Սիրված դերասան Ռաֆայել Քոթանջյանի կարծիքով` արվեստի ոլորտում կատարվող ներդրումները կակտիվանան այն դեպքում, երբ մեր երկրում արվեստին գումար հատկացնողները օրենքով ազատվեն հարկերից: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում դերասանը նկատեց, որ մենք քավոր-սանիկի երկիր ենք, ուստի մարդ պետք է կա՛մ ծանոթություն ունենա, կա՛մ էլ ինքը ճանաչված լինի՝ պետական ուշադրությանն արժանանալու համար:
-Պարո՛ն Քոթանջյան, Ձեր ներկայացումներն ընդգծված դաստիարակչական բնույթ ունեն, այնինչ՝ որոշ արվեստագետներ այսօր արդեն պնդում են, որ դա ամենեւին էլ թատրոնի գործառույթների մեջ չի մտնում, ի՞նչ կասեք:
-Ես զարմանում եմ այդ արվեստագետների ասածից. չէ՞ որ կատարսիսը, այսինքն՝ ինքնամաքրումը, թատրոնի առաջին սկզբունքն է, դրա մասին դեռեւս խոսել է Արիստոտելը: Թատրոն հասկացությունը կարող է աստիճանաբար դուրս մղվել մեր կյանքից, ինչի համար ինքներս ենք մեղավոր: Երբ ես երիտասարդ էի, թատրոնն անհրաժեշտություն էր այնպես, ինչպես գիրքը: Ու թեեւ գրքի դերն էլ այսօր բավական հետ է մղվել, այնուամենայնիվ, այն բոլորիս կյանքերում դեռ կա, իսկ, ահա, թատրոնը կարող է դառնալ ոչ անհրաժեշտ:
-Մի առիթով նշել եք, որ մենք աստիճանաբար կորցնում ենք թատրոնի հանդիսատեսին: Ինչո՞վ եք սա պայմանավորում, ի՞նչ նկատի ունեք:
-Որոշ ռեժիսորներ այն կարծիքին են, որ եթե հանդիսատեսը թերի զարգացած է, կամ մի քիչ անգրագետ, պետք է հաջորդ գործը ստեղծելիս դրա մակարդակն իջեցնել, որպեսզի այն հանդիսատեսին հասանելի լինի, զանգված չկորցնեն: Եվ, ահա, գրագետ հանդիսատեսը գալիս է, դիտում ներկայացումն ու հիասթափվում դրանից, այլեւս չի գնում թատրոն: Բանից դուրս է գալիս, որ երբ իջեցնում ենք տվյալ գործի մակարդակը, ոչ թե շահում ենք, այլ կորցնում ենք հանդիսատես, ընդ որում՝ լավ հանդիսատես:
-Հետաքրքիր է՝ ինչո՞ւ մինչեւ հիմա Ձեզ չենք տեսել սերիալներում: Կարծեմ՝ միայն մեկ անգամ հանդես եկաք Գոռ Վարդանյանի գործերից մեկում…
-Առհասարակ, ես դեմ չեմ սերիալին, եթե այն լավն է: Բայց պատկերացրեք մի այսպիսի իրավիճակ. տանտիրուհին ճաշ է պատրաստել չորս հոգու համար, հանկարծ հյուր են գալիս եւս չորսը, եւ նա ստիպված է ջուր ավելացնել դրան: Վերջում ճաշը վերածվում է ջրիկ մի բանի: Նույնը տեղի է ունենում սերիալների դեպքում, երբ փորձում են սյուժեն ձգել ու ձգել:
-Որոշ ժամանակ առաջ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը Ձեզ գումար էր տվել, որպեսզի ինչպես կամենում եք՝ ստեղծագործական նպատակներով տնօրինեք: Ի վերջո, ինչպե՞ս օգտագործեցիք այդ գումարը:
-Ես ժամանակին աշխատել եմ Կապանի թատրոնում եւ չգիտեմ՝ մարզպետի մանկական հիշողություններն են պատճառը, թե ուրիշ մի բան, նրա վերաբերմունքն իմ հանդեպ շատ ջերմ է: Մի օր նա առաջարկեց ինձ ինչ-որ բանով օգտակար լինել: Ու քանի որ միտք ունեինք նկարել «Քաջ Նազարը», նա պատրաստակամություն հայտնեց օգնել հետաքրքիր գործ ստանալու հարցում: Աշխատանքներն այժմ ընթացքի մեջ են: Մոտ ժամանակներս արդյունքը կերեւա:
-Դուք մի սերնդի ներկայացուցիչ եք, ում օրոք մի քանի անգամ իշխանություններ են փոխվել՝ նախարարներ, քաղաքապետներ… Նրանցից որի՞ գործելաոճում եք արվեստի նկատմամբ հետարքրություն նկատել:
-Մեր պետական այրերն ավելի շատ գնահատում եւ վստահում են կոնկրետ անձերի, ինչը վատ չէ: Կարծում եմ՝ արվեստի ոլորտում կատարվող ներդրումները կակտիվանան այն դեպքում, երբ օրենք ընդունվի, ըստ որի՝ այդ ոլորտին գումար հատկացնող անձը կազատվի հարկերից:
-Դա, թերեւս, կնպաստի, որ շատանան մասնավոր ներդրողները: Իսկ պետական մակարդակով ուշադրության կարիք չե՞ք զգում:
-Մենք քավոր-սանիկի երկիր ենք: Մարդ պետք է կա՛մ ծանոթություն ունենա, կա՛մ ինքը ճանաչված լինի՝ նման ուշադրության արժանանալու համար: Ի դեպ, կարծում եմ, որ եթե արվեստի ոլորտի ներդնողներն ազատվեն հարկերից, պետական վերաբերմունքն էլ այս ոլորտի հանդեպ այլ կլինի:
-Կյանքի այս փուլում ինչի՞ մասին եք խորհում, հիմա ո՞րն եք համարում Ձեր առաքելությունը:
-Ասում են՝ մարդ իր կյանքի առաջին երեսուն տարում պետք է սովորի, երկրորդ երեսունում՝ ճամփորդի, իսկ երրորդում՝ իր փորձը կիսի մատաղ սերնդի հետ: Ինձ մոտ այնպես է ստացվել, որ կյանքիս թե՛ առաջին, թե՛ երկրորդ երեսուններում ե՛ւ սովորել եմ, ե՛ւ ճամփորդել:Հիմա՝ վաթսունից հետո, եկել է իմացածը փոխանցելու ժամանակը: Դասավանդում եմ թատերական ինստիտուտում, կուրս ունեմ: Ուզում եմ՝ սաներս ինքնուրույն մասնագետներ եւ լավ մարդիկ դառնան:
ԿԱՐԾԻՔՆԵՐ ՎԱՐԴԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԴԱՏԱՎՃՌԻՑ ՀԵՏՈ
Հունվարի 29-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Վաղինակ Մկրտչյանի նախագահությամբ, հրապարակվեց դերասան Վարդան Պետրոսյանի գործով դատավճիռը: Նա դատապարտվեց 5 տարվա ազատազրկման: Այս որոշումից հետո հայ հանրության շրջանում բողոքի ալիք բարձրացավ. մարդիկ պնդում են, որ դատարանի կայացրած վճիռն անարդար է: Այս կապակցությամբ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում իրենց կարծիքներով են կիսվել որոշ արվեստագետներ:
Հայտնի դերասան Գուժ Մանուկյանը, օրինակ, այն համոզման է, որ արվեստագետին այդպես միանգամից ոչնչացնելն անթույլատրելի բան է. «Միանշանակ, այն կարծիքին եմ, որ արվեստագետին «ջնջելը» նշանակում է խորտակել նրա ապագան: Հինգ տարին քիչ բան չէ»:
Գուժ Մանուկյանը դատարանի կայացրած որոշման մեջ դիտավորություն է տեսնում. «Չեմ ուզում խորանալ մանրամասների մեջ, բայց այդ վճիռն իր մեջ վրեժխնդրության պես մի բան էր պարունակում»,- նկատեց նա:
Սիրված դերասանուհի, սցենարիստ, բեմադրիչ Լալա Մնացականյանն էլ խոստովանեց, որ մինչեւ վերջին վայրկյանը հույս է ունեցել, որ «գոնե մի պատառ արդարությունը կգործեր»: «Ես չէի սպասում, որ Վարդանին հինգ տարվա ազատազրկման կենթարկեին, կարծում էի՝ այս պատմությունը հեքիաթի պես լավ ավարտ կունենար: Ամեն դեպքում, հույս ունեմ, որ դերասանը համաներման շնորհիվ ազատ կարձակվի»:
Դերասանուհու խոսքով՝ մարդկանց կոտրելու միտումն այսօր գերիշխող է ամեն ոլորտում. «Այնքան ճչացող է այս մթնոլորտում տիրող անարդարությունը, որ ստիպված դու ես լռում»,- նկատեց Լ. Մնացականյանը:
Իսկ ռեժիսոր Սուրեն Թադեւոսյանը, անդրադառնալով այն հանգամանքին, որ Վարդան Պետրոսյանին ազատազրկելուն զուգընթաց ազատ էր արձակվել «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանը (Զապ), կարծիք հայտնեց, որ դա խոսում է մեր երկրում տիրող իրավիճակի եւ մոտեցումների մասին. «Տեղի է ունեցել շատ ցավալի դեպք, որից չի կարելի թատրոն սարքել: Ես Աստծուն խնդրում եմ, որ այս ամենը դերասանին վերջնականապես կոտրած չլինի, եւ նա չհրաժարվի իր գործից»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ հայտնի դերասանի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել 2013թ. հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երեւան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի փաստով, երբ Վ. Պետրոսյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենան բախվել էր «Նիվա» մակնիշի մեքենային: Դրա հետեւանքով «Նիվա»-ի երկու անչափահաս ուղեւորները՝ Էդգար եւ Էդուարդ Հակոբյանները, մահացել էին:
Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ
ՀՅՈՒՐԱԽԱՂԵՐ ԱՄՆ-ՈՒՄ ԵՎ ԿԱՆԱԴԱՅՈՒՄ
Համազգային պետական թատրոնը Համազգային հայ կրթական եւ մշակութային միության եւ Կանադայի շրջանային վարչությունների հրավերներով այս տարվա փետրվարին հյուրախաղերով կմեկնի ԱՄՆ եւ Կանադա: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, Կալիֆորնիայի Լոս Անջելես քաղաքում փետրվարի 3-8-ն անցկացվող թատերական փառատոնին կներկայացվի Վ. Սարոյանի «Փրկության կղզի», Հայոց եղեռնի զոհերի հիշատակին նվիրված՝ Մ. Խերանյանի «Շխոնց Միհրան», Ա. Սիմոնյանի «44 աստիճանի վրա», Ռ. Մարուխյանի «Ամենալավ տունը» ներկայացումները, իսկ Սան-Ֆրանցիսկոյում փետրվարի 15-ին՝ «44 աստիճանի վրա» ներկայացումը: Փետրվարի 21-ից մարտի 1-ը Տորոնտո եւ Մոնրեալ քաղաքներում թատրոնը հանդես կգա «Փրկության կղզի» եւ «44 աստիճանի վրա» ներկայացումներով:
ԵՐԿՐՈՐԴ ՈՐԴԻՆ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ
Հայտնի էր, որ երգչուհի Շակիրան եւ ֆուտբոլիստ, կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն պատրաստվում էին երկրորդ անգամ ծնողներ դառնալ: Արտասահմանյան ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ ծնվել է զույգի երկրորդ երեխան: Շակիրան ամուսնուն կրկին որդի է պարգեւել: Նա լույս աշխարհ է եկել Բարսելոնայում:
Հիշեցնենք, որ 37-ամյա երգչուհին եւ 27-ամյա ֆուտբոլիստը եւս մեկ որդի ունեն: Միլանն արդեն երկու տարեկան է: Իսկ նորածնի անունը դեռ հայտնի չէ: Ի դեպ, զույգը դեռեւս չի օրինականացրել հարաբերությունները:
ՔԱՐԴԱՇՅԱՆԻ ԴՈՒՍՏՐՆ ԷԼ ԱՍՏՂ Է
Ամերիկյան ռեալիթի շոուների աստղ, հայազգի մոդել Քիմ Քարդաշյանի ամուսինը՝ ռեփեր Քանիե Ուեսթը, ներկայացրել է իր նոր «Only One» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը, որտեղ գլխավոր հերոսուհու դերում նրանց դուստրն է՝ Նորթը: Տեսահոլովակի պրեմիերան կայացել է Էլեն Դեջեներեսի շոուի ժամանակ: Հոլովակում պատկերվում է, թե ինչպես է ռեփերն աղջկա հետ զբոսնում, երբ անսպասելի կերպով անձրեւ է սկսվում, եւ նա հոգատարությամբ պաշտպանում է դստերն ու երգում: Ուեսթը շոուի ժամանակ նշել է, որ Քարդաշյանի եւ իրենց դստեր շնորհիվ ինքն ավելի լավ մարդ է դարձել: