Այսօր հակառակորդի դիպուկահարի արձակած կրակոցից վիրավորված 85-ամյա ծերունուն տեղափոխում են Երևան՝ Կենտրոնական զինհոսպիտալ: Այս մասին հայտնեց Բերդի հոսպիտալի պետ Էդիկ Գրիգորյանը, ում փոխանցմամբ վիրավորված Լևոն Անդրեասյանի վիճակը միջին ծանրության է. նա վնասվածք է ստացել ծնկի հատվածում:
Իսկ դեպքը տեղի է ունեցել այսպես. հակառակորդի գնդակը «ընդունելուց» հետո վիրավորված ծերունին ինքն է իր մեջ ուժ գտել, ընկած տեղից բարձրացել, նստել ավանակի սայլակին, կապել վիրավոր ոտքն ու տուն հասել: Ավելին՝ հրազենային վիրավորում է ստացել նաև ավանակը, բայց հավատարիմ կենդանին տիրոջը տուն է հասցրել:
Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանը հայտնեց, որ կրակոցի ժամանակ Լևոն Անդրեասյանը գտնվել է գյուղից ներքև գտնվող իր այգում: Նրա երկու տղաները Երևանում են և շտապում են Կենտրոնական հոսպիտալ:
Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 11.30-ի սահմաններում Մովսես գյուղի այգիներում կատարվող գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ ադրբեջանական կրակից վիրավորվել է այդ գյուղի բնակիչ, 1931թ. ծնված Լևոն Հովակիմի Անդրեասյանը: Ադրբեջանցի դիպուկահարի գնդակը դիպել է նրա ծնկին: