ԸՍՏ ՍԷՖԻԼՅԱՆԻ՝ ՇՈՒՏՈՎ ԻՐԵՆՔ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՂԵԿԸ ԽԼԵԼՈՒ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման առաջնորդ, «Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարության համակարգող, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սէֆիլյանը ներկայացրեց հունվարի 31-ին Բերձորում տեղի ունեցած միջադեպի մանրամասները: Սէֆիլյանը հայտարարեց, թե ինքը Բերձոր հասնելուն պես հասկացել է, որ իր թիմի անդամներին նպատակ ունեն ծեծելու, ինչի պատճառով հորդորել է հետ շրջվել ու վերադառնալ Երեւան: Բայց ԼՂՀ ոստիկանության ներկայացուցիչները նրանց թիկունքից հարվածել ու դաժանաբար ծեծի են ենթարկել:

«Ստեփանակերտի ադմինիստրացիան առաջնորդվում է գողական օրենքներով, նրանք տեղի զոն նայողներն են, ու հայտնվել է մի ուժ, որը ցանկանում է փչացնել իրենց շեֆին: Մենք ասել ենք` ընտրեք ԼՂՀ իմիջը, թե Սերժի իմիջը, իրենք ընտրել են Սերժի իմիջը: Նրանք նախընտրեցին իրենց շեֆի գուրգուրանքը, ոչ թե Արցախի գուրգուրանքը»,-հայտարարեց Ժ. Սէֆիլյանը:
Վերջինս ներկայացրեց, թե ինչպես դեկտեմբերի 20-21-ին նախատեսված ավտոերթը հետաձգվեց, ինչպես հանդիպեցին Սեյրան Օհանյանի հետ, ով փոխանցեց Բակո Սահակյանի խնդրանքը, ինչպես հրավեր ստացան Արցախից, եւ ինչպես ԼՂ ոստիկանապետը զանգեց իրենց ու խնդրեց, որ հրաժարվեն ավտոերթից, բայց մերժողական պատասխան ստանալով` հավաստիացրեց, թե Բակո Սահակյանը համաձայնել է, որ ավտոերթի փոխարեն ուղիղ եթերով իրազեկում լինի:
«Մեր առջեւ նստած գեներալները քծնում էին Սերժ Սարգսյանին: Արցախում գեներալները նստել էին, նրանք կարծիք չունեին: Աղաբեկյանը նստել, գովաբանում էր Սաշիկին, Սերժի Սաշիկին, թե ինչ ներդրումներ է անում, ինչպես է թալանում ընդերքը»,-ԼՂՀ նախագահի հետ հանդիպման մանրամասները ներկայացրեց ազատամարտիկը: Ժ. Սէֆիլյանի խոսքով՝ տեղի ունեցածը պետք չէ վերագրել արցախցուն, քանի որ արցախցին կապ չունի այդ վայրենության հետ: Նրա համոզմամբ` դա հատուկ կազմակերպված էր ռեժիմի կողմից՝ զինված ոստիկանների ու քրեական հանցագործների մասնակցությամբ, որոնք ալկոհոլի եւ թմրանյութերի ազդեցության տակ էին: Ժ. Սէֆիլյանը հայտարարեց նաեւ, որ ապրիլի 24-ին իրենք որեւէ խժդժություն չեն իրականացնելու, ուղղակի անելու են ամեն ինչ, որպեսզի 100-ամյակի ընթացքում «ազատագրվեն» ՀՀ իշխանություններից:
«Ժողովուրդ»-ը մի քանի հարց է ուղղել Ժիրայր Սէֆիլյանին:
-Պարո՛ն Սէֆիլյան, խնդրում եմ նշեք, թե ո՞ւմ գաղափարն էր ԼՂՀ-ում ավտոերթ իրականացնելը, ըստ շրջանառվող տեղեկությունների՝ այդ նախաձեռնության հեղինակը «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գարեգին Չուքազսյանն է:
-Ուրեմն մենք մեր որոշումները կայացնում ենք կոլեգիալ, չնայած այն հանգամանքին, որ ես ստանձնել եմ շարժման առաքելությունը, սակայն ես իմ որոշումները նախընտրում եմ կայացնել խմբովի: Ու թե այստեղ ում մտահաղացումն է եղել, ով ինչ է առաջարկել անել, էական չէ, ես դրանում միայն ավելորդ պառակտման ինտրիգներ եմ տեսնում, ուրիշ բան այդտեղ չկա: Ուզում եմ ասել, որ այն օրը, երբ մենք որոշել ենք իրազեկումը սկսել ավտոերթերով… քանի որ մենք ուրիշ միջոց չունեինք իրազեկելու, մենք ինֆորմացիոն բլոկադայի մեջ ենք եղել, մենք գտել ենք մի մեխանիզմ, որի շնորհիվ շատ շուտ, բերնեբերան տեղեկությունը տարածվելով` այն սկսելու էր աշխատել: Իսկ դա մենք որոշել ենք աշնանը ու Արցախը եւս ներառել ենք մեջը՝ նկատի ունենալով որպես Հայաստանի մի մարզ: Սակայն Արցախն, ի տարբերություն մյուս մարզերի, ավելի կարեւորվեց նրանով, որ Հայաստանի Հանրապետությունն արդեն մտել է ԵՏՄ, այսինքն՝ այս ամենից հետո, եթե մենք Արցախն անտեսեինք, դա մեր կողմից կլիներ դավաճանություն:
-Գարեգին Չուքասզյանը Ռոբերտ Քոչարյանի օրոք եղել է ՀՀ Կառավարությունում տեղեկատվության վարչության պետ, մինչդեռ Ձեզ Ռ. Քոչարյանի հրահանգով բանտարկեցին: Դուք վստահում եք Գ. Չուքասզյանին, որի հետ այժմ համագործակցում եք բոլոր հարցերում:
-Նախ սխալ է, որ իմ ձերբակալման ժամանակաշրջանում Գարեգին Չուքազսյանը եղել է պաշտոնի, ուղղակի շատ կարճ անցումային ժամանակահատվածում ունեցել է պաշտոն, որի ժամանակ Ռոբերտ Քոչարյանը վարչապետ էր, բոլորը եղել է այդ ժամանակահատվածում: Գարեգին Չուքազսյանի վրա հարձակումը ես հասկանում եմ, թե ինչի համար է, որովհետեւ վերջապես հայտնվել է մի մարդ, որի ինտելեկտից շատերը սարսափում են: Ես ուրախ եմ, որ Չուքասզյանի նման պայքարի ընկեր ունենք մեր կողքին ու մենք անշուշտ վստահում ենք: Ես համոզված եմ, որ Գարեգին Չուքազսյանին մեր ժողովուրդը դեռ կճանաչի…
-Հասարակության համար անհասկանալի կերպար է նաեւ Ձեր համակիրներից Կարո Եղնուկյանը: Որտեղից եք նրան ճանաչում: Ի վերջո, Եղնուկյանը եւս սերտ առնչություններ է ունեցել Ռոբերտ Քոչարյանի շրջապատի հետ, մասնավորապես նա դերակատարում է ունեցել Վարդան Օսկանյանի «Սիվիլնեթի» կայացման գործում:
-Նախ՝ նոր եմ դա լսում, բայց այնտեղ մի քանի տասնյակ մարդ կա: Գիտեք ինչ՝ բոլորը հասկանում են, որ մենք մոտենում ենք ղեկին, կառավարման ղեկը սրանց ձեռքից խլելու ենք, բնականաբար, այդ սեւ PR-ը պետք է լինի, ամեն ստոր քայլի դիմելու են՝ մեր թիմի իմիջը աղավաղելու համար: Դա նորմալ երեւույթ է, թող փաստերով խոսեն, եթե մեր խմբի մեջ որեւէ հանցագործ գոյություն ունի, կամ որեւէ մեկը, ով մեր ժողովրդի նկատմամբ վատ բան է կատարել, թող ապացուցեն:
-Ձեր նախկին թիմակիցներից Տիգրան Խզմալյանն ու էլի շատերն այսօր Ձեր կողքին չեն ու հայտարարում են, որ իրենց համար Ձեր այսօրվա գործողությունները հասկանալի չեն:
-Թող ինքը բացատրի, թե ինչու է լքել պայքարի դաշտը:

 

 

 

 

ԾԱՌՈՒԿՅԱՆԸ` ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ «ԶՍՊԱՇԱՊԻԿ»

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության եւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի «կյանքում» կարծես թե լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել Մոսկվա կատարած այցից հետո: Բանն այն է, որ «Տաշիր» ընկերության ղեկավար Կարեն Կարապետյանի հետ քավոր-սանիկական հարաբերություններն օգտագործելով՝ ԲՀԿ առաջնորդը կարողացել է հանդիպել նաեւ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ, ինչից հետո երեկ ԲՀԿ-ն շատ կտրուկ դիրքորոշումներով հանդես եկավ:

Նախ ԲՀԿ-ն հիշեց փետրվարի 5-ին կայացած խորհրդաժողովը, որի մասին որոշեց ամփոփ տեղեկություն հաղորդել: «Խորհրդաժողովի մասնակիցներն անթույլատրելի են համարում կիսապատերազմական իրավիճակում, տնտեսական անկման պայմաններում երկրի կառավարման մոդելի փոփոխության թեմայով սահմանադրական հանրաքվեի անցկացումը: Խորհրդաժողովի մասնակիցները փաստում են, որ հանրաքվեի անցկացումը ժամանակավրեպ եւ խիստ վտանգավոր միջոցառում է: Խորհրդաժողովում հնչել են առաջարկներ, որ եթե իշխանություններն այնուհանդերձ չլսեն հասարակության եւ քաղաքական ուժերի կարծիքը եւ գնան հանրաքվեի, ապա վերջինիս անցկացման օրը պետք է հայտարարել ՈՉ-ի հանրաքվեի օր եւ սկսել շուրջօրյա համապետական ցույցեր` իշխանափոխության պահանջով»:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով ՌԴ-ում ԲՀԿ-ականներին «դուխ» են տվել, թե իրենք, որպես Ս. Սարգսյանի այլընտրանք, կարող են հանդես գալ, բայց որոշակի չափաբաժնով: Այստեղ հետաքրքիր է, թե որտեղ է սխալվել Ս. Սարգսյանը, ու ինչու է ՌԴ-ն փորձում ԲՀԿ-ով «վախեցնել» նրան: Ռուսական տարբեր շրջանակներ վերլուծություններ են անում այդ մասին` առաջ քաշելով այն վարկածը, որ Ս. Սարգսյանի իշխանությունն ամեն դեպքում շարունակում է «եւ, եւ»-ի քաղաքականությունը՝ այդ թվում նաեւ` ՆԱՏՕ-ի եւ ամերիկյան որոշակի ուժերի հետ ստվերային շփումների տեսքով: Ահա, հենց այդ ամենի արդյունքում էլ Մոսկվան փորձում է «զսպաշապիկ» հագցնել Սերժ Սարգսյանին:
Փաստորեն ստացվում է, որ եթե նախկինում ՌԴ-ից Ս. Սարգսյանին «վախեցնում» էին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործոնով, ապա այժմ այդ գործոնը որոշ փոփոխություններ է կրել: Թե ինչ կտան այս զարգացումները, դժվար է ասել, բայց որ ՀՀԿ-ԲՀԿ լարվածությունը գնալով ավելի է մեծանալու, կարելի է չկասկածել:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 
ԱՆԱՄՈԹԱԲԱՐ
«Ժողովուրդ»-ը տեւական ժամանակ է, ինչ բարձրաձայնում է, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի բնակիչները, ովքեր տուժել էին դեռեւս սեպտեմբերին տեղացած կարկուտից, պետք է շիֆեր ստանային: Սակայն նրանց մի մասը մինչեւ հիմա իր հասանելիք շիֆերն այդպես էլ չի ստացել: «Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ կարկուտի հետեւանքով վնասները հաշվարկող հանձնաժողովը տուժած 51 տուն իր ցուցակում չի հաշվառել: Արդյունքում նշված ընտանիքներն այդպես էլ իրենց շիֆերները չեն ստացել եւ հետո են միայն իմացել, որ իրենց անունները ցուցակներում չկան: «Ժողովուրդ»-ի այն հարցին, թե ինչպես է ստացվել, որ 51 տուն բաց է թողնվել, Ճամբարակի քաղաքապետ Յուրիկ Ավալյանը պատասխանեց. «Հաշվառելիս տանը մարդ չի եղել, չէ որ մինչեւ տանիք չեն բարձրանում, ճիշտ չեն կարողանում հաշվառել»: Ըստ քաղաքապետի՝ նշված 51 ընտանիքներին շիֆերներ տրամադրելու հարցը ներկայումս քննարկման փուլում է: Բայց մինչեւ որոշում կայացնեն, ձմեռը կավարտվի, ու երբ սկսեն հատկացնել առանց տանիք մնացածների շիֆերները, ամառը կգա: Ահա ՀՀԿ-ի ապահով Հայաստանը՝ մարզերում:

 
ԽՄԻՉՔ ՔԻՉ ԵՆ ԱՐՏԱԴՐԵԼ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2014 թվականին 2013-ի համեմատ Հայաստանի ալկոհոլային խմիչքների արտադրության ծավալները նվազել են: Մասնավորապես, օղու արտադրության ծավալները նվազել են 4.1, լիկյորներինը՝ 88.1, կոնյակինը՝ 8.1, գինունը՝ 8.2 տկոսով: Իսկ ահա գարեջրի արտադրության ծավալները, հակառակը, աճել են 19.5 տոկոսով: Ալկոհոլային խմիչքները եւ հատկապես կոնյակի եւ գինու արտադրությունը Հայաստանի տնտեսության առանցքային ճյուղերից են: Կոնյակների եւ գինիների արտադրանքի մի մասն արտահանվում է հիմնականում դեպի Ռուսաստան:

 

ԱՆՄՈՌՈՒԿԸ ԿՓՈԽՎԻ՞
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս օրերին իշխանական օղակներում ակտիվ քննարկվում է Հայոց Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցի նշանի՝ անմոռուկի փոփոխության հարցը՝ որպես քաղաքի դիզայն: Բանն այն է, որ երբ քննարկվել է Երեւանը անմոռուկի խորհրդանիշներով ձեւավորելու հարցը, պատկերն այդքան էլ տպավորիչ չի ստացվել: Արդյունքում՝ մասնագետները սկսել են խնդրի լուծման ուղիներ փնտրել: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը խնդրի առնչութամբ «Ժողովուրդ»-ի հարցին կարճ պատասխանեց. «Տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»:
Հավելենք, որ անմոռուկը հիշելու եւ հիշեցնելու խորհուրդ ունի: Իսկ ընտրված խորհրդանիշի վրա գրաֆիկայի միջոցով պատկերված են Ծիծեռնակաբերդի 12 սյուները վերեւից: Ծաղկի հինգ թերթիկներն էլ խորհրդանշում են այն 5 մայրցամաքները, որտեղ հայտնվել են Ցեղասպանությունից փրկված հայերն ու ստեղծել հայկական գաղթօջախներ:




Լրահոս