ԲԱՆԿ՝ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրի քաղաքի եւ մարզի ճարտարապետները երեկ հասարակական քննարկում էին կազմակերպել, որի գլխավոր քննարկման թեման էր Գյումրու կենտրոնական հրապարակում հասարակական նշանակության նոր շենք կառուցելու մասին որոշումը (ըստ լուրերի՝ «Ամերիաբանկ»-ը մասնաճյուղ է կառուցում): Բնապահպանները մտավախություն ունեն, որ կանաչ գոտի համարվող այդ տարածքն արդեն օտարված է, որ հողն ունի կոնկրետ սեփականատերեր, պարզապես նրանց անունն առայժմ չի հրապարակվում, եւ հասարակական աղմուկից խուսափելու համար ձեռնարկվում են ձեւական միջոցառումներ: Նշենք, որ Շահումյան 188 շենքի հարեւանությամբ է նախատեսված շենքի կառուցումը, ուր տարիներ առաջ արծաթափայլ եղեւնիներ էին, որոնք քաղաքապետարանն անհեթեթ պատճառաբանությամբ հատեց: Իհարկե, աղմուկ բարձրացավ, բայց հետո լռեցին:
Քննարկման ժամանակ բնապահպանները հարց բարձրացրին՝ օտարված է տարածքը, թե ոչ: Գյումրու ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը նշեց, որ ներկա պահին այն նախատեսված է օտարման: Նաեւ հավելեց, որ չեն հավաքվել որոշելու՝ կառուցապատում լինելու է, թե ոչ, այլ այն, թե ինչ ծավալ է ընդգրկելու շինությունը եւ ինչ տեսք է ունենալու: Պարզ ասած՝ անկախ հավաքվածների կարծիքից՝ շենքը կառուցվելու է՝ անգամ օրենքը շրջանցելով, որովհետեւ կանաչ գոտում կառուցապատում իրականացնելն արգելվում է օրենքով:
Հիշյալ տարածքը  նախկինում շահագործել է «Պինգվին» ՍՊԸ-ն: «20 տարուց ավելի մենք էդ տարածքն օգտագործել ենք, մուծումները կատարել: Իմ ձեռքերով եմ էն ծառերը տնկել, որ կտրեցին՝ պատճառաբանելով, որ փողոց են սարքելու: Իսկ հիմա էդ նույն տեղում բա՞նկ են կառուցում»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում դժգոհեց ընկերության ներկայացուցիչ Էդուարդ Խոջոյանը:

Ա. ՎԱՐԴԱՆՅԱՆ
Գյումրի




Լրահոս