Ոռոգման ջրի դիմաց պետք է ներդրվի հաշվիչ դրամարկղային մեքենաների համակարգը: Ջրօգտագործող ընկերությունները սպառողներին պետք է տրամադրեն ՀԴՄ կտրոններ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման առաջարկությամբ հանդես է եկել ՀՀ Ագրարագյուղացիական միության նախագահ Հրաչ Բերբերյանը:
Նրա խոսքով՝ պետք է փոխվի գյուղացու ձեռքից գումարը վերցնելու, այդ գումարը բանկ տանելու, բայց հետո անդորրագիր չտրամադրելու շղթան. “Կարծում եմ` պարզ չէ, այդ գումարները նպատակային են օգտագործվում, թե ոչ: Թող այդ ՀԴՄ-ն իրենց վզներից կախեն, ոնց որ ավտոկայանատեղիներում”: Բերբերյանը տարօրինակ համարեց այն հանգամանքը, որ գյուղացիներից ոռոգման ջրի վարձերը գալիս են հավաքելու հենց դաշտերում` ի տարբերություն կոմունալ մյուս վճարումների: Հարցի լուծման համար Հ. Բերբերյանը առաջարկում է, որ գյուղացիները պայմանագիր կապեն ոչ թե Ջրօգտագործող ընկերությունների, այլ այլ ջրառի հետ. “Գյուղապետարաններում պետք է դրվեն համապատասխան սարքավորումներ, որոնց միջոցով գյուղացին ոռոգման ջրի դիմաց իր վճարումները կկատարի: Մարդիկ էլ ՋՕԸ-ի աշխատակիցներին չեն տա վճարվող գումարը, որն էլ կտանի բանկ, ու պարզ չէ կբերի անդորրագիրը, թե ոչ”: