ՀԱՑԻ ԽՆԴԻՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հացահատիկի բերքահավաքը Շիրակի մարզում արդեն սկսվել է: Արդյունքներից դժգոհ են ոչ միայն Շիրակում, այլեւ հանրապետության մյուս մարզերում: Բերքահավաքը որոշ համայնքներում դեռեւս չի սկսվել, բայց կան բնակավայրեր, որտեղ այն արդեն ավարտվել է, եւ դատելով արդյունքներից` կարելի է տալ ընդհանրական գնահատական: Գյուղատնտեսները պնդում են, որ նախորդ տարվա համեմատ բերքը զգալի քիչ կլինի:
«Բոլորս տեսանք, թե ինչպիսի ձմեռ էր՝ ձյունաշատ եւ գեղեցիկ: Մտածում էինք, թե գյուղատնտեսական տարին շատ հաջող կլինի: Բայց տեսանք, որ ոչ միայն էդ ձյունը կորավ, այլ որքան եւ զարմանալի է, ձյունը ջրամբարներն էլ չլցրեց, եւ դրանք պակաս մնացին»,-ասում է Գյումրու սելեկցիոն կայանի տնօրեն Ռուբիկ Կարախանյանը: Նրա կարծիքով՝ երաշտը թողել է իր վատ ազդեցությունը. «Էս մի 10 օրն է, որ անձրեւ է գալիս, բայց ինչպես ասում են՝ գնացքն արդեն գնացել է»:
Պահը պետք է ճիշտ ընտրել եւ ցանքը ճիշտ կատարել: Լավ բերք ունենալու բանաձեւերից մեկն է ասում սելեկցիոն կայանի փորձառու մասնագետ Ռիմա Մուրադյանը: Կայանի ցանքատարածություններն անհամեմատ լավ վիճակում են: Ասում է՝ բույսը ճիշտ է խնամվել, եւ բարձրորակ սերմը լավ արդյունք է տվել:
ՌԴ-ում եւս հացահատիկի բերքն այս տարի լավ չի ստացվել: Այդ երկրի կառավարությունն արգելել է հացահատիկի արտահանումը` մտավախություն ունենալով, որ բավարար պահուստային պաշարներ չի ունենա: Մեր երկիրը մշտապես ցորեն եւ գարի ներկրել է Ռուսաստանից: Այս տարի այդ հնարավորությունը չի լինի, իսկ դա լուրջ մտահոգության տեղիք է տալիս: «Անցած տարի Ռուսաստանում իդեալական էր հացի վիճակը, եւ ազատ թողեցին, որ ներկրվի մեր երկիր: Բայց այս տարի այնտեղ էլ 30 տոկոսով բարձրացել է հացի գինը»,-ասում է Ռուդիկ Կարախանյանը:
Իսկ հայաստանյան բերքն անգամ ամենահաջողված տարիներին բավարարել է ներքին պահանջարկի ընդամենը 40 տոկոսը: Մասնագետները ենթադրում են, որ այս տարվա բերքը հազիվ 20 տոկոսով կբավարարի մեր ներքին պահանջարկը: «Հացի խնդիր անպայման կլինի: Շատ դաշտեր կան, որ ոչինչ չտվեցին, եւ մարդիկ հնձում են որպես խոտհարք»,-մեզ հետ զրույցում նշեց ֆերմեր Սարո Անտոնյանը:
Մասնագետները պնդում են, որ պետական շատ լուրջ քաղաքականություն է պետք, որպեսզի մենք հույսներս դնենք մեզ վրա եւ չսպասենք, որ այլ երկրներում ցորենի լավ բերք լինի: Չնայած Ռուսաստանում ստեղծված վիճակին՝ ակնկալվում է այդ երկրից ստանալ պարենային հացի ներքին սպառման ծավալների 60-70 տոկոսը:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Շիրակ




Լրահոս