ՔԱՄՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ ԱՂՈԹՔՆ ԱՍՏԾՈՒՆ ՉԻ ՀԱՍՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի շուրջ աղմուկը չի դադարում: Կաթողիկոսի անձը պատճառ է դարձել, որ հանրության համար եկեղեցու դերակատարությունը դարձյալ հարցականի տակ դրվի: Ընդ որում, Ամենայն Հայոց Կաթողիկոսի` արտասահմանյան բանկում ունեցած ավելի քան 1 մլն դոլարի մասին աղմկահարույց բացահայտումն այսօր եկեղեցու ներսում առկա ամենացցուն խնդիրը չէ: Կան այլ բազմաթիվ բացթողումներ, որոնք պարզապես չեն նկատվում:

Դրանցից մեկն էլ վերաբերում է Երեւանում կառուցվող կաթողիկոսական նստավայրի հարեւանությամբ` Կաթողիկե եկեղեցում մոմ վառելու հնարավորությանը:
Հիշեցնենք, որ Աբովյան-Սայաթ-Նովա խաչմերուկում տեւական ժամանակ է, ինչ ընթանում են Հին Կաթողիկե եկեղեցու միասնական եկեղեցական համալիրի շինաշխատանքները: Սբ. Կաթողիկե եկեղեցուն կից` Սայաթ-Նովա եւ Աբովյան փողոցների խաչմերուկի վրա կառուցվող համալիրը լինելու է կաթողիկոսի երեւանյան նստավայրը: Եկեղեցին եւ Հայրապետական նստավայրը կառուցվում են Միացյալ Նահանգներում բնակվող բարերարներ տեր եւ տիկին Հրայր եւ Աննա Հովնանյանների հովանավորությամբ:
Թեեւ տարածքն ազատվել է նախկին արգելապատնեշներից, բայց այնտեղ ամեն ինչ չէ, որ կարգին է: Դժվար չէ պատկերացնել, թե որքան մարդաշատ է Աբովյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկը: Եւ բազմաթիվ են այն հավատացյալները, ովքեր գալիս են Կաթողիկե եկեղեցում մոմ վառելու: Հատկապես մարդկային այդ չդադարող հոսքն աչքի առաջ ունենալով` ակնհայտը է դառնում, որ «մոմի բիզնեսը» բավականին շահութաբեր կարող է լինել նման մարդաշատ վայրերում: Առավել եւս, որ մոմի գինը, որը դարձել է 60 դրամ, զգալիորեն գերազանցում է ինքնարժեքը: Սակայն, երբ Կաթողիկեի համալիր այցելած հավատացյալները փորձում են մոմ վառելով իրենց աղոթքը հասցնել Աստծուն, չի հաջողվում, քանի որ մոմը վառելու հնարավորություն չկա: Բանն այն է, որ եկեղեցու հարեւանությամբ տեղադրված երկաթե պատվանդանները ծածկեր չունեն, ինչի արդյունքում վառվող մոմերը քամու կամ անձրեւի պատճառով անմիջապես հանգչում են:
Կարծում ենք, որ մոմի բիզնեսը զարգացնելուց առաջ կամ գոնե զուգահեռ եկեղեցու սպասավորները պարտավոր են ստեղծել մոմավառության համար տարրական պայմաններ, քանզի, ի տարբերություն շատ եկեղեցականների, հավատացյալների գերակշիռ մասի համար մոմ վառելն ունի յուրահատուկ խորհուրդ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 
ԹՈՒՐՔԵՐԸ  ՉՎՍՏԱՀԵՑԻՆ
«Ժողովուրդ» օրաթերթը վերջերս անդրադարձել էր խորթ հորը սպանած 24-ամյա Մաքսիմ Բաքոյանի եւ նրա ընտանիքի շուրջ ծավալված իրադարձություններին: Հիշեցնենք, որ Մաքսիմի մորը՝ ազգությամբ եզդի Մայա Բաքոյանին, կրոնական տարաձայնության հողի վրա սպանել էր թուրք տագրը: Վրեժխնդրությամբ լցված Մաքսիմը գրեթե մեկ տարի առաջ սպանեց մոր ամուսնուն՝ Էվլիյա Մուհամեդի Գյումուշթեքինին: Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ Մաքսիմ Բաքոյանի՝ փետրվարի տասին կայանալիք դատական նիստին ներկա գտնվելու նպատակով Հայաստան էր ժամանել Մայա Բաքոյանի քույրը՝ տիկին Էմման՝ իր հետ բերելով Մաքսիմի որբացած անչափահաս քրոջն ու եղբորը՝ Սուհային եւ Սալիին:
Նշենք, որ երեխաների հետ կապված նույնպես մեծ աղմուկ էր բարձրացել. ոմանք պնդում էին, թե նրանց առեւանգել են, սակայն կասկածները փարատվեցին, երբ նրանք Հայաստան եկան:
Փետրվարի տասին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կայացավ Մաքսիմ Բաքոյանի գործով դատական նիստը, որը, սակայն, կրկին հետաձգվեց, քանի որ տուժող կողմը հրաժարվեց փաստաբան Սուսաննա Մխիթարյանի ծառայությունից. պատճառն անվստահությունն էր հայազգի փաստաբանի նկատմամբ:
Որպես տուժողի իրավահաջորդ՝ դատական նիստին մասնակցելու նպատակով Թուրքիայից Հայաստան էին եկել սպանվածի քույրը՝ Ֆաթմալի Մուշթեքին եւ հորեղբորորդին՝ Ջենգիզ Հալիզի Չագին:
Հարկ ենք համարում նշել, որ դատարանում երկու կողմերն էլ հանդես եկան ոչ կոռեկտ պահվածքով. անդադար հնչեցին փոխադարձ վիրավորանքներ ու հայհոյանքներ:
Մաքսիմի մորաքույրը՝ տիկին Էմման, շարունակ բղավում էր, թե ինչու քրոջը սպանած թուրք ոճրագործը պիտի մինչ օրս անպատիժ մնա… «Մի օր անգամ չի նստել, ինչի պիտի Մաքսիմս նստի…»:
Սպանված Մայայի քույրերը մատնանշում էին նաեւ, որ իրենց քույրը դաժանաբար սպանվել է անչափահաս երեխաների աչքի առաջ եւ ընդգծում, որ սպանության մեջ իր մեղքի բաժինն ուներ նաեւ ամուսինը՝ Էվլիյան, քանի որ եղբորը նա էր հորդորել այդ քայլին գնալ:
Ինչեւէ, հաջորդ դատական նիստը կկայանա փետրվարի 24-ին՝ դատավոր Մարտին Սարոյանի նախագահությամբ:

ԱՐԵՎԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ
Գյումրի




Լրահոս