ԲՀԿ-Ն ՎՍՏԱՀ Է, ՈՐ ՀԱԿ-Ը ՆՊԱՏԱԿԱԿԵՏԻՑ ՉԻ ՇԵՂՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնի է՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ հրավիրված «Ոչ իշխանական քաղաքական եւ հասարակական ուժերի խորհրդաժողովը» տեղի կունենա փետրվարի 5-ին, «Մուլտի Գրանդ» հյուրանոցի կոնֆերանսների դահլիճում:

Հիշեցնենք, որ Գ. Ծառուկյանն այդ խորհրդաժողովը հրավիրել էր հունվարի 20-ին, սակայն այն հետաձգվեց` պայմանավորված Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած ողբերգությամբ: Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ, ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանի հետ՝ պարզելու համար, թե արդյո՞ք ԲՀԿ-ն կրկին չի որոշի հետաձգել համաժողովը, քանի որ այժմ էլ լարված իրավիճակ է սահմանում:
-Պարո՛ն Ուրիխանյան, ԲՀԿ-ն հետաձգեց հունվարի 20-ին հրավիրված խորհրդաժողովը՝ Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքերի հետ կապված: Նոր խորհրդաժողովի հրավիրյալները տեղյակ են, որ այն կայանալու է փետրվարի 5-ին, Դուք կրկի՞ն հրավիրատոմսեր եք ուղարկում նրանց:
-Չէ՛, հրավերներ նորից չեն ուղարկվում: Թերեւս բոլորն արդեն տեղեկացվել են, քանի որ կապ կա, մասնավորապես ինձ էլ մարդիկ զանգահարում են, ճշտում են, կազմկոմիտեն է տեղեկություններ տրամադրում, բոլորի հետ շարունակում է կապի մեջ մնալ: Իսկ երկրորդն էլ, իհարկե, լրացուցիչ անգամ կազմակերպչական աշխատանքների ցանկում դա կարվի:
-Այժմ լարված իրավիճակ է սահմանային գոտում, որը, կարծես թե, էսկալացիայի միտում ունի: Հնարավո՞ր է՝ այս իրավիճակից ելնելով՝ ԲՀԿ-ն դարձյալ հետաձգի խորհրդաժողովը, մինչեւ իրավիճակը կայունանա:
-Այն, ինչ տեղի է ունենում սահմանում, դա եւս արտաքին քաղաքականության հետեւանք է, սա իմ տեսակետն է, բայց կարծում եմ, որ դա ակնհայտ է: Որովհետեւ եթե Հայաստանը վարեր այլ կարգի եւ այլ մակարդակի արտաքին քաղաքականություն, միգուցե Ադրբեջանը այդ չափ լկտի չլիներ, նման կերպ չվարվեր: Բայց սա էլ այլ հարց է, խնդիրն այն է, որ համաժողովում մեկտեղվելու են բոլոր մտահոգությունները, երկրում առկա պրոբլեմները, այդ թվում՝ արտաքին քաղաքականության եւ Ադրբեջանի գործողությունների առընչությամբ՝ ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի, այսպես ասած, կիսապատերազմական վիճակում գտնվելու հարցի շուրջ: Նաեւ ուզում եմ այդ մասով ասել մեկ այլ բան, որ լրջագույնս քննարկվում են ե՛ւ այդ կիսապատերազմական վիճակը, ե՛ւ Ադրբեջանի ագրեսիայի արտահայտումներն ու Հայաստանի եւ հայ զինծառայողների վրա ազդեցությունները, ինչպես նաեւ՝ տնտեսական իրավիճակը, այսինքն՝ տնտեսական ճգնաժամը, դրանցից բխող այս բոլոր պրոբլեմները՝ կառավարման ձեւի ու կարգի տեսանկյունից: Այսինքն՝ սա հարց է, որը ե՛ւ քննարկվում է, ե՛ւ քննարկվելու է, սա խնդիր է, որի վրա հիմնվելով՝ նաեւ հիմնականում ոչ իշխանական ուժերը խոսում են Սահմանադրական բարեփոխումների ավանտյուրայի կամ էքսպերիմենտի անթույլատրելիության մասին եւ այլն: Այսինքն՝ Ձեր հարցի հետ կապված՝ ասեմ, որ դա քննարկելու հարց է, մտահոգության, բնականաբար, առաջնային աղբյուր է, եւ անշուշտ դրան պետք է անդրադարձ կատարվի համաժողովում:
-Արդեն հայտնի է, որ ԲՀԿ-ի հրավիրած խորհրդաժողովին ՀԱԿ-ը ներկա չի լինելու, ԲՀԿ-ի համար պա՞րզ է, թե ինչու է Ձեր գործընկերը բացակայելու այս կարեւոր խորհրդաժողովից, ինչո՞ւ ՀԱԿ-ը ԲՀԿ-ի «կողքին» չէ:
-Այնքան էլ այդպես չի, այսինքն՝ «մեր կողքին չի» ձեւակերպման հետ ես համաձայն չեմ: Իսկ թե ինչու չի մասնակցում կոնկրետ այս միջոցառմանը, դա մտածելու տեղիք չի տալիս, որովհետեւ իրենք բազմիցս պատճառաբանել են, կամ ավելի ճիշտ՝ բացատրել են եւ իրենց դիրքորոշումները ներկայացրել են: Սա առանձին վերցված մի միջոցառում է, ընդհանուր ռազմավարական, նպատակակետին հասնելու ճանապարհին: ՀԱԿ-ը քանիցս նշել է, որ երկկողմ եւ եռակողմ ձեւաչափով ԲՀԿ-ի հետ աշխատում, համագործակցում է: Առանձին մեկ միջոցառմանը նրանց չմասնակցելը վստահ եմ, որ չի նշանակում, թե նրանք, կարող է, հիմնական նպատակակետին հասնելու ճանապարհից փորձեն դուրս գալ կամ շեղվել:
-ՀԱԿ-ի` խորհրդաժողովին չմասնակցելու որոշումը ոմանց կողմից սուր քննադատության արժանացավ, անգամ նշվեց, թե ՀԱԿ առաջնորդ Լ. Տեր-Պետրոսյանը կրկին «քցեց» Գ. Ծառուկյանին: ԲՀԿ-ն այդ տեսակետի՞ն է:
-Ես կարող եմ ինֆորմացիա տալ ԲՀԿ-ի գործողություններից, ես իրավասու չեմ ինչ-որ հայտարարություններ մեկնաբանելու: Ես արդեն Ձեր հարցին պատասխանեցի` ՀԱԿ-ի համաժողովին մասնակցել-չմասնակցելու հետ կապված:

 

 

 

 

ՆԱԽԱՐԱՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԽՈՍՏՈՒՄՆ ՈՒ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ

Երեկ «Նաիրիտ»-ի աշխատակիցները կրկին փողոց էին դուրս եկել՝ իրենց աշխատավարձերի վճարման պահանջով: Մի քանի ժամ ՀՀ նախագահի նստավայրի մոտ սպասելուց հետո նաիրիտցիները որոշեցին այս անգամ էլ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության շենքը «պաշարել»: Նախարար Երվանդ Զախարյանի հետ հանդիպումից հետո էլ, սակայն, նաիրիտցիները հեռացան ձեռնունայն: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ մոտ երեք ժամ էլ նաիրիտցիների մի մասը քննարկում է ունեցել ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում, որին կից ստեղծվել էր «Նաիրիտի» գործով ենթահանձնաժողով:

Նախագահի նստավայրի մոտ մի քանի ժամ կանգնելուց եւ որեւէ արդյունք չստանալուց հետո երեկ նաիրիտցիները որոշեցին քայլերթով գնալ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարություն: «Մենք չենք ուզում դառնալ գաղթական» ցուցապաստառներով բողոքի մասնակիցները նախարար Երվանդ Զախարյանից պահանջում էին տեր կանգնել խոստմանը եւ աշխատավարձը վճարել: Վերջիններս շեշտեցին, որ մինչեւ իրենք բողոքի ակցիաներով հանդես չեն գալիս, իրենց աշխատավարձերը չեն վճարվում: Այդ պատճառով էլ իրենք ստիպված են լինում պարբերաբար նման ծայրահեղ քայլերի դիմել:
Նաիրիտցիներին, ի վերջո, հաջողվեց հանդիպում ունենալ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի հետ: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ «ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հանդիպել է «Նաիրիտ» գործարանի ներկայացուցիչների հետ՝ նրանց խնդիրները մեկ անգամ եւս քննարկելու նպատակով: Հանդիպման ընթացքում նախարար Երվանդ Զախարյանը կրկին տեղեկացրել է, որ աշխատավարձի գծով պարտքի մարման խնդիրը հնարավոր կլինի լուծել «Նաիրիտի» գույքի այն մասի օտարման արդյունքում, որը հետագա գործարկման ընթացքում գործարանին այլեւս պետք չի գա: Նախարարը նաիրիտցիներին խոստացել է նաեւ փետրվարի 2-ին գործարանում հանդիպել նրանց հետ ու ներկայացնել նրանց հուզող խնդիրների՝ աշխատավարձերի վճարման, պարտքի մարման ու «Նաիրիտի» հետագա գործարկման վերաբերյալ՝ այդ պահի դրությամբ եղած տեղեկատվությունը»:
Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին «Նաիրիտի»՝ երկու հազարից ավել աշխատակիցների մեծ մասը պաշտոնապես աշխատանքից ազատված է լինելու, մնալու են մոտ 400 աշխատակից:
«Ժողովուրդ»-ը փորձեց ԱԺ տնտեսական հարցերի եւ «Նաիրիտի» գործով ենթահանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանից պարզել, թե նաիրիտցիների հետ երեքժամյա քննարկումից հետո ինչ որոշում են կայացրել: Սակայն պատգամավորը կտրականապես հրաժարվեց որեւէ տեղեկություն ներկայացնել: Ըստ մեր տեղեկությունների՝ որեւէ կոնկրետ որոշում չի կայացվել, սակայն ենթահանձնաժողովի անդամները խոստացել են կրկին հանդիպել «Նաիրիտի» աշխատակիցների հետ:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

ԿԱԶԱՏԵՆ ԲԱՆԱԿԻՑ
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը Կառավարության՝ հունվարի 30-ին կայանալիք նիստի հաստատմանն է ներկայացրել 27-ամյա Մուսա Դալգատի Մուրտազալիեւին պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին որոշման նախագիծ: Նախագծին կից ներկայացված տեղեկանքի համաձայն՝ Մուսա Դալգատի Մուրտազալիեւին ՀՀ քաղաքացիություն է շնորհվել 2010 թվականի հունվարի 18-ին: Վերջինս Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքական թիմի անդամ է: Նա հանդես է եկել 74 կիլոգրամ քաշային կարգում, 2011-2014 թվականների Եվրոպայի առաջնությունների երկրորդ եւ երրորդ մրցանակակիր է, միջազգային մրցաշարերի հաղթող: Մուսա Դալգատի Մուրտազալիեւը ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքական թիմի կազմում նախապատրաստվում է մասնակցելու 2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք ամառային օլիմպիական խաղերին, ինչպես նաեւ՝ 2015 թվականի Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններին:

 

ԿՀՍԿԵՆ ԵՏՄ ԿԱՆՈՆՆԵՐԸ
Հայաստանի Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելուց հետո ՀՀ-ում պետք է գործեն նաեւ ԵՏՄ-ի տեխնիկական կանոնակարգերը: ՀՀ Կառավարությունը պատրաստվում է այդ տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման վերահսկողությունը վերապահել երկու գերատեսչությունների: ՀՀ Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի կողմից ՀՀ Կառավարության հաստատմանը ներկայացրած նախագծով ԵՏՄ տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնող մի լիազոր մարմին է լինելու ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, իսկ մյուսը` ՀՀ էկոնոմիկայի նախարարության՝ շուկայի վերահսկողության պետական տեսչությունը: Նախագծին կից հավելվածներով սահմանվում են նաեւ, թե այդ երկու կառույցներից յուրաքանչյուրը կոնկրետ որ ոլորտի տեխնիկական կանոնակարգերի պահպանման նկատմամբ պետք է վերահսկողություն իրականացնի:

 

ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԴԻԱԲԵՏՈՆ
ՀՀ Կառավարությունը հունվարի 30-ի նիստում կսահմանի 2015 թվականից մինչեւ 2019 թվականը դիաբետոն (գլիկլազիդ) 60 մգ դեղի գնման գործընթացը: Ըստ հաստատման ներկայացված նախագծի՝ Հայաստանի կարիքների համար ՀՀ առողջապահության նախարարության կողմից դիաբետոն 60 մգ դեղի խմբաքանակների գնումն իրականացվելու է ֆրանսիական «Լե Լաբողատուաղ Սեղվի» ընկերությունից` 1 հաբը 0,06 եվրո սակագնով` առանց ավելացված արժեքի հարկի: Եվրոյի ներկայիս փոխարժեքի պայմաններում` 1 եվրոն 550 դրամ է, մեկ հաբի արժեքը կկազմի 33 դրամ:




Լրահոս