«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի տարբեր կուսակցությունների պատգամավորներ երեկ այդպես էլ չկարողացան հստակ գնահատական տալ Սարգսյան-Ծառուկյան զինադադարին կամ հաշտությանը, ո՛չ էլ որեւէ մեկը հստակ հաստատեց կամ հերքեց՝ ի վերջո, Դաշնակցության «քավորությա՞մբ» է կողմերի միջեւ հաշտությունը կայացել, թե՞ ոչ:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը, սովորության համաձայն, խուսափեց հստակ պատասխանից՝ ասելով, որ ինքը ծանոթ չէ Ծառուկյանի առավոտվա հայտարարությանը, որով չեղյալ է համարել հայտարարված հանրահավաքը, եւ կարող է պատասխանել միայն այն ժամանակ, երբ ծանոթանա:
ՕԵԿ-ից Մհեր Շահգելդյանն էլ ասաց, որ «Օրինաց երկիր» կուսակցությունը Հայաստանում առկա ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները կհնչեցնի փետրվարի 19-ին, կուսակցության քաղխորհրդի նիստից հետո: Մեր այն դիտարկմանը, թե զուգահեռներ են անցկացվում ԲՀԿ-ի եւ ՕԵԿ-ի միջեւ՝ Շահգելդյանը պատասխանեց. «Ով որ սխալ զուգահեռներ է անցկացնում, թող գնա իր մասին մտածի, որովհետեւ յուրաքանչյուր քաղաքական գործիչ իր մոտեցումներն ունի եւ իր տարբերակներով է առաջ շարժվում»: