Ստորև ներկայացնում ենք ներքաղաքական վերջին իրադարձությունների շուրջ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հետ հարցազրույցը.
-ՀՀԿ –ն ԲՀԿ-ին պատերա՞զմ է հայտարարել:
-Պատերազմի հետ այդպես թեթևորեն մի խաղացեք, պատերազմ միմյանց հայտարարում են թշնամի երկրները: Քաղաքական դաշտում պատերազմներ չեն լինում՝ որքան էլ փորձեն խոսքը պատկերավոր կամ տպավորիչ դարձնել: Եթե իրականության դաշտ վերադառնանք, պատերազմի, համընդհանուր մոբիլիզացիայի, հաղթանակի մասին խոսում են մեր այլընտրանքային գործընկերները: Իրենց ստեղծած իրավիճակի անելանելիությունը և մեր վճռականությունը տեսնելով:
Նախագահ Սերժ Սարգսյանը ընդգծեց, որ ԲՀԿ- ում կան հայրենասեր, գրագետ, աշխատող մարդիկ, ովքեր կարող են մեջք մեջքի կանգնել երկրի դեմ ծառացած մարտահրավերներին դիմակայելու ու շեշտեց կոնսոլիդացիայի և համախմբման ոչ միայն անհրաժեշտության, այլև, վստահաբար՝ հնարավորության մասին: Քաղաքական դաշտի այսօրինակ մաքրումը, քաղաքական դաշտում քաղաքական գործիչներին տեղ բացելու այս գործընթացը դրանով է պայմանավորված և այդ նպատակն ունի:
Երկրին պետք է ոչ թե ուժերի տրոհում ու փոշիացում, այլ՝ քաղաքական լայն կոնսոլիդացիա: Նախագահի խոսքում առաջադրված նպատակներից արդեն պարզ է, որ քաղաքական պատերազմ չկա, քաղաքական այլախոհության կամ քաղաքական ճնշումների խնդիր չկա ու չի կարող լինել: Ուստի նման հարցադրումը շինծու և իրավիճակը շրջելու նպատակ ունեցող հարցադրում եմ համարում: Ավելի քան պարզ առաջարկ է հնչել՝ քաղաքական դաշտում հստակություն մտցնելու, իրերն իրենց անունով կոչելու ու այդ կետից շարունակելու նպատակադրում:
-Ի՞նչ կարծիքի եք Գագիկ Ծառուկյանի խոսքում հնչած՝ իրեն նախագահի պաշտոնի առաջարկի մասին:
-Դեմքը պահելը, իհարկե, կարևոր է, բայց անձնական հարաբերությունների մանրամասներ հրապարակելը միշտ չի ապահովում է դրանց հավատարժանությունը:
-Բազմահազարանոց հանրահավաքներից, իշխանափոխության պահանջներից չե՞ք վախենում:
-Չենք վախենում: Նախ՝ չեմ կարծում, որ մենք այն կուսակցությունն ենք, ում հետ սպառնալիքներով խոսելը տեղին է ու արդարացված, Հանրապետականի անցած ճանապարհը մեր անկախ պետականության անցած ճանապարհն է ու մեկնաբանություններն ավելորդ են: Երկրորդ՝ ցանկացած երկրում իշխանությունը իր ստանձնած պատասխանատվությունից ելնելով, առավել քան շահագրգիռ է երկիրը ցնցումներից հեռու պահելու, խաղաղ ընթացք ապահովելու համար՝ հատկապես մեր բազմաթիվ փորձություններով լի ժամանակներում:
Եվ քաղաքական, և տնտեսական, և ռազմական, և սահմանների անվտանգության, և Թուրքիայի, և Ադրբեջանի, և Եվրոպայի, և ԵՏՄ-ի, և ներքաղաքական, և բազում այլ հարցերի, պրոբլեմների, թնջուկների առկայությամբ կայունությունը ավելի քան կարևոր ու արժեքավոր է, բայց դա չի նշանակում, որ իշխանությունը պետք է շարունակաբար հանդուրժի վերջնագրերի և շանտաժի լեզուն:
Այս պարագայում խոսել իշխանափոխության մասին, նշանակում է, ելնել ոչ թե նրանից, կա՞ն իշխանափոխության հիմքեր երկրում /իսկ մենք կարծում ենք, որ չկան/, այլ ղեկավարվել այն մոտեցումով, որ՝ մեզ պետք լինի, մարդկանց փողոց կհանենք մեր այս կամ այն խնդիրը լուծելու համար: Սա ոչ միայն անընդունելի է, այլև, կարծում եմ՝ անիրագործելի: