Մինչեւ 2012թ. ավարտը, ըստ մասնագետների, ոսկու 1 ունցիան կհատի 2000 դոլարի սահմանագիծը: Առաջին կիսամյակում ոսկու գինը կիջնի՝ կապված համաշխարհային տնտեսական աճի դանդաղման եւ դոլարի արժեւորման հետ: Դրանով հանդերձ, այս պահին հայկական շուկայում 1 գրամ ոսկին վաճառվում է 31-35 (585 հարգը), 45 (750 հարգը), իսկ ամենաբարձր՝ 957 հարգի ոսկին՝ 52-58 դոլարին համարժեք դրամով: Ձուլակտորի գրամը գնահատվում է 49-50 դոլար: Ոսկին սկսեց թանկանալ 2008թ. ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո՝ մեծացնելով նաեւ շուկայի անկայունությունը:
“Եթե 10 տարի առաջ Հայաստանում ոսկու գրամն արժեր 5 դոլար, այսօր այն գերազանցել է 31 դոլարը: Ենթադրվում է, որ միջազգային շուկայի թելադրանքով այն կհասնի մինչեւ 40 դոլարի,-“Ժողովուրդ”-հետ զրույցում մեկնաբանում է “Վաղարշ եւ որդիներ” ՍՊԸ-ին պատկանող բաղնիքի ոսկու շուկայի 22 տարվա վաճառող Հարություն Հարությունյանը,- Միջազգային գինը շատ արագ անդրադառնում է տեղական շուկայի վրա: Եղել է դեպք, երբ 1 ունցիայի հաշվով օրվա ընթացքում ոսկու գնի տատանումը հասել է 30-40 դոլարիե: Հ. Հարությունյանը վստահեցնում է, որ վաճառողներն “ապրանքի գնի մեջ մտնում են գրամում 1 դոլար”:
Հիմնականում վնասով աշխատող ոսկու շուկայի աշխատակիցները պնդում են, որ նեղվում են հարկային եւ մաքսային վարչարարությունից: Նրանց խոսքով՝ այս ոլորտը կարգավորող օրենսդրական բաց կա, եւ սպառողների շահերն աչքաթող են արված: Մեր երկրում մաքսային քաղաքականությունը սահմանափակում է ոսկու ազատ արտահանումը, որի պատճառով, ըստ Հարությունյանի, հանրապետությունում փողի շրջանառություն չի լինում: “Ոսկու դիլերները գալիս էին ոսկի առնելու, ապրում էին հյուրանոցում, օգտվում էին ռեստորանից, օդանավակայանից, հիմա ո՛չ գնորդ կա, ո՛չ էլ փող ֆռցնող, դրա համար էլ ծանր վիճակում ենք”,-կարծիք է հայտնում մեր զրուցակիցը:
Չնայած ոլորտի վերահսկիչներին՝ կեղծ ոսկեղենի շրջանառությունն այսօր էլ մնում է գերխնդիր, որը հեղինակազրկում է հայկական ոսկու բարի համբավը եւ մի քանի զեղծարարների պատճառով անվստահություն է ստեղծում մեր արտադրանքի նկատմամբ: Հ. Հարությունյանի խոսքով՝ փորձառու ոսկերիչը կեղծ ոսկին տեսքից էլ է ճանաչում: Պղնձի լարի վրա ոսկու բարակ շերտը, թեթեւ քաշը, արտաքին թույլ փայլը, ըստ մասնագետի, խոսում են ոսկու կեղծ լինելու մասին: Ոսկերիչը չի ողջունում իր գործընկերների արարքը, սակայն կարծում է, որ կեղծարարության մասսայականացմանը նպաստում է անպատժելիությունը:
“20 տարի առաջ ոսկու կեղծման համար պետությունը պատժում էր: Էսօր ոլորտում բարձիթողի վիճակ է: Հանրապետությունում կան մի քանի մասնավոր լաբորատորիաներ, որոնք որոշ անբարեխիղճ ոսկերիչների պատվերով կեղծ պլոմբներ են դնում: Դա գիտի հաճախորդը, էլ չի խաբվում, ոսկի գնում է միայն ծանոթի մոտից”,-նշում է Հարությունյանը:
Էկոնոմիկայի նախարարությունից այս առթիվ մեկնաբանեցին, որ դեռեւս 6 ամիս առաջ ստեղծվել է շուկայի վերահսկողության պետական տեսչություն, որը զբաղվում է ոչ պարենային ապրանքների ուսումնասիրությամբ: Նախարարությանը փոխանցեցինք սպառողների դժգոհություններն ու հետաքրքրվեցինք, թե արդյոք հայտնաբերվել է որեւէ խախտում: “Ոսկու շուկան ամբողջությամբ վերահսկվելու է, առաջիկայում կսկսվեն մանրակրկիտ ստուգումները: Առայժմ խախտումներ գրանցված չեն, սակայն հայտնաբերելու դեպքում խախտողները վարչական տուգանքի կենթարկվեն: Ստեղծվել է բավականին լրակազմ լաբորատորիա, որը թույլ է տալիս որոշելու ոսկու հարգն ու հարգադրոշմումը”,-տեղեկացրին նախարարության լրատվության բաժնից:
Ոսկու վաճառքի ամենալավ սեզոնն ամառն է, երբ “դրսից գալիս են աղջիկ ուզելու”` պնդում են առեւտրականները: Բիզնես տեսակետից վաճառողն օրը հաջող է համարում, երբ միջին հաշվով ունենում է 10 գնորդ, իսկ ,մեռած սեզոնինե 2-3 կտոր ոսկյա զարդ վաճառելը համարվում է “հունար”: Հաջողության գրավականը վաճառողները համարում են “սեփական վարկանիշը՝ մաքուր աշխատելը”, այլապես մնում են ձեռնունայն:
Ինչպես պարզեց ,Ժողովուրդե-ն իր շրջայցի ընթացքում, ոսկու շուկայում բացակայում էին ՀԴՄ-ները եւ գնապիտակները: “Դե վաճառված ապրանքի 1%-ը հարկային ենք տալիս, բայց դե ամենօրյա վերահսկողությունն անհնար է: Ուստի ուրիշ մեթոդ պիտի մշակեն, սա խանգարում է մեզ եւ պետությանը: Խնդիրը կապված է նաեւ դոլարի ժամառժամ փոխվող կուրսի հետ”,-ասում են որոշ վաճառողներ: Իսկ գնապիտակների բացակայության հանգամանքն էլ մեր զրուցակիցները բացատրում են հետեւյալ կերպ. “Շուտ կեղտոտվում են, իսկ հավաքելիս՝ խճճվում”: Սակայն նաեւ կատակով նշում են. “Եթե գնորդը փողատիրոջ տպավորություն է թողնում, մի քիչ ավել գին ենք ասումե:
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ