Armenian text to speach

Երևանը էլեկտրոնային կառավարման տեսանկյունից աշխարհի ամենաարագ զարգացող քաղաքներից մեկն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Էլեկտրոնային կառավարման ընդհանուր ցուցանիշով Երևանը լավագույն քաղաքների հնգյակում է, իսկ էլեկտրոնային կառավարման մատչելիության կամ օգտագործման հարմարավետության չափորոշիչով Հայաստանի մայրաքաղաքի պաշտոնական կայքը աշխարհի 100 խոշոր քաղաքների շարքում զբաղեցնում է 1-ին հորիզոնականը: Այս մասին փաստում է նախորդ տարեվերջին հրապարակված «Քաղաքների էլեկտրոնային կառավարում» 2013-2014 թվականների ուսումնասիրությունը, որը 2003 թվականից ի վեր իրականացվում է ԱՄՆ-ի հեղինակավոր Ռութգերս համալսարանի հանրային հարաբերությունների և վարչարարության դպրոցի էլեկտրոնային կառավարման ինստիտուտի կողմից: Ուսումնասիրության արդյունքներն առավել մանրամասն ներկայացվել են Երևանի քաղաքապետարանում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում:

Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը, խոսելով էլեկտրոնային կառավարման ոլորտում քաղաքապետարանի կողմից վերջին տարիներին իրականացված աշխատանքների և ձեռքբերումների մասին, նկատել է, որ էլեկտրոնային կառավարման հետազոտության համար ունենալով էլեկտրոնային կառավարման 104 ցուցիչներ և հինգ առանձին դասակարգման ոլորտներ՝ Ռութգերսի կառավարման գործիքն այսօր գործնականում ամենահամակողմանի և արդյունավետ ինդեքսն է:

119 էջից բաղկացած ուսումնասիրությունը, որն ամբողջությամբ հասանելի է համալսարանի կայքէջում, ներկայացնում է աշխարհի խոշոր 100 քաղաքների քաղաքապետարանների պաշտոնական կայքերի գնահատումն ըստ 5 հիմնական չափորոշինչների՝ անվտանգություն, մատչելիություն կամ օգտագործման հարմարավետություն, բովանդակություն, առաջարկվող առցանց ծառայություններ և քաղաքացիների ներգրավվածություն որոշումների կայացման գործընթացներին:

«Յուրաքանչյուր ոլորտի կառավարման համակարգում, թերևս, դժվար է թերագնահատել տեղեկատվական տեխնոլոգիաների արդյունավետ կիրառման անհրաժեշտությունը, իսկ տեղական ինքնակառավարման համակարգում՝ առավել ևս, քանի որ այն հնարավորություն է ստեղծում ապահովելու համայնք-բնակիչ կապը: 2012 թվականին Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ և հանձնարարությամբ քաղաքապետարանի պաշտոնական կայքն ամբողջությամբ և արմատապես վերափոխվեց՝ այդ պահից աշխատելով ամենօրյա կատարելագործման ռեժիմով: Կատարված աշխատանքի արդյունքներն ակնհայտ են»,- ընդգծել է Վահե Նիկոյանը:

Հատկանշական է, որ 2009 թվականի համանուն հետազոտությանը Երևանը չի ներառվել անգամ ուսումնասիրվող հարյուրյակում, այնինչ 2012-ին արդեն մեր մայրաքաղաքը զբաղեցրել է 19-րդ հորիզոնականը, իսկ 2014 թվականին գնահատողները էլեկտրոնային կառավարման տեսանկյունից Երևան քաղաքը որակել են որպես աշխարհի ամենաարագ զարգացող քաղաքներից մեկը: Ըստ էլեկտրոնային կառավարման ընդհանուր ցուցանիշի՝ աշխարհի առաջատար քաղաքը Սեուլն է, որին հաջորդում են Նյու Յորքը, Հոնկոնգը, Սինգապուրը և Երևանը:

Ըստ առանձին չափորոշիչների՝ Երևանն առաջինն է մատչելիության կամ օգտագործման հարմարավետության անվանակարգում՝ առաջ անցնելով Բրատիսլավայից, Սեուլից, Տորոնտոյից և Ցյուրիխից: Մատչելիության ապահովման ցուցանիշում ներառված է տարբեր սարքերով, այդ թվում՝ բջջային հեռախոսներով կայքից օգտվելու մատչելիությունը: Կարևոր հանգամանք է համարվել նպատակային լսարանին ուղղված հղումները կայքի գլխավոր էջից, հիմնական էջերի ստանդարտները, լրացվող դաշտերի հարմարավետությունը, ինչպես նաև որոնման համակարգը, ընդլայնված որոնում իրականացնելու հնարավորությունը:

«Երևանի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ տնօրեն Սարգիս Մանուկյանը, ներկայացնելով այն հիմնական բաղադրիչները, որոնք ապահովել են ուսումնասիրության արդյունքը, նշել է, որ, օրինակ, քաղաքացիների ներգրավվածության անվանակարգում Երևանը զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը՝ զիջելով միայն Սեուլին և Սինգապուրին: Անդրադառնալով բովանդակության անվանակարգին, որտեղ Երևանը 4-րդն է Սեուլից, Տորոնտոյից և Ստոկհոլմից հետո, նշվել է, որ գնահատողները հաշվի են առել հասանելիությունը դեպի կոնտակտային տեղեկություններ, հրապարակային փաստաթղթերը, հասանելիությունը հաշմանդամների համար, մուլտիմեդիայի նյութերը և հրատապ տեղեկատվությունը:

«Հարկ է նշել, որ ուսումնասիրությունն իրականացնող մասնագետների գնահատմամբ շատ քիչ թվով պետական կառույցներ են առաջարկում քաղաքացիների ներգրավման առցանց հնարավորություն: Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքին տրված գնահատականը մեր ամենօրյա աշխատանքի արդյունքն է: Ի դեպ, պետք է նշեմ, որ ուսումնասիրության իրականացման մասին քաղաքապետարանը տեղյակ չի եղել»,- նշել է Սարգիս Մանուկյանը:

Ներդրված էլեկտրոնային ծառայություններից առանձնացվել են քաղաքապետարանի գործունեության ոլորտների վերաբերյալ մի շարք առցանց ծառայություններ՝ մասնավորապես Երևանի ինտերակտիվ բյուջեն, տարբեր դիմումների ձևերի ներբեռնման, առցանց դիմումի, ինչպես նաև հարկերի մասին տեղեկատվության տրամադրման և առցանց վճարելու հնարավորությունները:

«Էլեկտրոնային կառավարումը բաղկացած է թե՛ թվային քաղաքապետարանից (հանրային ծառայությունների առցանց մատուցում) և թե՛ թվային ժողովրդավարությունից (քաղաքացիների մասնակցություն կառավարման գործընթացին): Երկու բաղկացուցիչներն էլ հավասարապես կարևոր են քաղաքների գնահատման համար»,- ուսումնասիրության մեթոդաբանությունում պարզաբանել են Ռութգերսի համալսարանի պրոֆեսորները և ընդգծել, որ առաջին տասնյակում ընդգրկված քաղաքները հենց այդ հատկանիշներով են առանձնանում:

«Ներկայացված ուսումնասիրության ցանկում առաջատար դիրքերում գտնվող քաղաքներն արդեն երկար տարիներ մեծ փորձ ունեն էլեկտրոնային կառավարման ոլորտում: Այս տեսանկյունից մեզ համար իսկապես մեծ ձեռքբերում էր նման բարձր հորիզոնական զբաղեցնելը: Միաժամանակ պետք է նշեմ, որ մենք չենք բավարարվելու ձեռք բերածով, և առաջիկայում մեծ աշխատանքներ կիրականացվեն ոլորտի կատարելագործման ուղղությամբ, ինչի արդյունքները մեր համաքաղաքացիների համար շուտով տեսանելի կլինեն» ,- ընդգծել է քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը:

erevan2




Լրահոս