Նոր ծուղակ վարորդների համար. «Հայոց աշխարհ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Մայրաքաղաքի փողոցներում վճարովի կայանատեղիների եւ դրանք սպասարկող ընկերության կողմից իրականացվող շորթումների մասին խոսակցությունները վերջին օրերին նոր թափ են ստացել:
Պատճառները մեկը կամ երկուսը չեն:

Օրերս տասնյակ վարորդներ բողոքում էին, որ հանգիստ կայանել են փողոցների սեւ ներկով եզրագծված հատվածներում՝ գլխի չընկնելով, որ դրանք ժամանակին վճարովի կայանատեղիներ են եղել՝ կարմիր ներկով ընդգծված, սակայն սեւով պատվելուց հետո փողոցների այդ հատվածները դադարել են ծառայել մեքենաների կայանման համար: Ընդ որում՝ այդ մասին նախազգուշական որեւէ նշան չի տեղադրվել:

Թեեւ ոչ բոլոր փողոցներում է, որ սեւով ներկելուց հետո վճարովի կայանատեղիները վերացվել են: Կան հատվածներ, որտեղ դրանք պահպանվել են, սակայն նորից կարմիրով չեն թարմացվել: Դրանք եւս իսկական ծուղակ են դառնում քիչ թե շատ անուշադիր վարորդների համար՝ առավել եւս երեկոյան ժամերին, քանի որ նրանք հանգիստ կայանում են վճարովի կանգառներում՝ առանց վճարումների մասին մտահոգվելու:

«Իբրեւ կայանատեղիներն առանձնացնող կարմիր եզրագծումներն իրականում ինքնակամ արված գծեր են, որոնք որեւէ առնչություն չունեն մեր օրենսդրությամբ սահմանված վճարովի կայանատեղիների հետ եւ իրականում նպատակաուղղված են ռեկետի կարգով տուգանք կամ վճար հավաքելուն,- ասում է «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամ ՎԱՐԴԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ:- Ավտոկայանատեղի կոչվածը պետք է որոշակի չափորոշիչների համապատասխանի՝ առնվազն ունենա անկախ, ապահով մուտք եւ ելք, համապատասխան կահավորում, վերահսկվի նկարահանող տեսախցիկներով ու պաշտպանված լինի:

Այն փաստը, որ «Փարքինգ սիթի սերվիսը» որեւէ ծառայություն չի մատուցում ավտովարորդներին, ու նրա կատարած գանձումները որեւէ հիմնավորում չունեն, արձանագրել է նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, որին ամիսներ առաջ դիմել էր «Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունը: Այդ կապակցությամբ ՄԻՊ գրասենյակը Երեւանի քաղաքապետարանից պահանջել էր ընկերության գործունեության մասին իրավական հիմնավորումներ ներկայացնել: Սակայն ՄԻՊ-ի պահանջը մինչ օրս չի բավարարվել»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:




Լրահոս