ՀԱՐՑ. Շաբաթ օրը Երեւանի կենտրոնական փողոցներից մեկում ականատես եղա, թե ինչպես են ոստիկանական մեքենաներն ուղեկցում հարսանյաց հանդեսի ավտոշարասյանը: Արդյոք դա վճարովի ծառայություն է, եւ ոստիկանությունն իրավունք ունի՞ հարսանյաց հանդես ուղեկցել:
ՊԱՏԱՍԽԱՆ. Ի պատասխան քաղաքացի Ալեն Բաբայանի հարցման` հայտնում ենք հետեւյալը. հարսանյաց արարողությունների ժամանակ Հայաստանի Հանրապետության ճանապարհային ոստիկանության կողմից ինչպես վճարովի, այնպես էլ անվճար ավտոշարասյուների ուղեկցում չի իրականացվել եւ չի իրականացվում:
կապերի եւ լրատվության վարչություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այն, որ ոստիկանությունը հերքում է մեր ընթերցողի տեսածն ու պատմածը, փոքր-ինչ կասկածահարույց է: Մարդը եթե սեփական աչքով ականատես չլիներ ոստիկանական մեքենաների ուղեկցությամբ կազմակերպվող հարսանյաց հանդեսին, հաստատ չէր զարմանա ու խմբագրությանը չէր տեղեկացնի: Այլ հարց է, որ օրենքն արգելում է պետավտոտեսուչների մասնակցությունը խրախճանքին, ու տվյալ դեպքում հավանաբար ոստիկանները նշված միջոցառման մասնակիցների ազգականներից են եղել ու այդ կերպ են պատվել տոնական օրվա հերոսներին: