«Ազգային անվտանգություն»-ն իր աջակցությունն է հայտնում Գագիկ Ծառուկյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ազգային անվտանգություն» կուսակցության վարչությունը հայտարարությամբ է հանդես եկել, որում մասնավորապես ասվում է.

«Հայաստանի իշխանությունները՝ «Հայաստանի Հանրապետական Կուսակցության» ղեկավարությամբ, ձախողել են Հայաստանի սոցիալ-տնտեսական ծրագրերը, ոչ արհեստավարժ ներքին ու արտաքին քաղաքականությամբ երկիրը կանգնեցրել են օրհասական վիճակի առաջ: Վտանգված են ոչ միայն Հայաստանի Հանրապետության անկախությունը, 1988 թվականի զարթոնքի արդյունքում տարած հաղթանակները՝ ի դեմս ազատ ու անկախ Արցախի, այլև՝ մեր նախկին բոլոր ձեռքբերումներն ու ապագան:

Վերջին օրերին հակադրվելով Համազգային շարժման՝ ՀՀ Սահմանադրության և օրենքների տառին ու ոգուն համապատասխանող գործողություններին՝ իշխող քաղաքական Հանրապետական կուսակցությունը՝ ի դեմս ՀՀ և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի, իր հայտնի ելույթով փողոցային մակարդակի իջեցրեց բոլոր կարգի փոխհարաբերությունները՝ հստակ ցույց տալով, որ քաղաքական պայքարում պարտություն կրած ուժը, խախտելով ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները, պետական ինստիտուտները գործի է դնում՝ ի շահ իրեն ու իր նեղ շրջապատի: Ակնհայտ փաստ է, որ ՀՀ նախագահը և նրա թիմը իրենց դուրս են դրել Սահմանադրության ու օրենքների շրջանակներից և հայտնվել են օրենքից դուրս դաշտում: Նրանք պատերազմ են հայտարարել հայկական պետականությանը ու հայ ժողովրդին: Այլևս երեսպաշտությունը և կրավորական կեցվածքը անհանդուրժելի են որևէ քաղաքացու, քաղաքական գործչի կամ քաղաքական կազմակերպության համար:

Ելնելով վերոշարադրյալից՝ «Ազգային Անվտանգություն» կուսակցությունն իր աջակցությունն է հայտնում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն ու նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, Համազգային շարժման բոլոր մասնակիցներին և ՀՀ քաղաքացիներին կոչ է անում փետրվարի 20-ին միասնաբար դուրս գալ իրեն օրենքից դուրս դրած գործող ռեժիմի անօրինական գործողությունների դեմ:




Լրահոս