ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարը՝ parlament.am-ի
Երեկ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է Չեխիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Պետր Միկիսկային: Խորհրդարանի ղեկավարը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ եւ մաղթել հաջողություններ գործունեության ընթացքում: Հայաստանում Չեխիայի լիարժեք դեսպանատան բացման կապակցությամբ Գալուստ Սահակյանն ընդգծել է, որ այն կնպաստի քաղաքական երկխոսության շարունակականության ապահովմանը, առեւտրատնտեսական համագործակցությանը եւ մարդկային շփումների ակտիվացմանը:
ՀԱՐՑ. Ամուսնացած եմ: Ունեմ երկու երեխա: Պատրաստվում եմ ունենալ երրորդին: Կցանկանայի տեղեկանալ՝ պետությունը երրորդ երեխայի դեպքում որքա՞ն գումար է տրամադրում: Խնդրում եմ պարզաբանել նաեւ՝ գումարը առձե՞ռն է տրվում, թե՞ փոխանցումով:
Նատալյա Հովհաննիսյան (26 տարեկան, հոգեբան)
ՊԱՏԱՍԽԱՆ. «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերի համաձայն` երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը տարբերակվում է նոր ծնված երեխայի հերթական կարգաթվով՝ հաշվի առնելով դիմողի մյուս երեխաների թիվը:
Ըստ օրենքի 25-րդ հոդվածի 7-րդ մասի` երրորդ եւ հաջորդ երեխայի ծնվելու դեպքում (եթե երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում է երրորդ եւ հաջորդ երեխայի համար սահմանված չափով) երեխայի ծննդյան միանվագ նպաստի մի մասը վճարվում է սոցիալական աջակցության բնագավառում ՀՀ Կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի հետ ընտանեկան դրամագլխի սպասարկման պայմանագիր կնքած բանկում նոր ծնված երեխայի անվամբ բացված հատուկ հաշվին մուտքագրելու միջոցով:
Ըստ ՀՀ Կառավարության 2014 թ. մարտի 3-ի թիվ 275-Ն որոշման 1-ին կետի` երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը երրորդ երեխայի ծնվելու դեպքում կազմում է մեկ միլիոն դրամ, որից պետական աջակցության հաշվին մուտքագրվող չափը` 500.000 դրամ է:
Վերոնշյալ որոշման 1-ին հավելված 2-րդ կետի 5-րդ ենթակետով սահմանված է, որ նպաստի չափի եւ պետական աջակցության հաշվին փոխանցվող միջոցների տարբերությունը նպաստի` ուղղակի վճարվող գումարն է: Նույն հավելվածի 24-րդ, 25-րդ, 26-րդ կետերի համաձայն` նպաստի` ուղղակի վճարվող գումարը վճարվում է կանխիկ կամ անկանխիկ եղանակով դիմողի ընտրությամբ:
Ելնելով վերոգրյալից` երրորդ երեխայի ծննդյան կապակցությամբ սահմանված կարգով Ձեզ կնշանակվի 1.000000 դրամ նպաստ, որից 500.000 դրամը` որպես ընտանեկան դրամագլուխ կփոխանցվի երեխայի անվամբ բացված հատուկ հաշվին, իսկ մնացած 500.000 դրամը կտրամադրվի Ձեզ կանխիկ կամ անկանխիկ եղանակով` ըստ Ձեր ընտրության:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ըստ ԱՎԾ-ի՝ 2014թ-ին գրանցվել է 43.183 ծնունդ, այն դեպքում, երբ սույն թվականին 47 հազար ՀՀ քաղաքացի է արտագաղթել: Հուսանք, որ առաջիկայում պետությունը հետեւողական կլինի եւ նոր միջոցներ կձեռնարկի՝ փորձելով գոնե այդ կերպ բարձրացնել ծնելիության մակարդակը, որն այսօր նման ցուցանիշներ գրանցած երկրի համար առաջնային խնդիր է:
ՀԱՐՑ. Կցանկանայի տեղեկանալ՝ ի՞նչ հարկային առանձնահատկություններ, նրբություններ կան՝ կապված ավիատոմսերի վաճառքով զբաղվող ընկերությունների գործունեության հետ: Ինչպե՞ս են հարկվում նման ընկերությունները եւ ինչ արտոնություններից կարող են օգտվել:
Հրաչ Մելիքյան (35 տարեկան, մենջեր)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ավիատոմսերի վաճառքով զբաղվող կազմակերպությունների մասով հարկային օրենսդրությամբ առանձնահատկություններ կամ արտոնություններ սահմանված չեն:
Միաժամանակ տեղեկացվում է, որ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` միջազգային երթուղիներով փոխադրումներ իրականացնող փոխադրամիջոցների սպասարկման (ներառյալ աէրոնավիգացիոն, թռիչք-վայրէջքի), նորոգման, վերասարքավորման, ինչպես նաեւ միջազգային երթուղիներով փոխադրվող ուղեւորների, ուղեբեռների, բեռների եւ փոստի սպասարկման ծառայությունների եւ փոխադրման ընթացքում ուղեւորներին մատուցվող ծառայությունների հարկվող շրջանառության նկատմամբ կիրառվում է ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափ:
ՀՀ ՖՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Եվրոյի եւ դոլարի փոխարժեքի բարձրացման արդյունքում թանկացումներ արձանագրվեցին նաեւ ավիատոմսերի շուկայում: Ի դեպ, ավիատոմսերի վաճառքով զբաղվող ընկերություններին ավելի շատ մի խնդիր է մտահոգում. Երեւանից դեպի տվյալ ուղղությունը միշտ ավելի թանկ է, քան տվյալ ուղղությունից՝ հետադարձը, որովհետեւ այստեղ առկա է օդի գումարը: