Խոսելով մայիսի 6-ին կայացած հինգերորդ գումարման Ազգային Ժողովի ընտրությունների մասին՝ Վանաձորի թիվ 30 ընտրատարածքում ԱԺ վետերան-պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի նկատմամբ հաղթանակ տարած Էդմոն Մարուքյանը հետաքրքիր բացահայտում արեց:
-Վիկտոր Դալլաքյանը շատ հանգիստ էր վերաբերում ընտրություններին, որովհետեւ առաջին տասն օրը մենք քարոզարշավ էինք անում, ինքը դեռ չէր էլ եկել, Երեւանում էր: Եւ հենց էդ վստահությունը, էդ համոզվածությունը, էդ մեծամտությունը նաեւ նրան տարան դեպի ընտրական կրախի:
-Ի՞նչ եք կարծում, Դալլաքյանի պարտության պատճառը ՀՀԿ-ական դառնա՞լն էր:
-Դա դեր խաղաց, բայց ոչ այնքան, որ լիներ հիմնական պատճառ: Մարդիկ ընտրատարածքներում ինձ ասում էին՝ մենք ընտրել ենք, հինգ տարի իրեն չենք տեսել: Մի հատ չի եկել մեզ հետ հանդիպել եւ այլն:
-Տարիներ շարունակ ԱԺ ամբիոնից որպես անկուսակցական ելույթ ունեցող Վիկտոր Դալլաքյանն էլ ի վերջո դարձավ կուսակցական: Հնարավո՞ր է՝ Դուք էլ առաջիկայում անդամագրվեք որեւէ կուսակցության:
-Ես քաղաքականության մեջ ոչինչ չեմ բացառում, բայց առաջիկա մի քանի տարում ինձ չեմ տեսնում որեւէ կուսակցության մեջ: Ես ինձ շատ լավ եմ զգում իմ կարգավիճակում՝ որպես անկախ պատգամավոր:
-ԱԺ-ում հասցրե՞լ եք գաղափարակից ընկերներ ձեռք բերել:
-Դեռ դրան չի հասել: Բարեւ, բարի օր… Կարող է ճաշարանում հանդիպենք, միասին հաց ուտենք:
-Ինչպե՞ս եք վերաբերում գործարար պատգամավորների առկայությանը խորհրդարանում:
-Ես չէ, որ պետք է գնահատեմ էդ կարգի պատգամավորների առկայությունը: Գնահատողը ընտրողն է, որ կարող է իր քվեարկությամբ խրախուսել նման պատգամավորների մուտքն ԱԺ կամ մերժել: Քաղաքակիրթ աշխարհում որեւէ բիզնեսմեն, որեւէ մեծահարուստ չի փորձում դառնալ խորհրդարանի անդամ: Որ մարդը գալիս է խորհրդարան ու որեւէ բան չունի անելու, այլ ուղղակի կոճակ է սեղմելու, նա խորհրդարանում չպիտի հայտնվի: Որ ժողովուրդն ընտրում է, ու նա հայտնվում է, ո՞ւմ մեղադրենք:
Հ.Գ. Զրույցի ավարտին Է. Մարուքյանը հավելեց, որ Լոռու մարզից ընտրված ԱԺ պատգամավորներ Արկադի Համբարձումյանի, Կարեն Սարիբեկյանի եւ Վահրամ Բաղդասարյանի հետ ինքը ծանոթացել է հենց Ազգային Ժողովում:
Վանաձոր