Ինչպես հայտնի է, փետրվարի 12-ի ՀՀԿ Գործադիր մարմնի նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կոշտ գնահատականներ հնչեցրեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հասցեին և մի քանի հանձնարարական տվեց:
«Տարիներ ի վեր շարունակում են օդում կախված մնալ չստուգված լուրերը չմուծված միլիարդավոր դրամ հարկերի, տարեցների կենսաթոշակներից ու երիտասարդների կրթվելու իրավունքից գողացված միլիարդները չնչին, այսպես ասած, «բարեգործության» անվան տակ քողարկելու մասին: Ես հորդորում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետին՝ հանձնարարել համապատասխան մարմիններին մինչև վերջ ու մանրամասն ստուգել այս լուրերի իսկությունը և բաց ներկայացնել բոլորին», – ասել է նա:
Արդեն փետրվարի 14-ին Ֆինանսների նախարարություն էր ուղարկվել կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի նամակը, համաձայն որի` պետք է ստուգում իրականացվեր Գագիկ Ծառուկյանին պատկանող բիզնեսներում` պարզելու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարի՝ բարեգործական գործունեությամբ քողարկված` չմուծված հարկերի մասին լուրերի իսկությունը:
Հանձնարարակնից չորս օր է անցել, սակայն իրականացված ստուգումների արդյունքներից որևէ բան հայտնի չէ: Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումից ու հաշտությունից հետո պարզ է դառնում, որ ստուգումները, դեռ չսկսված, ավարտվել են: Որպես հաշտության ժեստ` Սերժ Սարգսյանը, ըստ ամենայնի, կհրամայի դադարեցնել ստուգումներն ու այդպես «անառիկ» կպահի նրա բիզնեսները:
Նշենք, որ ՀՀԿ և ԲՀԿ առաջնորդների հանդիպման ժամանակ որոշվել էր, որ Գագիկ Ծառուկյանին չարժե կալանավորել և զրկել պատգամավորական մանդատից, պարզապես անհրաժեշտ է թուլացնել նրա դիրքերը:
Armlur.am-ն ավելի վաղ ներկայացրել էր, թե 2014թ. որքան հարկ են վճարել Գ. Ծառուկյանին պատկանող ընկերությունները:
Հավելենք, որ հաշտությունից հետո դադարել են նաև ԲՀԿ-ականների հանդեպ ճնշումները: