Հույս ունեմ՝ «զադնի» չտվող քաղաքական ուժերը կհամախմբվեն. Դավիթ Սանասարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Դավիթ Սանասարյանը հույս ունի, որ «զադնի» չտվող քաղաքական ուժերը կհամախմբվեն: Դ. Սանասարյանն այս մասին նշել է սոցցանցում կատարած գրառման մեջ:

«Ես հիասթափվում եմ բոլոր հիասթափվողներից: Ես ունեմ մի խնդիր, դա հիասթափվելու մեծ պոտենցիալ ունեցող քաղաքացիների առատությունն է

Պայքարող մարդու համար պայքարից մեկի դուրս գալը չպետք է հիասթափության առիթ լինի, իսկ եթե կա, նշանակում է նրանք չէին պայքարում, պարզապես դրա իմիտացիան էին անում, ու իրենց փոխարեն իրենց միֆաստեղծության հերոս միֆն էր պայքարում…

Քաղաքական դաշտում շուտով 10 տարին կլարա, որ ես ճանաչել եմ մի մարդու, ով իր բոլոր սխալներով հանդերձ, իմ համար եղել և մնում է պայքարող տեսակի հատուկենտ օրինակներից մեկը, այդ մարդը Րաֆֆին է, ով նոր որակ ու նոր մշակույթ է բերել ՀՀ քաղաքական դաշտ, ում կարող եք հեգնել, հարգելի քաղաքացիներ, կամ գռեհիկ լրագրողներ, բայց ումից շատ բան եք սովորել, ով ձեզ վերևից չի նայում ու ով յուրաքանչյուրիդ հոգսով է ապրում…

Ուրբաթ օրը` ամսի 20-ին, ժամը 16.00-ին Րաֆֆիի հետ լինելու եմ Ազատության հրապարակում…: Ու հույս եմ հայտնում, որ առաջիկայում «զադնի» չտվող քաղաքական ուժերն ու քաղաքացիները կհամախմբվեն, քանի որ սա ինչ-որ մեկի կռիվը չի, այս պայքարը Հայաստանի անկախության ու սահմանադրականության հաստատման կռիվն է…Ու բոլորը պետք է ամբիցիաները դնեն մի կողմ, համախմբվեն, բռունցք դառնան, որ ռեժիմը նահանջի, այլ ճանապարհ չկա…»:




Լրահոս