ՀՀ նման երկրներում անհնար է լինել օլիգարխ և ընդդիմադիր, դա բացառված է: Այսօր տեղի ունեցած ասուլիսում անդրադառնալով ՀՀԿ-ԲՀԿ պայքարին՝ այս մասին նշեց Ազգային ժողովի պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը:
«Կան խաղի կանոններ, որոնք, ընդունենք կամ չընդունենք, թելադրում են տրամաբանություն: Այստեղ ինտելեկտուալ գիտելիքները կապ չունեն: Ցավալի բան է, մարդը, որը օլիգարխ է և որի կարողությունը համադրության մեջ է երկրի պետական բյուջեի հետ, չի կարող գործել, որպես ընդդիմադիր»,- նշեց Ալեքսանդր Արզումանյանը:
Մեկնաբանելով Իվանիշվիլի-Ծառուկյան ասոցացումները՝ Արզումանյանն ասաց, որ Իվանիշվիլին Վրաստանի օլիգարխ չի եղել, Իվանիշվիլին ռուսական օլիգարխ է, ով իր ողջ կարողությունը կուտակել է արտասահամանում և քաղաքական պայքարի եկել դրսից՝ առանց ներքին պայմանավորվածությունների:
Ինչ վերաբերում է Ուկրաինայի ներկայիս նախագահ Պյոտր Պորոշենկոյին ով ևս օլիգարխ է եղել, Արզումանյանը նշեց, որ նա եղել է Յանուկովիչի օլիգարխը:
«Այս պարագայում խաղի կանոն է խախտվել: Իրենք են ծնել այդ կուսակցությունը, ԲՀԿ-ն ծնվել է Բաղրամյան 26-ում՝ Ռոբերտ Քոչարյանի քավորությամբ: Я тебя породил, я тебя и убил: Բավականին հետաքրքիր ասածվածք»,- պարզաբանեց Ալեքսանդր Արզումանյանը: