ԲԱԼԻ՛Կ ՋԱՆ, ԶԳՈ՛ՒՅՇ ԵՂԻՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am լրատվական կայքի «Հատուկ կարծիք» հաղորդաշարի հյուրն է հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը, որը մեզ հետ զրույցում նշեց, որ ինքը երբեք չի հայհոյել իշխանություններին. «Իմ գրած ցանկացած խոսքի համար ես ունեմ պատասխան: Բնավ չեմ վախենում, որ կկորցնեմ: Եթե իշխանությունը քեզ պիտի զրկի ինչ-որ բանից, որ դու մտահոգվել ես քո ժողովրդի համար, ուրեմն թող զրկի»:
-Հարգելի՛ Լուսինե, վերջին շրջանում նկատում ենք, որ Ձեր Facebook-յան պատին գրառումներ եք կատարում` քննադատելով իշխանություններին: Ըստ Ձեզ՝ ի՞նչն է խանգարում մեր իշխանություններին փոխվել:
-Սա շատ լուրջ հարց է: Քաղաքականության մեջ այդքան խորացած չեմ: Ինքս ոչ թե քաղաքական տեսանկյունից եմ քննադատում երեւույթները, այլ քաղաքացու: Իրականում քաղաքականության մեջ խորամուխ լինելու համար պետք է լուրջ գիտելիքներ ունենալ: Դեռեւս չեմ պատրաստվում քաղաքական ոլորտ մտնել, սահմանափակվում եմ հասարակականով, բայց դե կյանք է, ամեն ինչ էլ սպասելի է: Չգիտեմ՝ ինչն է խանգարում մեր իշխանություններին փոխվել: Միայն կարող եմ որպես ՀՀ քաղաքացի ասել, որ մենք շատ սխալներ արեցինք, շատ-շատ, եւ այդ ամենը մեկ օրում հեղափոխություն անելով չենք լուծի, եթե ավելի շատ չվատացնենք: Այսօր մենք պետք է քաղաքացու դաստիարակենք: Մենք պետք է հիմքը դնենք ճիշտ քաղաքացի դաստիարակելու համար, որովհետեւ քաղաքացու ծոցից է քաղաքական գործիչ ծնվում: Թող ինձ ներեն, իհարկե, եղածների մեջ ես չեմ տեսնում մեկին, որ ասեմ՝ այո՛, սա է իմ առաջնորդը, այլընտրանք չեմ տեսնում: Երբ մարդիկ ասում են՝ եկե՛ք պայքարենք, փոխենք, ասում եմ՝ դե ցո՛ւյց տվեք մեկին, որը կլինի փոխարինող, եւ ես պատրաստ եմ թողնել ամեն ինչ եւ պայքարել ձեզ հետ: Կրկնում եմ՝ եկե՛ք ճիշտ քաղաքացի դաստիարակենք, եւ այդ քաղաքացու միջից դուրս կգա մեկը, որը կլինի առաջնորդ:
-Բոլոր նրանք, ովքեր քննադատել են իշխանություններին, հայտնվել են փողոցում: Չե՞ք վախենում, որ մի օր Ձեր կարգավիճակն էլ կփոխվի:
-Ընկերներս, ծանոթներս խորհուրդ են տալիս, թե ա՛յ բալիկ ջան, զգո՛ւյշ եղիր: Ես ի՞նչ եմ ասում, ես երբեք չեմ հայհոյում իշխանությանը: Իմ նպատակն իշխանությանը բարոյազրկելը չէ: Իշխանությանը բարոյազրկել չի կարելի: Այսօր Facebook-ում քննադատում են իշխանություններին, բայց ես դա չեմ անում, ես բարձրացնում եմ խնդիր: Անձամբ չեմ վիրավորում որեւէ մեկին: Իմ գրած ցանկացած խոսքի համար ես ունեմ պատասխան: Բնավ չեմ վախենում, որ կկորցնեմ: Եթե իշխանությունը քեզ պիտի զրկի մի բանի համար, որ դու մտահոգվել ես քո ժողովրդի համար, ուրեմն թող զրկի: Պարզապես ասում եմ, որ ես դրա առիթը չեմ տալիս:
-Հիշում եք, որ Շուշան Պետրոսյանն իշխանություններին հակառակ տեսակետ չէր հայտնում, եւ այսօր տեսնում ենք, որ նա հայտնվեց խորհրդարանում: Շոու բիզնեսի ներկայացուցիչների միակ նպատակը խորհրդարանում հայտնվե՞լն է:
-Չէ՛, չեմ կարծում, գուցե շատերի համար ցանկալի վայր է, բոլորն էլ ձգտում են իրենց կյանքում մի դիրքի հասնել: Միայն մի բան կարող եմ ասել. սիրտս ցավում է, երբ Շուշան Պետրոսյանին անընդհատ փնովում են: Մեր ժողովուրդը մոռանում է, որ առաջին հերթին գործ ունի հայ կնոջ հետ: Կին, որը մեծացնում է 2 զինվոր: Վիրավորել նրան այն բանի համար, որ դու վիրավորված ես Հանրապետական կուսակցությունից, անհեթեթ եմ համարում: Այսօրվա հիվանդ հասարակության մեջ հնարավոր չէ: Դժվար է վերականգնվել այս ամենից հետո: Մի քիչ բարի է պետք լինել:
-Առջեւում նախագահական ընտրություններն են: Սերժ Սարգսյանը միանշանակ կառաջադրվի: Դուք կո՞ղմ եք, որ նա առաջադրվի:
-Ինձ համար միեւնույն է:
-Ո՞րն է ելքը՝ մեր երկրում առկա իրավիճակից դուրս գալու համար:
-Պոկվել Երեւան քաղաքից ու մտածել Հայաստանի մասին: Մարզերից բոլորը եկել եւ կենտրոնացել են Երեւանում: Այդ ճնշման տակ երեւանցիները փախչում են արտասահման: Մարզերում վիճակը ծայրահեղ ծանր է, ապրել հնարավոր չէ: Շենացրե՛ք ծայրամասերը, թող մարդիկ ապրեն իրենց տներում, ծառ տնկեն, իրենց հողը շենացնեն:

 Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ




Լրահոս