ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԿՊԱՅՔԱՐԵՆ
Լոնդոնի օլիմպիական խաղերում հունահռոմեական ոճի ըմբիշների 66 կգ քաշայինների 1/16-րդ եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչ Հովհաննես Վարդերեսյանը պարտվեց հարավկորեացի Հիոնվու Կիմին 0:1, 0:3 հաշվով: Վերջինս կիսաեզրափակչում պարտության մատնեց ֆրանսիացի Ստիվ Ժենոյին եւ դուրս եկավ եզրափակիչ, ինչը նշանակում է, որ Հովհաննեսն իրավունք ստացավ պայքարել բրոնզե մեդալի համար: Բրոնզե մեդալի համար պայքարելու իրավունք  է ստացել նաեւ մինչեւ 96 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Արթուր Ալեքսանյանը. քառորդ եզրափակչում հայ ըմբիշին հաղթած իրանցի Ղասեմ Ղոլամրեզա Ռեզային նույնպես դուրս եկավ եզրափակիչ: Իրանցին կիսաեզրափակչում պարտության մատնեց կուբացի Յունիոր Էստրադային:

ԳԼԽԱՎՈՐՈՒՄ Է
Շախմատի մինչեւ  20 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Սամվել Տեր-Սահակյանը 4.5 միավորով եւս երեք շախմատիստի հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Մյուս հայ շախմատիստները՝ Կարեն Գրիգորյանը եւ Վահե Բաղդասարյանը, զբաղեցնում են համապատասխանաբար 9-րդ եւ 50-րդ հորիզոնականները: Նշենք, որ 5-րդ տուրում Տեր-Սահակյան-Յի Վեյ պայքարն ավարտվեց հայ շախմատիստի հաղթանակով:

ԴՈՒՐՍ ՄՆԱՑ

Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող նիզականետորդուհի Քրիստինե Հարությունյանը  երեք փորձերից հաջող կատարեց միայն առաջինը՝ նիզակը նետելով 47,65 մ: Մյուս երկու փորձերը նա ձախողեց՝ դուրս մնալով հետագա պայքարից: Հաջորդ փուլ են անցնում որակավորման երկու խմբերում ընդգրկված 42 մարզուհիներից 12 լավագույն արդյունքներն արձանագրած նիզականետորդուհիները:

ՇԱՆ ՊԵՍ
Ռուսաստանում կինը մի քանի տարի շարունակ որդուն սեղանի ոտքից շան պես կապած է պահել: Խնամակալության աշխատակիցները մորը զրկել են ծնողական իրավունքից, իսկ երեխային ուղարկել բուժվելու: Մայրը որդու ծնվելու պահից` 2005-ից, չի զբաղվել նրա խնամքով: Այժմ երեխան գտնվում է վերականգնողական կենտրոնում, որտեղ նրա հետ աշխատում են հոգեբանները եւ բժիշկները: Երեխայի  մայրը պետք է հոգեբուժական փորձաքննություն անցնի:

ՄԱՏԱԿԱՐԱՐԸ
ՌԴ Ռոստովի շրջանում ոստիկանությունը «ձերբակալել է»  թմրանյութեր տեղափոխող կատվին, որը թմրանյութը բերել է Շախտի քաղաքում գտնվող բանտային հիվանդանոց: Ոստիկանները հատուկ գործողությունների արդյունքում պարզել են, որ բանտային հիվանդանոցում հայտնվող թմրանյութերի «մատակարարը» սեւ կատուն է:  Ոստիկանությանը հայտնի է դարձել, որ հանցագործները թմրանյութը տեղադրել են կատվի վզակալի ներսի հատվածում ու նրան բաց թողել: Կատուն ինքնուրույն վերադարձել է բանտ: Հանցագործները ձերբակալվել են հենց այն պահին, երբ հերթական անգամ թմրանյութը տեղադրում էին կատվի վզակալի մեջ:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՇԱԲՈՅԱՆԸ




Լրահոս