Բրիտանական HSBC բանկի ժնևյան մասնաճյուղում խուզարկություններ են իրականացվում: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը:
«Դատախազությունը հայտարարում է, որ HSBC-ի շվեցարական մասնաճյուղի գործունեության հետ կապված՝ վերջին բացահայտումներից հետո ընդդեմ բանկի քրեական գործ է հարուցվել»,- գործակալությունը մեջբերում է Ժնևի շրջանի վերահսկողական մարմնի հայտարարությունը:
Հիշեցնենք, որ փետրվար ամսին եվրոպական լրատավամիջոցները մի հետաքննություն էին հրապարակել, ըստ որի՝ HSBC բանկն օգնել է հարուստ հաճախորդներին խուսափել հարկերից:
Հիշեցնենք նաև, որ Armlur.am-ն ավելի վաղ գրել էր, որ Գարեգին Բ Կաթողիկոսի անվամբ հաշվեհամար է առկա HSBC բանկում: Ամենայն Հայոց Կաթողիկոսի մամուլի խոսնակ Վահրամ քահանա Մելիքյանն Armenpress.am-ի հետ զրույցում ասել էր. «HSBC բանկի հաճախորդների ցուցակների և հաշվեհամարների վերաբերյալ բանկի աշխատակցի կողմից գողացված տեղեկատվության հրապարակումը Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի կայքում, որտեղ նաև տեղ է գտել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունը, լայնորեն տարածում է գտել հայաստանյան զանգվածային լրատվամիջոցներում, նաև տեղիք տվել անհարկի մեկնաբանությունների»: