ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՐՏԱԳԱՂԹՈՒՄ Է
Այս տարվա առաջին կիսամյակում օդային ճանապարհով Հայաստանից մեկնողների թիվը դարձյալ գերազանցել է ժամանողների թվին: «Զվարթնոց» օդանավակայանով Հայաստան է ժամանել 333 հազար 962, մեկնել՝ 384 հազար 37 մարդ: Տարբերությունը կազմում է 50 հազար 75 մարդ: ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը տեղեկացնում է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մեկնող եւ ժամանող ուղեւորների թվի ավելացում է նկատվել. 2011թ. առաջին կիսամյակում օդանավակայանով Հայաստանից մեկնել էր 360 հազար 611, ժամանել՝ 309 հազար 541 մարդ:

ԿԴԻՏԱՐԿԵՆ
ԼՂՀ  նախագահի ընտրություններին դիտորդական առաքելությամբ մասնակցելու համար հուլիսի 18-ին եռօրյա այցով Ստեփանակերտ կմեկնի ՀՀ խորհրդարանի պատվիրակությունը` ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ: Հայաստանի խորհրդարանական պատվիրակության կազմում են՝ պատգամավորներ Արտակ Դավթյանը, Արտակ Զաքարյանը, Կարինե Աճեմյանը, Ռուբեն Գեւորգյանը, Հրանտ Բագրատյանը, Մհեր Շահգելդյանը, Արմեն Ռուստամյանը եւ Խաչատուր Քոքոբելյանը:

ԴՌՆՓԱԿ
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի  որոշմամբ ՀՀ ոստիկանության զորքերի տեխնիկայի եւ սպառազինության գծով հրամանատարի տեղակալ Վանիկ Մանուկյանի դեմ հարուցված զենքի հափշտակության գործը կքննվի դռնփակ պայմաններում դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ: Հաշվի առնելով պետական ու ռազմական գաղտնիքի հետ առնչվող նյութերի առկայությունը՝ դատարանին նման միջնորդություն է ներկայացրել Մանուկյանի պաշտպան Հասմիկ Պապյանը: Հիշեցնենք, որ Վ. Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնական դիրքը շահադիտական նպատակով ծառայության շահերին հակառակ օգտագործելու եւ իրեն վստահված գույքը հափշտակելու համար:  

ԴԻՄԵԼ ԵՆ
ՀՀ առողջապահության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների հանրապետական միության 4-րդ համագումարի պատվիրակները բաց նամակով դիմել են Սերժ Սարգսյանին՝ արտահայտելով իրենց մտահոգությունը բժիշկների նկատմամբ աճող բռնության դեպքերի կապակցությամբ: Համագումարի մասնակիցները գտնում են, որ ստեղծված իրավիճակը պայմանավորված է նախ եւ առաջ առողջապահության ոլորտում առկա խորը համակարգային խնդիրներով: Առայսօր բոլոր իրականացվող բարեփոխումները, այդ թվում` համավճարային նոր համակարգի ներդրումը, չեն լուծում ամենակարեւոր` բնակչության լայն շերտերի համար բժշկական ծառայությունների հասանելիության խնդիրը:

ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ՝ ԴԻՄՈՐԴՆԵՐԻՆ
ՀՀ պետական եւ ոչ պետական բուհերի առկա ուսուցման 2012թ. ընդունելության անվճար եւ վճարովի ուսուցման մրցույթների արդյունքները հրապարակվել են հուլիսի 15-ին: Ընդունելության քննություններից դրական միավորներ ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները հուլիսի 15-20-ն ընկած ժամանակահատվածում կարող են մասնակցել թափուր տեղերի մրցույթին` թափուր տեղեր ունեցող բուհում լրացնելով նոր դիմում-հայտ: Թափուր տեղերի մրցույթին կարող են հայտ ներկայացնել նաեւ ընդունելության քննություններից դրական միավոր (միավորներ) ստացած այն դիմորդները, որոնք առաջին կամ լրացուցիչ փուլերում բուհերում չեն հայտագրվել: Հանրապետական ընդունող հանձնաժողովը բուհերում թափուր տեղերի մրցույթի արդյունքները կհաստատի հուլիսի 25-ին:

ՄԵԾԱՀԱՐՈՒՍՏԸ
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Վահե Հակոբյանը (Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանի որդին) իր ֆինանսական կարողություններով ԱԺ-ում երկրորդն է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանից հետո: Այդ մասին տեղեկացնում է «Հետք»-ը: 2011թ. Վահե Հակոբյանն արժեթղթեր ու ներդրումներ չի ունեցել, սակայն հայտարարագրել է 875 միլիոն 951 հազար 213 դրամի եկամուտ, որից միայն 3 միլիոն 121 հազար 40 դրամն է ԱԺ-ից ստացած աշխատավարձը: Վահե Հակոբյանը 2011թ. վերջին ունեցել է 1 միլիարդ 400 միլիոն դրամ, մինչդեռ նույն տարվա սկզբին նրա դրամական միջոցը եղել է 1 միլիարդ 200 միլիոն դրամ: Այսինքն՝ պատգամավորը մեկ տարվա ընթացքում հասցրել է կուտակել 200 միլիոն դրամ: Փոխարենը 1 դրամի եկամուտ ու դրամական միջոց չունի Վահե Հակոբյանի կինը՝ Հասմիկ Հակոբյանը:




Լրահոս