերապահում ողջ մինիստրության անունից նման արտահայտություն անել:
Ինձ մոտ եկավ պրն. Լ. Գրիգորյանը՝ Աբովյանի ՆԳ բաժանմունքի քրեականի պետը, սպասարկվեց մի քանի անգամ և ներողություն խնդրեց կատարվածի համար:
Իմանալով, որ ես կապ չունեմ այդ բոլոր գործերի հետ, խիղճս մի փոքր հանգստացավ: Գրեցի պրն. Վ. Գասպարյանին, ստացա նամակ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գ. Ամիրխանյանից առ այն, որ հանձնարարվել է հարցով զբաղվել ոստիկանության գնդապետ Ա. Կարապետյանին, որը իր հերթին հանձնարարել է Աբովյանի ՆԳ բաժանմունքի պետ, ոստիկանության գնդապետ Խ. Ավետիսյանին ներսում վերլուծել գործի եղելությունը: Քանի որ Աբովյանի ՆԳ բաժանմունքն ունի իր մեղքի չափաբաժինը, որոշեցին մի կողմ քաշվել:
Գրեցի ՊԱԿԻ պետ պրն. Գ. Հակոբյանին, ինձ պատասխանեցին, թե դա չի մտնում իրենց իրավասություների մեջ:
Գրեցի պրն. Սերժ Սարգսյանին, ինձ պատասխանեցին պետդեպարտամենտից, որ գործս կրկին ստուգվել է, և նորություն չկա. մնում է անբավարար, Վ. Պ. Հովհաննիսյան:
Գնացի փաստաբանների պալատի նորընտիր նախագահի մոտ. կտրուկ մերժեց՝ ասելով՝ մեր գործը չի, գնացե՛ք դատախազություն, իրենք են սխալը թույլ տվել, թող իրենք էլ ուղղեն: Գրավոր խնդրեցի ընդունելություն գլխավոր դատախազ պր Գ. Կոստանյանից, մերժվեց: Դիմում գրեցի, ուղարկեցին Աբովյանի դատախազություն, ինձ հրավիրեցին դատախազության նորանշանակ աշխատող ոմն Ենոքյանի մոտ: Դարձյալ մնաց անբավարար:
Հարգելի՛ գեներալ Վ. Գասպարյան, այդ ի՞նչ ձևով եք ուզում վերականգնել ժողովրդի վստահությունը: Հետաքրքիր է ՝ ի՞նչ կմտածեիք իմ փոխարեն այս պետության մասին: Եվ վերջապես, հարգելի՛ տիկին Լ. Ալավերդյան, Դուք ջանք ու եռանդ չխնայեցիք Հայաստանում հաստատելու ժողովրդավարություն և Ձեր ողջ հզորությամբ և մտավոր ուժով պայքարում եք մարդու իրավունքների ոտնահարումների դեմ: Աստծո սիրուն, խնայե՛ք Ձեր առողջությունը, այն ձեզ շատ է պետք գալու Ձեր կյանքի վերջին ժամանակաշրջանում: Ես, պարբերաբար հետևելով Ձեր գործունեությանը, եկա հետևյալ եզրակացության՝ Դուք, ստանալով գերբնական ուժ, պետք է հրահանգեք այլմոլորակայիններին, որպեսզի նրանք սրերով, թրերով իջնեն երկնքից և հայտարարեն պատերազմ այս կոռումպացված համակարգի դեմ, հակառակ դեպքում՝ Հայաստանում ժողովրդավարության և մարդու իրավունքների ոտնահարումների դեմ պայքարելը անիմաստ է:
Վ. Մեջլումյան»: