1in.am-ը գրում է. «Ազատամարտիկների դաշինք» կազմակերպության հրամանատարական խորհրդի անդամները հրաժարվեցին պարզաբանումներ տալ, թե ինչ են իրենք պատրաստվում անել ստեղծված նոր իրավիճակում: Նրանք խոստանում են մի քանի ժամից պաշտոնական հայտարարություն հրապարակել:
Հրամանատարները խորհրդի նիստ են անցկացրել և այդպես էլ չեն կարողացել որոշում կայացնել: Գեներալ-լեյտենանտ Գագիկ Մելքոնյանը հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հայտարարության վերաբերյալ: Նա գնում էր հանդիպման: Ըստ խորհրդի անդամների՝ որոշում կայացնելու համար կազմակերպության ղեկավարները պետք է փորձեն հանդիպել ՀԱԿ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ: «Մենք կարդացել ենք հայտարարությունները, սակայն ամեն ինչ չէ, որ հստակ է: Միայն այդ հանդիպումների արդյունքում մենք որոշում կկայացնենք»:
«Ազատամարտիկների դաշինք» կազմակերպության անդամները պնդում են, որ այս պահին միանշանակ է մի բան. իրենք փետրվարի 20-ին լինելու են Ազատության հրապարակում՝ ժողովրդի կողքին: «Եռյակի լիդերներից Րաֆֆի Հովհաննիսյանը արդեն հայտարարել է, որ ինքը լինելու է Ազատության հրապարակում, մենք նույնպես կլինենք այնտեղ: Մնացածը կերևա ժամանակ ընթացքում»,-ասում է հրամանատարական խորհրդի անդամներից մեկը, որը մինչև կազմակերպության կողմից պաշտոնական հայտարարությունը չի ցանկանում հրապարակավ հանդես գալ:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում