ԵՐԲ ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՆՆՋՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմը մշտապես եղել է ամենակայուն անձնակազմ ունեցող պետական կառույցներից մեկը: Տարբեր գումարման խորհրդարանների կազմավորումից հետո սովորաբար ԱԺ-ում փոխվում էր աշխատակազմի այն մասը, որի այդտեղ գտնվելը պայմանավորված էր կոնկրետ պատգամավորի խորհրդարանում լինել-չլինելով: Իսկ ԱԺ-ի հիմնական աշխատակազմը, որպես կանոն, հիմնականում պահել է իր աշխատատեղը: Երբ Գալուստ Սահակյանը նշանակվեց ԱԺ նախագահ, թվում էր, թե խորհդարանում բան չի փոխվի, ի վերջո, նա խորհրդարանի հնաբնակներից մեկն էր եւ բոլորից լավ էր խորհրդարանը ներսից ճանաչում:

Սակայն Գալուստ Սահակյանի նշանակվելուց հետո լրագրողներն առաջին անգամ սկսեցին ականատես լինել խորհրդարանի «փլուզմանը»: Գալուստ Սահակյանն ընդամենը տասը ամիս է պաշտոնավարում ԱԺ նախագահի պաշտոնում, սակայն, ըստ խորհրդարանում աշխատող մեր զրուցակիցների, նա արդեն հասցրել է ԱԺ աշխատակազմի գործունեությունը լիակատար քաոսի մատնել: Այն, որ Սահակյանը չի կարողանում կառավարել խորհրդարանը, հասկանալի դարձավ նրա նշանակումից ընդամենը երկու ամիս անց, երբ անցած տարվա հունիսին ոչ իշխանական եռյակին հաջողվեց քվորումի բացակայության պատճառով տապալել ԱԺ նիստը: Սա Սահակյանի ձախողման երեւացող կողմն էր: ԱԺ աշխատակազմում տեղի ունեցող գործընթացները նույնքան տեսանելի չեն, բայց այստեղ տիրող քաոսը նրա ձախողման մյուս դրսեւորումն է: Ըստ Աժ մեր աղբյուրների՝ Հրայր Թովմասյանը խորհրդարանի աշխատակազմի ղեկավար նշանակվելուց շատ կարճ ժամանակ անց հասկացել է, որ Գալուստ Սահակյանի պես ղեկավարի պայմաններում ինքը կարող է դառնալ խորհրդարանի դե ֆակտո ղեկավարը: Թովմասյանը սկսել է ԱԺ-ի աշխատակազմում ձեւավորել իր «կլանը»: Ներկայումս Թովմասյանի «կլանի» մեջ են մտնում ԱԺ արտաքին կապերի վարչության պետ Վիկտոր Բիյագովը, որը որոշում է, թե ով պետք է գործուղում մեկնի, իսկ ով` ոչ, կամ որքան պետք է օրապահիկ ստանա: Գործուղումների խնդիրը ԱԺ աշխատակազմի համար ամենաառանցքային հարցն է: Գործուղումների միջոցով մարդիկ պետության հաշվին գնում, աշխարհ են շրջում, ինչպես նաեւ որոշակի եկամուտ են ունենում օրապահիկների հաշվին:
Թովմասյանի «կլանի» մյուս անդամը ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Էրիկ Մինասյանն է, որին չնայած այդ պաշտոնում նշանակել է Գալուստ Սահակյանը, սակայն վերջինս որպես ղեկավար «պրիզնատ» է գալիս Հրայր Թովմասյանին: Ի դեպ, Մինասյանի գործառույթների մեջ է մտնում քառօրյաների ժամանակ անցաթղթերի ստորագրումը: Պատգամավորների օգնականների համար քառօրյաների օրերին անցաթուղթ իջեցնելը դարձել է մի իսկական փորձություն, քանի որ նրանք ժամերով պետք է փնտրեն եւ գտնեն Մինասյանին, այնուհետեւ նրա ընդունելությանն արժանանան, որպեսզի վերջինս իր ստորագրությունը դնի անցաթղթի վրա: Վերջինիս աշխատանքային պարտավորությունների մեջ է մտնում նաեւ նյութատեխնիկայի բաժանումը խորհրդարանի աշխատակազմին: Մինասյանի միջոցով Հրայր Թովմասյանը վերահսկում է խորհրդարանում բենզինի եւ մնացած նյութական միջոցների բաշխումը:
Հրայր Թովմասյանի մյուս վստահելին ԱԺ նախագահի խորհրդական Սեյրան Յուզբաշյանն է: Ըստ լուրերի՝ հենց վերջինիս միջոցով է Թովմասյանը վերահսկողության տակ պահում ԱԺ-ի դե յուրե ղեկավարին, որպեսզի ինքը կարողանա կառույցը փաստացի ղեկավարել: Ի դեպ, Աժ-ում շրջող լուրերի համաձայն՝ վերջինս այս օրերին զբաղված է իր ընկերուհուն խորհրդարանում աշխատանքի տեղավորելու հարցերով եւ առաջիկայում այդ հարցը կլուծի: Փոքր տեխնիկական խնդիրներ են եղել` մրցույթ, բան-ման, պետք է կազմակերպվեր, որպեսզի նրան աշխատանքի ընդունեին «օրինական հիմքերով»:
Հրայր Թովմասյանի «կլանի» առանցքային դեմքերից է նաեւ խորհրդարանի իրավաբանական վարչության պետ Հայկ Սարգսյանը: Խորհրդարանում կազմվող բոլոր փաստաթղթերը, մինչեւ դրանց ընդունումը, պետք է անցնեն իրավաբանական վարչությունով: Այսինքն՝ իրավաբանական վարչության միջոցով Թովմասյանը վերահսկում է, որ Աժ ղեկավարությունը ստորագրի միայն այնպիսի կարգադրություններ եւ որոշումներ, որպիսիք ինքն է ցանկանում: Ի դեպ, Աժ-ում պատմում են, որ Հայկ Սարգսյանն իր ղեկավարությանը` Թովմասյանին, իր նվիրվածությունն ընդգծելու համար նրան «պարոն նախարարով» է դիմում: Այսինքն՝ կապ չունի, որ Թովմասյանն այլեւս նախարար չէ, ինքը նրա համար եղել եւ մնում է ալամ աշխարհի նախարարը, հենց տե՛նց, չուզողների աչքերն էլ հանած:
ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանին եւս ընդունված է համարել Հրայր Թովմասյանի «կլանի» անդամ: Սակայն այս դեպքում ամեն ինչ այդքան էլ միանշանակ չէ: Արսեն Բաբայանը, որը կրթությամբ իրավաբան է, եւ ի սկզբանե ենթադրվել է, որ իր հոր պես պետք է դատախազ դառնա, կամ մի գուցե դատավոր, ծայրահեղ դեպքում` քննիչ: Սակայն պատահմամբ կամ ավելի ճիշտ՝ բախտի քմահաճույքով հայտնվել է լրատվական դաշտում եւ իրավաբանի չստացված կարիերայի համար փորձում է ոխը լրագրողներից հանել: Բաբայանը, չնայած ներկայումս Թովմասյանի հետ համաձայնեցված է գործում, բայց լրագրողական աշխարհում հայտնի է, որ Բաբայանին խորհրդարան են «գործուղել» նախագահական նստավայրից: Ըստ այդմ, նրա եւ Թովմասյանի հարաբերությունները պայմանավորված են նախագահականից ստացված հրահանգով, ասել է՝ հաշտ ու համերաշխ ապրել, այդպես էլ անում է, այլ հրահանգ ստանալու դեպքում այլ կերպ կվարվի:
Իսկ այս պայմաններում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն իր աշխատասենյակում «մուշ-մուշ քնած է», այդ թվում եւ՝ նիստերի ժամանակ:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 

ԿՏՐՈՒԿ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ
Երեկ ՀԱԿ-ը հայտարարություն էր տարածել, որում նշվում է, որ «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն» եւ Հայ Ազգային Կոնգրես կուսակցությունները պայմանավորվածություն են ձեռք բերել փետրվարի 15-ին կազմակերպել երեք ուժերի ղեկավարների հանդիպում: Նշվում է, որ ոչ իշխանական եռյակի առաջնորդները քննարկելու են իրենց հետագա անելիքները: ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ներկայացրեց իրենց ակնկալիքներն այդ հանդիպումից: «Խորհրդաժողովի արդյունքները պետք է ամփոփեն եռյակի լիդերները: Ակնկալում ենք ավելի ակտիվ գործունեություն: Վիճակը շատ հասունացած է, ժողովրդի դժգոհությունն անսահման է, վերջին բռնությունների դեպքերն էլ կարծես թե ուղղակի պարտադրում են, որ ինչ-որ լուծում գտնենք»,- ասաց պատգամավորը:

 

ԽԱՌՆ ԷԻՆ
Երեկ ՀՀ Կառավարության շենքի դիմաց ԲՀԿ ակտիվիստ Արտակ Խաչատրյանին շաբաթ օրը ծեծի ենթարկելու առիթով կազմակերպված բողոքի ակցիան բավական ուշագրավ ձեւով էր ընթանում: ԲՀԿ-ականները վանկարկում էին «Արտակը ես եմ», իսկ ՀԱԿ ատիվիստները՝ «Սերժիկ, հեռացի՛ր»: Արդյունքում, երբ ՀԱԿ ակտիվիստները սկսում էին վանկարկել, ակցիան կառավարող ԲՀԿ պատգամավորները դադար էին վերցնում եւ լուռ հետեւում էին: ԲՀԿ-ից ներկա էին ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, անդամներ Վահան Բաբայանը, Աբրահամ Մանուկյանը, Ռուստամ Գասպարյանը, Արմեն Ավետիսյանը, Վարդան Օսկանյանը, Էլինար Վարդանյանը, Վահե Հովհաննիսյանը, Ստեփան Մարգարյանը, Մերուժան Սիմոնյանը, Մուշեղ Պետրոսյանը, Գեղարքունիքի նախկին մարզպետ Նվեր Պողոսյանն ու նախկին պատգամավոր Հրանտ Մադաթյանը:

 

ՍԴՀԿ-Ի ԾԱԽՍԵՐԸ
«Հայաստանի սոցիալ-դեմոկրատ հնչակյան» կուսակցությունը հրապարակել է իր՝ 2014 թվականի ֆինանսական հաշվետվությունը: Ըստ այդմ, ՍԴՀԿ-ն 2014-ին ունեցել է 383 հազար 620 դրամի մուտք: Այդ գումարից 314 հազար 200 դրամը ծախսվել է վարձավճարների համար, 52 հազար դրամը կազմել են կոմունալ վճարները, իսկ 12 հազար դրամն էլ ծախսվել է այլ նպատակներով:

 

«ՃՈՅՏԻ» ՖԻԼՄՆ ԱՆՀԵՏԱՑԵԼ Է
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ինչ-որ մարդիկ «առգրավել» են ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Ճոյտի) նկարահանած «Հիշողություն» ֆիլմը: Ֆիլմի բոլոր ձայնագրություններից ու նյութերից անգամ նկարահանող խմբի անդամների մոտ ոչ մի օրինակ չի մնացել: Ի դեպ, հիշեցնենք, որ ֆիլմի պրեմիերան պետք է տեղի ունենար այսօր, բայց չի կայանա: Չնայած պաշտոնապես ասվում է, որ Հակոբ Հակոբյանի կալանավորումը նրա ֆիլմի հետ կապ չունի, այլ տնտեսական հանցանքի արդյունք է, սակայն իրադարձությունների զարգացման ընթացքն այլ բան է վկայում:

 

 

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՏԵՍՆԵՆՔ
ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ռիչարդ Միլսը, որպես իր առաքելության նպատակ, նշել է ազատ եւ բարգավաճ Հայաստանը հարեւանների հետ խաղաղության պայմաններում: Միլսն առանձնացրել է երկու հիմնական հարց. «Առաջինը տարածաշրջանային խաղաղությունն է: Անցյալ տարվանից Լեռնային Ղարաբաղի սահմանագծին զոհերի եւ բռնությունների կտրուկ աճը շատ անհանգստացնող էր: ԱՄՆ-ը հավատարիմ է խաղաղության հասնելու համար կողմերին օգնելու եւ Մինսկի խմբի միջնորդությամբ բանակցությունների միջոցով կարգավորման հասնելու հարցում»,- ասել է դեսպանը: Իսկ որպես երկրորդ խնդիր նա նշել է «20-րդ դարի ամենաահավոր վայրագություններից մեկի ոգեկոչումը»: Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կայքում երեկ հրապարակված տեղեկատվության համաձայն՝ նոր դեսպանը հայերեն ասել է, որ 1915 թվականը հատուկ կարեւորություն ունի ամբողջ աշխարհի համար: Դեսպանը խոստացել է իր աշխատանքով ցույց տալ, որ Միացյալ Նահանգներն ու ամերիկացիները հայերին սատարում են:

 

ՀՀԿ-Ն ՉԱՐՁԱԳԱՆՔԵՑ
Արտակ Խաչատրյանը թոքերի սալջարդ ունի, որովայնում ենթամաշկային օդ էր հավաքվում, ինչի հետեւանքով երեկ վիճակը վատացել էր: Այս մասին երեկ հայտնել է ծեծի ենթարկված ակտիվիստի եղբայրը` Արտյոմ Խաչատրյանը: Նրա տեղեկացմամբ` բժիշկներն Արտակ Խաչատրյանի վիճակը գնահատում են կայուն ծանր, բայց նկատվել է դրական դինամիկա. «Արտակը դեռ Մալաթիա հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում է: Ոստիկանությունը շուրջօրյա հսկողություն է սահմանել հենց վերակենդանացման բաժանմունքում, ինչի համար շնորհակալ եմ: Հայաստանի բոլոր քաղաքական ուժերն արձագանքեցին կատարվածին, բացի ՀՀԿ-ից: Այնպիսի տպավորություն է, թե նրանք կա՛մ տեղյակ չեն կատարվածի մասին, կա՛մ կատարվածը նորմալ են համարում»,- նկատել է Արտյոմ Խաչատրյանը:

 

ԱՆՀԻՄՆ ԽՈՍՔԵՐ
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը, ներկայացնելով Մոսկվա կատարած իր աշխատանքային այցի արդյունքները, երեկ հայտարարել է, թե ԵՏՄ-ում սպասում են Հայաստանից արտահանվող ապրանքներին: Նա անհիմն է համարել խոսակցությունները, թե հայ գործարարներին ռուսական շուկայում կարող են այս կամ այն չափով խանգարել:




Լրահոս