Մի բան է մտածելը, մեկ այլ բան է դրա մասին ասելը. Գուրգեն Եղիազարյանը` Գագիկ Ծառուկյանի` իրար հակասող հայտարարությունների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայաստանում առկա խնդիրները լուծելու համար մեզ անհրաժեշտ է ոչ թե պատերազմել միմյանց դեմ, այլ հանգիստ, առանց միմյանց վիրավորելու աշխատել, ցույց տալ առկա բոլոր բացերը, գտնել լուծումներ և կյանքի կոչել դրանք: Միայն այդպես է հնարավոր վերացնել այն իրավիճակը, որն այսօր մենք ունենք մեր երկրում: Ցավով եմ նշում, որ վերջին օրերի ընթացքում գործընթացները մեր երկրում բոլորովին այլ ուղղությամբ են ընթանում: Սա որևէ բարի տեղ չտանող ուղղություն է… Թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության խնդիրն է չանցնել ողջամտության սահմանը: Բոլոր խնդիրները պետք է լուծվեն խաղաղ, օրինական, քաղաքական ճանապարհով»,-Գագիկ Ծառուկյանի` այսօրվա հայտարարությունը մի կողմից ամեն բան իր տեղը դրեց, մյուս կողմից` հարցերն ավելի շատացան:

ՀՀ Ազգային անվտանգության պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը վստահ է, որ պետք է համբերությամբ զինվել և սպասել, թե մինչև մարտի 1-ն իրադարձություններն ինչպես կզարգանան: Գ. Եղիազարյանի խոսքով` նախ պետք է իմանալ` ինչ բնույթի խոսակցություն է եղել Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի միջև, հետո միայն մեկնաբանություններ տալ:

«Գագիկ Ծառուկյանը խոսում է արյուն չթափելու մասին, և մոտեցումը բացարձակ ճիշտ է»,- ասաց Գուրգեն Եղիազարյանը: Հարցին` այդ դեպքում ինչո՞ւ էր ԲՀԿ առաջնորդը օրեր առաջ մարտահրավերն ընդունելու մասին հայտարարում և կոչ անում համախմբվել, Գ. Եղիազարյանը պատասխանեց. «Մի բան է մտածելը, մեկ այլ բան է դրա մասին ասելը: Քանի որ նրանց զրույցի տեսագրությունը չկա, չեմ կարող ասել որևէ բան: Սակայն կարելի է մոտավորապես կռահել` ինչի մասին է խոսք եղել»,- ասաց մեր զրուցակիցը:

Իսկ տարածված լուրերի վերաբերյալ, թե Գագիկ Ծառուկյանը պատրաստվում է լքել քաղաքականությունը, Գ. Եղիազարյանը նշեց.«Գագիկ Ծառուկյանն այդ մարդը չէ»:




Լրահոս