ՊԵՏՔ ՉԷ ՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՆԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բուզանդի փողոցում էլիտար շինարարություն իրականացրած «Վիզկոն» ՍՊԸ հիմնադիր Պավել Անդերսոնը, որը ներկայում բնակվում է ԱՄՆ-ում, «Հետք» կայքի լրագրողի հետ զրույցում պատմել է, որ Բուզանդի փողոցում մեկ գույքը ընկերության օգտին օտարելու համար Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանին ինքը հինգ հազար դոլար է տվել: Իսկ մնացած օտարումների գործերով առաջին ատյանի դատավորներին վճարել են 300-500 դոլար՝ ամեն վճռի համար: Ըստ Անդերսոնի՝ 2005-ին, երբ օտարվող  տարածքներից մեկի հետ կապված խնդիրներ են առաջացել, իրեն կանչել է Ռոբերտ Քոչարյանի օգնական Գեւորգ Մհերյանը եւ ուղեկցել նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանի մոտ: Անդերսոնի խոսքերով՝ Ա. Գեւորգյանն իրեն ասել է, թե իրենք տեղյակ են, որ դատավորներին գումարներ են վճարում, եւ 100 հազար դոլար է պահանջել, որպեսզի գործարարին կաշառք տալու համար չդատեն: Անդերսոնը շեշտել է, թե նախագահականում  տեղեկացված են եղել, որ դատավորները վճիռների համար գումարներ են վերցնում, եւ այդ ամենին հանգիստ են վերաբերել:

ՀԱՐՑ. Ինչպե՞ս եք վերաբերում գործարարի արած բացահայտմանը: Հավատո՞ւմ եք, որ Հայաստանում նման բարքեր են տիրում:

ՊԱՏԱՍԽԱՆ. Անլուրջ եմ վերաբերում, եթե ինքն այդքան մտահոգ էր ստեղծված իրավիճակով, պետք է այն ժամանակ դիմեր իրավապահ մարմիններին, քանի որ այսքան մեծ հնչեղություն ունեցող դեպքի բացահայտմանը կարող էր ընթացք տրվել: Ընդհանուր, եթե վերլուծենք, պետք չէ այս ամենը քաղաքականացնել, քանի որ ես հասկանում եմ, որ փորձում են խնդիրը քաղաքականացնել: Եթե այն ժամանակ ոչինչ չի արել, 2005 թվականից արդեն անցել է 7 տարի, հիմա չեմ կարծում, որ ճիշտ է խոսելը: Իսկ հավատում եմ, թե ոչ, որ Հայաստանում նման բարքեր են տիրում, ապա պետք է ասեմ, որ  ցանկացած հասարակությունում նման դեպքեր կարող են լինել:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆ
ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար

ՊԱՏԱՍԽԱՆ. Այս խնդրի շուրջ մենք պարզաբանում տվել ենք «Հետք»-ին: Այն տեղադրված է մեր պաշտոնական կայքում: Ըստ այդմ՝ «Հանդիպումը կայացել է բացառապես «Վիզկոն» ընկերության նախաձեռնությամբ եւ աշխատանքային բնույթ է կրել: Հանդիպման ժամանակ ընկերության ներկայացուցչին պարզաբանվել է, որ դատական ատյանների վարույթում գտնվող գործերին ՀՀ նախագահի աշխատակազմը որեւէ կերպ չի կարող միջամտել: Հայտնում ենք, որ Արմեն Գեւորգյանն ինչպես ՀՀ նախագահի աշխատակազմում, այնպես էլ ներկայիս զբաղեցրած պաշտոնում աշխատելիս երբեւէ որեւէ մեկին չի առաջարկել վճարում կամ նվիրատվություն կատարել «Հայաստան» հիմնադրամի հաշվին: Ելնելով նշվածից՝ կարծում ենք, որ հիմնադրամի հետ հարաբերությունները «Վիզկոն» ընկերության սեփական նախաձեռնության շրջանակում են»: Նշված գործով դատարանների նկատմամբ Ա. Գեւորգյանի կողմից վերահսկողության մասին ենթադրությունները պարզապես իրականության հետ որեւէ առնչություն չունեն:

ԶՈՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ
Տարածքային կառավարման
նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ

ՊԱՏԱՍԽԱՆ. Կարծում եմ՝ այս հայտարարությունը բավարար է, որպեսզի իրավապահ մարմինները միջոցներ գործադրեն եւ զբաղվեն հայտարարության բոլոր հանգամանքները վեր հանելու ուղղությամբ: Արձագանքել է հարկավոր, հանրությունը պետք է տեղեկացված լինի, թե որքանով է այն ճշմարիտ:

ՎԼԱԴԻՄԻՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
ՀԱԿ կենտրոնական
գրասենյակի անդամ
Պատրաստեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ




Լրահոս