ԱՊՕՐԻՆԻ ՎԵՐՋՆԱԳԻՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 13-ին կայացել է Տավուշի մարզխորհրդի նիստ, որի ժամանակ քննարկվել են 2012թ. առաջին կիսամյակում մարզի համայնքների տեղական բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները: Սովորաբար այդ նիստերից առաջ մարզպետարանի ինտերնետային կայքում (www.Tavush.gov.am) ծանուցվում է առաջիկա նիստի, դրա ժամի, օրակարգի մասին: Այս անգամ նման տեղեկատվություն չի հրապարակվել: Մարզի լրատվամիջոցներից այդ նիստին հրավիրվել եւ մասնակցել են միայն մարզային «Տավուշ» հեռուստաընկերության լրագրողը եւ օպերատորը: Ի դեպ, մարզպետ Արմեն Ղուլարյանը փաստացի այդ հ/ը փայատերերից է:
Մարզխորհրդի նիստին մասնակցել է ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը: Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ռոբերտ Ներսիսյանը նիստի մասնակիցներին տեղեկացրել է, որ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում մարզի համայնքներն ընդհանուր առմամբ սեփական եկամուտները հավաքագրել են 203.7 միլիոն դրամի չափով՝ նախատեսվածի 74.7 տոկոսով: Առաջին կիսամյակում համայնքների  սեփական եկամուտների թերհավաքագրումների ընդհանուր գումարը  կազմել  է 69 միլիոն  դրամ, որից հողի հարկի թերհավաքագրումը` 47.7 միլիոն դրամ: Սեփական եկամուտների գանձումների ցածր կատարողական ունեն Խաշթառակ, Կոթի, Զորական, Չորաթան, Արծվաբերդ, Վարագավան, Պառավաքար, Նորաշեն համայնքները:
Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը համայնքների ղեկավարներին հիշեցրել է, որ այս հարցը գտնվում է կառավարության ուշադրության ներքո: ՀՀ ՏԿՆ առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն էլ համայնքների ղեկավարներին ասել է, որ պետությունը պետական լրավճարի առումով համայնքների բյուջեների համալրման գործը կատարում է, սակայն շատ համայնքապետարաններ թերանում են սեփական եկամուտների հավաքագրման գործում: Տերտերյանը հատկապես անթույլատրելի է համարել այն, որ սեփական եկամուտների թերհավաքագրում է առկա այն համայնքներում, որտեղ պետբյուջեի եւ միջազգային կազմակերպությունների ֆինանսավորմամբ համայնքների զարգացման ծրագրեր են իրականացվել:
Մարզային «Տավուշ» հ/ը հաղորդմամբ` Վ. Տերտերյանը համայնքապետերին ասել է, որ դոնոր կազմակերպություններն այսուհետ սկզբունք են ընտրել եւ ծրագրեր չեն իրականացնի այն համայնքներում, որտեղ սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշը չի գերազանցում նախատեսվածի 80 տոկոսը: Հարց է ծագում. Տերտերյանը ո՞ր օրենքով է առաջնորդվել եւ ո՞ր կազմակերպությունների անունից է խոսել, երբ այդպիսի հայտարարություն է արել: Այս հարցն օրենքով կանոնակարգվա՞ծ է: Կարելի է ասել, որ փոխնախարարը պարզապես ինքնիրավչություն է արել: Միգուցե մարզխորհրդի նիստի մասին լրագրողներին չեն տեղեկացրել, որպեսզի նրանք չհրապարակե՞ն այս անօրինականությունը:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս