Ինչպես Armlur.am-ն արդեն հայտնել էր, այսօր պետք է տեղի ունենար Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) սցենարով և ֆինանսական միջոցներով նկարահանած «Հիշողություն» ֆիլմի պրեմիերան, որը նվիրված է Հայոց Ցեղասպանության 100-ամյակին:
Հայտնի է, որ կինոթատրոններն անհայտ պատճառներով հրաժարվել են ցուցադրել ֆիլմը, իսկ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով ֆիլմն առգրավված է: Հակոբ Հակոբյանի կալանավորումից հետո ֆիլմի ճակատագիրը մնացել է անհայտ:
«Հիշողություն» ֆիլմում նկարահանվել են մի շարք հայտնի դերասաններ՝ Լուիզա Ղամբարյանը, Արա Դեղտրիկյանը, Արտաշես Ալեքսանյանը և այլք: Armlur.am-ը զրուցեց դերասանուհի Լուիզա Ղամբարյանի հետ՝ պարզելու համար, թե որքանով է դերասանուհին մտահոգված ֆիլմի ճակատագրով և ստեղծված իրավիճակով:
«Իմ հետաքրքրությունը տվյալ ֆիլմի հանդեպ սկսվել և վերջացել է նկարահանման սկզբում և վերջ: Թե ինչ ճակատագիր կունենա ֆիլմը, թե ինչ գործողություններ, հետևանքներ կլինեն, որպես այդ նախագծում հանդես եկող դերասանուհի և միայն ու միայն դերասանուհի ինձ վրա չի ազդում, նաև չի հետաքրքրում: Ես միմիայն պատասխանատու եմ իմ աշխատանքի համար: Թե ինչու է հետաձգվել, ինչ է տեղի ունեցել ֆիլմի սցենարիստի հետ, ես երևի այդ մասին մտածում եմ ավելի քիչ, քան դուք», – ընդգծեց դերասանուհին:
Լ. Ղամբարյանը նշեց, թե ո՛չ ֆիլմի նկարահանման աշխատանքների ընթացքում, ո՛չ էլ այժմ որևէ վտանգ չի տեսնում: Նրա խոսքով, այսպիսի ֆիլմերը ոչ մի դեպքում չեն կարող որևէ վտանգ պարունակել՝ կարող են կա՛մ ընդունվել, կա՛մ ոչ:
«Աշխարհում շատ գեղարվեստական ֆիլմեր են նկարահանվել, որոնք ունեցել են ավելի ուժեղ մարտավարական բովանդակություն: Սա ընդամենը աշխատանքն է և վերջ, ի՞նչ վտանգ պետք է հիմա էլ ներկայացնի: Ֆիլմը կամ պետք է արժանանա քննադատությունների կամ դրական խոսքերի», – հավելեց նա:
Նշենք, որ մինչ այժմ կազմակերպվել էին միայն ֆիլմի փակ դիտումներ, որից հետո ավելի շատ բացասական խոսքեր էին հնչում՝ հատկապես ֆիլմում առկա դաժան տեսարանների պատճառով: