ՀՀ Վճռաբեկ դատարանը «զրպարտություն» եւ «վիրավորանք» հասկացությունների վերաբերյալ նախադեպային որոշում է կայացրել, որի արդյունքում փակ աղբյուրները եւ ԶԼՄ-ները հայտնվում են իշխանական լիարժեք վերահսկման ներքո, իսկ խոսքի ազատությունը` վտանգի տակ: Բանն այն է, որ Վճռաբեկ դատարանը ներմուծել է «տեղեկատվության աղբյուր» ասվածի երկու տեսակ` պատշաճ եւ ոչ պատշաճ: Ու չնայած դրանց ցանկը չի սահմանել, սակայն ստացվում է, որ եթե մեկը լրագրողին ինչ-որ տեղեկություն թաքուն է փոխանցել (թեկուզ իրականությանը համապատասխանող), դա պատշաճ աղբյուր չէ, իսկ եթե նույն մարդը բացահայտ է ասել, եւ այդ մասին միանգամից նշվել է հրապարակված հոդվածում, պատշաճ է: Նկատենք, որ այս տխրահռչակ որոշման արդյունքում առաջիկայում լրագրողները լուրջ դժվարություններ կունենան իրենց փակ աղբյուրների հետ շփվելիս, ինչը խոսքի ազատության սահմանափակման ուղղակի դրսեւորում է:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ