Իսկ որտեղի՞ց գիտեք, թե դուք արտահայտում եք հայ ժողովրդի միասնական կամքը. Լևոն Տեր-Պետրոսյան. «ՉԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չորրորդ ինքնաիշխանություն» թերթը գրում է. «ՀՀ Առաջին նախագահ, Հայ ազգային Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հեղինակած հոդվածը` ստորև.

Վերջին շրջանում տեղի ունեցած բուռն իրադարձությունների` Գյումրու ողբերգության, Բերձորի բարբարոսության եւ փոքր ձեռնարկատիրության ներկայացուցիչների տպավորիչ ընդվզման պատճառով «Ցեղասպանության 100-րդ տարելիցի հռչակագիրը», կարելի է ասել, լիակատար անուշադրության մատնվեց, մինչ այլ հանգամանքներում այն, անտարակույս, հասարակական լայն արձագանքի կարժանանար: Լրացնելու համար այդ բացը, կցանկանայի որոշ դիտողություններ ու մտահոգություններ արտահայտել հռչակագրի բովանդակության վերաբերյալ` ոչ ամենեւին որեւէ մեկին մեղադրելու կամ խնդիրը ներքաղաքական շահարկումների առարկա դարձնելու մտադրությամբ, այլ բացառապես այդ կարեւոր փաստաթղթի բնագիրը բարելավելու նպատակով:

1. Հռչակագրի առաջին իսկ պարբերության մեջ արձանագրվում է, որ «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը, համախորհուրդ սփյուռքում գործող տարածաշրջանային հանձնաժողովների հետ», արտահայտում է «հայ ժողովրդի միասնական կամքը» (նույն միտքը կրկնվում է նաեւ հռչակագրի 6-րդ կետում): Ես չեմ պատկերացնում, թե ինչպես «Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող» զուտ կազմակերպական բնույթի մի հանձնաժողով, որքան էլ ներկայացուցչական, կարող է արտահայտել հայ ժողովրդի միասնական կամքը: Եվ ընդհանրապես, գոյություն ունի՞, արդյոք, մի մարմին, որն այդ կամքը կարող է արտահայտել: Դժբախտաբար թե բարեբախտաբար, որեւէ մարմին կամ կառույց համայն հայության անունից չի կարող խոսել: Հայաստանի եւ Ղարաբաղի նախագահներն իրավունք ունեն խոսել միայն իրենց երկրների կառավարությունների, եկեղեցու առաջնորդները` սեփական իրավազորության ենթակա համայնքների, իսկ քաղաքական եւ հասարակական կազմակերպությունները՝ իրենց համագումարների անունից: Ողջ հայ ժողովրդի` իրավական ուժ ունեցող միասնական կամքը կամ կարծիքը կարող է արտահայտել միայն համահայկական հանրաքվեն, որի կազմակերպումը, հասկանալի պատճառներով, անհնար է: Հռչակագիրը ոչ թե հրապարակախոսական կամ քաղաքական մանիֆեստ է, այլ իրավական փաստաթուղթ, ուստի պետք է միանգամայն համարժեք լինի իր բնույթին:

Քանի որ այն առաջին հերթին ուղղված է միջազգային հանրությանը, ապա բացառված չէ, որ այդ հանրությունից որեւէ մեկը կարող է հարցնել. «Իսկ որտեղի՞ց գիտեք, թե դուք արտահայտում եք հայ ժողովրդի միասնական կամքը»: «Մի՞թե պարզ չէ» կամ «ինքնըստինքյան հասկանալի է» տիպի պատասխանները միայն քմծիծաղ կառաջացնեն: Հետեւաբար, հռչակագիրը շատ ավելի ծանրակշիռ նշանակություն ձեռք կբերեր եւ լրջագույն իրավական-քաղաքական փաստաթղթի արժեք կունենար, եթե համայն հայության անունից խոսելու հավակնություն ունեցող մի անդեմ հանձնաժողովի փոխարեն, հրապարակվեր Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի նախագահների, Ամենայն Հայոց կաթողիկոսի, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի, ինչպես նաեւ` Հայ Կաթողիկե եւ Հայ Ավետարանական եկեղեցիների առաջնորդների ստորագրությամբ»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս