Աժ պատգամավորի որդուն կալանավորելու համար այսօր կդիմեն դատարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի ոստիկանությունը միջնորդելու է կալանավորել պատգամավոր Նահապետ Գեւորգյանի որդուն` Արտակ Գեւորգյանին: Այդ մասին հայտարարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության պետ Գագիկ Համբարձումյանը:
Նրա խոսքով, հաշվի առնելով, որ այսօր ավարտվում է ձերբակալման ժամկետը, այսօր էլ ներկայացվելու է կալանքի միջնորդությունը: “Հուսով ենք, որ դատարանը կբավարարի այն”,- նշել է Համբարձումյանը:
Գագիկ Համբարձումյանի խոսքով, քննությունը կպատասխանի` արդյոք Արտակ Գեւորգյանը դեպքի պահին ալկոհոլի ազդեցության տակ է եղե՞լ, թե` ոչ:
Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին, ժամը 03.35-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչությունից Արմավիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել 25-ամյա Վիրաբ Ա.-ն եւ հայտնել, որ անհայտ անձը զենքի սպառնալիքով առեւանգել է իր “ՎԱԶ 2106” մակնիշի ավտոմեքենան: Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ 30-ամյա Արտակ Գեւորգյանը նույն օրը, ժամը 03.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի դպրոցի մոտ իջնելով իր վարած “ԳԱԶ 24” մակնիշի ավտոմեքենայից՝ ատրճանակի սպառնալիքով կանգնեցրել է Վիրաբ Ա.-ի “ՎԱԶ 2106”  մակնիշի ավտոմեքենան եւ իջեցնելով վերջինիս ու նրա ուղեւորին ու թողնելով “ԳԱԶ 24” մակնիշի ավտոմեքենան`”ՎԱԶ 2106″ավտոմեքենայով հեռացել էր: Արտակ Գեւորգյանը ձերբակալված է:
Ոստիկանության Արմավիրի մարզային քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 183 հոդվածի 1-ին  մասի, 183 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի եւ 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Նույն օրը երեկոյան, ժամը 20.30-ին,  Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի որոշմամբ` ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները խուզարկություն էին կատարել նրան պատկանող, Երեւան քաղաքի Տերյան փողոցում գտնվող բնակարանում, որտեղ խոհանոցի անկյունակ բազմոցի նստելատեղի տակից հայտնաբերվել է 4,5 մմ տրամաչափի “Բայկալ” օդամղիչ ատրճանակ:




Լրահոս