ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին: Հանդիպմանը մասնակցում էր նաև դեսպանի տեղակալ Նիկոլա Ֆայը:
Զրույցի ընթացքում դեսպանը նշեց, որ Ֆրանսիան ընդունել է ցեղասպանությունից հրաշքով փրկված բազմաթիվ հայերի, և այսօր 500 000-անոց հայկական համայնքի ներկայացուցիչները գործունյա են, շատ լավ կազմակերպված և լիովին ինտեգրված ֆրանսիական իրականությանը: Նա փաստեց, որ Ֆրանսիայի գնահատանքը արտահայտվեց հայկական կազմակերպությունների ամենամյա հավաքին Ֆրանսիայի նախագահ Ֆ. Օլանդի մասնակցությամբ և այնտեղ հնչած նրա խոսքով: Հայկական համայնքը հայ-ֆրանսիական հարաբերությունների բարձր մակարդակի մասին վկայող կարևոր օղակ է:
Դեսպանը կարևորեց տնտեսական հարաբերությունների զարգացումը և համագործակցության հետագա խորացումը և այդ գործընթացում ֆրանսիայի հայկական համայնքի ներուժի արդյունավետ օգտագործումը:
Շնորհավորելով Ֆրանսիայի դեսպանին պաշտոնավարման առիթով` նախարար Հրանուշ Հակոբյանը ասաց. «Ուրախ եմ, որ Դուք կարևորում եք տնտեսական համագործակցությունը, ցանկալի կլիներ, որ այն կարողանայինք բարձրացնել մեր երկրների քաղաքական երկխոսության մակարդակին:
Պատահական չէ, որ «Շարլի Էբդոյիե ողբերգությունը մեր ժողովուրդը համարեց իր ցավը: Այդ առիթով ես ևս իմ խորին ցավակցությունն եմ հայտնում: Այդ կրակոցներն ուղղված էին ոչ միայն խոսքի ազատության, այլև մարդկության և բարձր ժողովրդավարության հասած ժողովրդի դեմ: Ակնհայտ է, որ այսօր ոչ մի երկիր ապահովագրված չէ նման ահաբեկչական գործողություններից: Մենք բոլորս միասնաբար պետք է պայքարենք այդ չարիքի դեմ: Ես առնչվում եմ աշխարհի 100 երկրի 7 մլն. հայության հետ: Պետք է ասեմ, որ ֆրանսիահայերն առանձնահատուկ հպարտությամբ են խոսում իրենց և՛ ազգային արմատի, և՛ Ֆրանսիայի քաղաքացի լինելու մասին, որը հրաշալի է բանաձևել աշխարհահռչակ շանսոնյե Շարլ Ազնավուրը` ասելով,- «Ես 100 տոկոսով ֆրանսիացի եմ և 100 տոկոսով` հայ եմ»:
Նախարար Հրանուշ Հակոբյանը ներկայացրեց այն աշխատանքները, որոնք տարվում են Ֆրանսիայի առևտրաարդյունաբերական պալատների, մասնավորապես Մարսելի պալատի հետ: Նա կարևորեց Հայ առևտրաարդյունաբերական պալատների ցանցի (ՀԱՑ) գործունեությունը, որի մասնաճյուղերը տարածված են աշխարհի տարբեր երկրներում, և որի վերջին երկու համաժողովները կայացել են Փարիզում և Մարսելում, իսկ 2015թ. մայիսին համաժողովը կկայանա Երևանում:
Նախարարը հույս հայտնեց, որ դեսպանը կմասնակցի համաժողովին և իր հեղինակավոր խոսքով կոգևորի գործարարներին, որը կնպաստի ինչպես նոր ներդրումներ բերելու Հայաստան, այնպես էլ երկու պետությունների առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը:
Նախարարն անդրադարձավ նաև Հայաստանում Ֆրանսիական համալսարանի հետ նախարարության համագործակցությանը և նշեց, որ ուսանողները կարող են իրենց պրակտիկան անցկացնել Սփյուռքի նախարարությունում` նպաստելով նախարարության կայքերի և էլեկտրոնային պարբերականի ֆրանսերեն տարբերակի ստեղծմանը:
Նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորեց ապրիլի 24-ին Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի մասնակցությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին:
Նա ներկայացրեց նաև Մարսելում Հայաստանի տարվա միջոցառումները:
Դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն շնորհակալություն հայտնեց առանձնահատուկ ջերմ ընդունելության համար և իր գոհունակությունը հայտնեց հայ-ֆրանսիական գործարար կապերի և առևտրատնտեսական հարաբերություննների զարգացման ուղղությամբ կատարված աշխատանքնեի վերաբերյալ:
Վերջում նախարար Հրանուշ Հակոբյանը հյուրերին նվիրեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ անմոռուկը և աշխարհի տարբեր երկրներում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշակոթողների` «Ցավի, հիշողության և պայքարի կոթողներե պատկերագիրքը: