ԲԱ ՈՒՐ ԷԻՆ ՄԵՐ ՍՓՅՈՒՌՔՆ ՈՒ ԲՅՈՒՋԵԻ ՀԱՇՎԻՆ ԱՊՐՈՂ ԴԵՍՊԱՆՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մի քանի տարի է, ինչ ՀՀ իշխանության ամենատարբեր ներկայացուցիչներ հրապարակային ու կուլիսային ելույթներում վստահեցնում են, թե ցեղասպանության 100-րդ տարելիցին պատրաստվել են ըստ արժանվույն: Նույնիսկ անցած տարվա օգոստոսին Ծաղկաձորում «Բազե-2014» համահայկական երիտասարդական հավաքի բացման արարողության ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասաց. «Ռեսուրս չենք խնայելու, որպեսզի ավելի ճոխ ներկայացնենք իրականությունն ամբողջ աշխարհին»: Իսկ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն էլ օրերս կայացած իր ասուլիսում հայտարարեց, թե ինքը ճառ ասող չի, այլ զանգ կախող է: Սակայն երեկ հերթական անգամ բախվեցինք իրականությանը եւ տեսանք, թե ինչքան անկազմակերպ ենք գործում մեր երկրի արտաքին ճակատում: Ստրասբուրգում ավարտվեց «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործի դատական լսումը, եւ այդ առիթով Եվրադատարանի դիմաց երեկ հավաքվել էին շուրջ 2.000 թուրքեր եւ ադրբեջանցիներ՝ Եվրոպայի մի շարք երկրներից: Նրանց գործողությունները նախապես կազմակերպված էին, ցուցարարների մեջ էին նաեւ դեսպաններ: Այսինքն՝ պետական մակարդակով թուրքերը պատրաստվել էին այդ վճռական դատին նաեւ շենքից դուրս: Իսկ Հայաստանից Եվրադատարանի առաջ մոտ 30 մարդ էր հավաքվել, պաշտոնատար անձինք էլ չկային: Բա հետո էլ ասում եք, թե «ճոխ զանգ կախողներ» եք:

 

 

 
Իշխանական կուլիսներում վաղուց քննարկվում է նախագահի իշխանական թեկնածուի, կամ այլ կերպ ասած՝ Սերժ Սարգսյանի «ժառանգորդի» հարցը: Իբրեւ առավել հավանական «ժառանգորդ» նշվում է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի անունը: Պարոն Օհանյանից «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե արդյո՞ք նա պատրաստ է եւ կցանկանա լինել Ս. Սարգսյանի «ժառանգորդ»ը: «Այսօր ՀՀ-ում գոյություն ունեն իշխանության բոլոր թեւերը եւ համապատասխան գործունեությունը ծավալում են: Մեր պատմության ընթացքում միակ ժամանակահատվածներից մեկն է, որ նրանք օրըստօրե զարգանում, կայունանում են, եւ դրա վրա է հիմնված Հայաստանի զարգացումը եւ անվտանգության ապահովումը: Պետական կառավարման համակարգում այսօր ունենք համապատասխան հիերարխիա, ես իմ տեղը զբաղեցնում եմ, իմ պարտականությունները բավականին շատ են, լայն են ու բավականին պատասխանատու, ես իմ գործը կատարում եմ եւ դեռ շատ-շատ գործ ունեմ կատարելու»,-ի պատասխան «Ժողովուրդ» օրաթերթին՝ ասաց Օհանյանը:

 

 

 

 
Գյումրիում տեղի ունեցած արյունալի դեպքերից հետո հայկական եւ ռուսական որոշ շրջանակներ սկսեցին քննարկել անգամ ռուսական ռազմաբազան ՀՀ-ից հանելու հարցը: «Ժողովուրդ»-ը ԱՄՆ դեսպանի ժամանակավոր հավատարմատար Ք. Փրայսին հետեւյալ հարցն էր ուղղել. «Եթե ՌԴ ռազմաբազան դուրս գա Հայաստանից, դատելով հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական լարված հարաբերություններից, եթե Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես դիմի ՆԱՏՕ-ին, ապա ՆԱՏՕ-ն պատրա՞ստ է պաշտպանել ՀՀ անվտանգությունը՝ այդ թվում Հայաստանում խաղաղապահ ուժեր տեղակայելով»: ԱՄՆ դեսպանատնից ստացել ենք հետեւյալ պատասխանը. «Հայաստանն արժեքավոր գործընկեր է ՆԱՏՕ-ի համար, եւ «Գործընկերություն հանուն խաղաղության» նախաձեռնության շրջանակում Հայաստանի ներգրավվածության աստիճանը կախված է ՀՀ Կառավարությունից: Ներկայումս Դաշինքում Հայաստանի անդամակցության հարց չի քննարկվում, քանի որ Հայաստանի կողմից նման հայտ չի ներկայացվել»: Այլ կերպ ասած՝ պաշտոնապես դիմեք, կքննարկենք:

 

 

 

 
Հայրենի պաշտոնյաներից ով չի ալարում, ստվերային տնտեսության դեմ պայքարելու մասին ելույթներ է ունենում: Միչդեռ Երեւանի Խորենացու փողոցում գործող ոսկու շուկան՝ ստվերային եկամուտներով, ՀՀ-ում կարող է համարվել ռեկորդակիր: Պարզվում է, որ այստեղ միայն զուգարաններից այնքան եկամուտ են ստանում, որքան հազարավոր ընկերություններ նույնիսկ ամսական չեն վաստակում: Տարբեր հաշվարկներով այս շուկայում իրենց օրն անցկացնում է մոտ 10 հազար մարդ: Շուկայում գործող երկու զուգարանի մուտքի գինը 100 դրամ է: Այսինքն՝ միայն զուգարանները շուկայի սեփականատիրոջն ապահովում են օրական շուրջ 1 միլիոն դրամի եկամուտ: «Ժողովուրդ»-ի հարցին, թե զուգարանից օգտվելու համար 100 դրամ գանձելը որքանով արդարացված է, շուկայի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանը պատասխանեց. «Աշխատողներն օրը մեկ անգամ են վճարում, այն էլ՝ օճառի համար: Երկու տարի այդ զուգարանը վճարովի չէր, խոլերանոց էր: Աշխատողները խնդրեցին վճարովի դարձնել»: Այդ «խնդրանքից» հետո Վաղարշը ամսական մոտ 30 մլն դրամ է ստանում:

 

 

 

ԱԶԱՏՈՒԹՅԱՆ «ՄԱՍԱՄԲ»-Ը ԼԱՎ ՉԷ

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը երեկ հրապարակել է «Ազատությունն աշխարհում 2015 թ» հերթական զեկույցը, որում Հայաստանը, ինչպես եւ վերջին տարիներին, գնահատվել է որպես մասամբ ազատ երկիր: Ըստ «Ֆրիդոմ հաուզ»-ի բնորոշման՝ մասամբ ազատ երկրներն այն պետություններն են, որտեղ բավարար հարգանք չի դրսեւորվում քաղաքական իրավունքների ու քաղաքացիական ազատությունների նկատմամբ, օրենքի իշխանությունը թույլ է, ու չնայած բազմակարծության որոշակի մակարդակ կա, այդուամենայնիվ, քաղաքական դաշտում գերիշխում է ընդամենը մեկ կուսակցություն։
Թեեւ մասամբ ազատ կարգավիճակը Հայաստանին տրվում է 2002 թվականից ի վեր, սակայն հեղինակավոր այս կազմակերպության մեթոդաբանությամբ դասակարգվող 7 բալանոց ցուցանիշներով մեր երկիրն իր դիրքերն էլ ավելի վատթարացրեց 2008թ. նախագահական ընտրություններից հետո` եւս 1 միավորով մոտենալով անազատ երկրների խմբին: Այս տարի, սակայն, Հայաստանը բարելավել է իր դիրքերը, եւ դարձյալ մեր երկրի քաղաքական համակարգի ազատությունը գնահատվել է 5 միավոր: Իսկ, ահա, քաղաքացիական ազատությունները գնահատված են ավելի բարձր` 4 միավոր:
Իհարկե, թեկուզ մեկ միավորով առաջընթացը ուրախալի է, սակայն եթե հաշվի առնենք, որ Հայաստանը նախկինում դասվել է ազատ երկրների շարքին, ապա այս ցուցանիշները պետք է որ մտահոգեն մեր երկրի իշխանություններին: Հատկապես որ մենք շարունակում ենք ազատությունների հարցում զիջել հարեւան Վրաստանին, որտեղ թե՛ քաղաքական, թե՛ քաղաքացիական ազատությունները գնահատվել են 3 միավոր:
Զեկույցում անազատ Ադրբեջանի եւ մասամբ ազատների հետնապահ Թուրքիայի մասին կոշտ գնահատականների կողքին սուր քննադատության է արժանացել նաեւ Ռուսաստանը եւ հատկապես ՀՀ-ի` ԵՏՄ-ին անդամակցությունից հետո, ըստ ամենայնի, հաջորդ տարի այդ գնահատականների մի մասը կպրոեկցվի նաեւ Հայաստանի վրա:
Այս տարվա զեկույցում մեզ համար դրականը, թերեւս, ԼՂՀ-ին տրված գնահատականներն են: Հիշեցնենք, որ վերջին չորս տարիներին Ղարաբաղը դասվում էր անազատ երկրների շարքին, այն դեպքում, երբ մինչ այդ համարվում էր մասամբ ազատ երկիր: Եվ, ահա, այս տարի ԼՂ-ն կրկին վերականգնել է իր դիրքերը` քաղաքական եւ քաղաքացիական ազատությունների համար ստանալով 5-ական միավոր: Հատկապես Ադրբեջանում ազատությունների խայտառակ հետընթացի ֆոնին սա շատ կարեւոր ձեռքբերում է, եւ ԼՂ իշխանությունները պարզապես պարտավոր են անել ամեն ինչ` Ղարաբաղի առաջընթացը շարունակական դարձնելու եւ ավտորիտար Ադրբեջանից տարբերությունն առավել ցցուն դարձնելու համար:




Լրահոս