ԱՆԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն երկրորդ անգամ ՀՀ Ազգային ժողովում է հայտնվում Աշոտ Ափոյան անուն- ազգանունով մի անձնավորություն, որը 2003-ից մինչ օրս խորհրդարանում իր բերանից անգամ գոլորշի չի արտաբերել: Սուսուփուս այդ մանդատավորը դաշնակցականների օլիգարխն է` «Աշտարակ- կաթ» ընկերության սեփականատերը:Լինելով անկուսակցական` Ափոյանը ե՛ւ երրորդ, ե՛ւ չորրորդ գումարման խորհրդարաններում հայտնվել է ամենահին կուսակցություններից մեկի` Հայ Յեղափոխական Դաշնակցության ընտրացուցակով: Իսկ կուսակցական չի դառնում, որովհետեւ դաշնակցությունը երբեմն-երբեմն ընդդիմադիր դաշտում է գործունեություն ծավալում, որը կարող է վտանգել Ափոյանի «գործարար համբավը»: Հայտնի իրողություն է, որ Հայաստանում ընդդիմադիր գործարարներ չեն լինում: Բայց քանի որ օրենքը պարտադրում է որեւէ կուսակցության համամասնական ընտրացուցակով պատգամավոր դառնալու դեպքում ընդգրկվել խորհրդարանում ձեւավորված այդ կուսակցության խմբակցության մեջ, ուստի Ափոյանը ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ է, ծագումով գյումրեցի: Ավարտել է Երեւանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը: Կաթնամթերքներին առնչվող տարբեր գործարաններում տարաբնույթ աշխատանքներ կատարելով` Ափոյանը ճարտարագետից ու հերթափոխի վարպետից հասել է մինչեւ Աշտարակի պանրագործարանի տնօրենի պաշտոնին, որից հետո նրա մոտ սեփականատիրական բնազդներն են տեղի տվել: Նա եղել է «Աշտարակ-կաթ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ, գործադիր տնօրեն, ապա` «Աշտարակ-կաթ» եւ «Երեւանի քաղաքային կաթի գործարան» ՓԲԸ-ի տնօրենների խորհուրդների նախագահ: Վերջին պաշտոններով Աշոտ Ափոյանն իր համար ճանապարհ է բացել դեպի հայրենի օրենսդիր մարմին, որպեսզի ՀՀ Սահմանադրության հետ խնդիրներ չունենա: Բայց նույնիսկ դա չի օգնում Անանիա Շիրակացու մեդալով պարգեւատրված Ափոյանին ազատվել օրինախախտի կարգավիճակից, քանի որ նա ուղղակիորեն ոտնահարում է ՀՀ սահմանադրության կոնկրետ հոդվածը, որտեղ ասված է, որ ԱԺ պատգամավորը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ: Գործարար այս պատգամավորին մանդատը անհրաժեշտ է ոչ թե խորհրդարանում, այլ դրա պատերից դուրս: Այսինքն` իր բիզնեսի համար տանիք է հանդիսանում պատգամավորական մանդատը: Նշենք, որ Աշոտ Ափոյանին, որպես անհատ պատգամավորի, խորհրդարանում քչերն են ճանաչում: Հագուկապն էլ առանձնապես չի մատնում նրա ով լինելը: Ափոյանը կա՛մ չի գալիս Ազգային ժողով, կա՛մ էլ այնպես ծածուկ է մտնում խորհրդարանի դահլիճ ու բզեզի արագությամբ հեռանում, որ անգամ շատ գործընկերներ չեն հասցրել ֆիքսել նրա դեմքը: «Էն սեւ մազերով մարդն ո՞վ է»,- մի անգամ հետաքրքրվեց ԱԺ Հանրապետական պատգամավորներից մեկը, որին ի պատասխան, մյուս ՀՀԿ-ականը «լուսավորեց», թե «դաշնակների գործարարն ա, գիտես մենակ մենք ունե՞նք»: Թեեւ պատգամավորների շրջանում ընդունված է ասել, որ իրենք խորհրդարանի դահլիճում ակտիվ չեն, քանի որ պոպուլիստական բաներ չեն սիրում, բայց փոխարենը հանձնաժողովների նիստերի ժամանակ «քարը քարին չեն թողնում», բայց Ափոյանը այս գործում էլ է թերանում: ՀՀ պետբյուջեից մի քանի հարյուր հազար դրամ աշխատավարձ ստացող այս գործարարը անգամ հանձնաժողովների նիստերին չի մասնակցում: Իսկ ինչ վերաբերում է քաղաքական մտքեր հայտնելուն, ապա այս դեպքում դա ճոխության գերադրական աստիճանը կարող է համարվել: Այդպիսիք Աշոտ Ափոյանի մոտ իսպառ բացառվում են: Իսկ թե ինչու է Դաշնակցությունը պարտաճանաչ կերպով խորհրդարան բերում այս գործարարին, թերեւս կարելի է ենթադրել: Ինչպես բոլոր կուսակցությունների համամասնական ընտրացուցակները, այնպես էլ Դաշնակցություն կուսակցության ընտրացուցակը կազմվում է հայկական մաղարիչի գործոնի ազդեցությամբ: Հայտնի է, որ բոլոր կուսակցություններում էլ կոնկրետ գումարների դիմաց են այս կամ այն մարդիկ հայտնվում ընտրացուցակի անցողիկ տեղերում: Այլ կերպ ասած` պատգամավորական մանդատ են գնում: Այնպես որ բացառված չէ, որ 2012-ի ընտրությունների արդյունքում եւս ԱԺ պատգամավոր դառնա Աշոտ Ափոյանը: Այդ ամենը պայմանավորված կլինի ընտրացուցակի անցողիկ տեղ ձեռք բերելու մասով Աշոտ Ափոյանի ցուցաբերած պատրաստակամությամբ: ԱԼԲԵՐՏ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ12 02 2011




Լրահոս