Հայ-թուրքական սահմանին գտնվող պատմական Անի քաղաքի ավերված եկեղեցիները սկսել են վերանորոգել, տեղեկացնում է “Ակօս”-ը:
Վերանորոգման աշխատանքներն սկսվել են Անիի Ամենափրկիչ և Սուրբ Գրիգոր եկեղեցիներում: Աշխատանքներն իրականացվում են Համաշխարհային հուշարձանների հիմնադրամի, Կարսի Մշակույթի և տուրիզմի վարչության և Ամերիկայի դեսպանատան ֆինանսավորմամբ:
Աշխատանքները տևելու են մինչև սեպտեմբերի 15-ը: Այս ընթացքում վերանորոգվել են նաև Անիի տարբեր եկեղեցիների ճեմուղիներն ու ճանապարհները: “Փամուքքալե” համալսարանի դոցենտ Ֆահրիյե Բայրամը տեղեկացրել է, որ արդեն իրականացվել է Սուրբ Գրիգոր եկեղեցու շրջակայքի բարեկարգման և մաքրման աշխատանքները:
Բայրամը նշել է, որ Սուրբ Գրիգոր եկեղեցին կառուցվել է 980 թ-ին: Նա նշել է, որ Անին շատ հին պատմություն ունի և առևտրի ու կրոնական կենտրոն է եղել: “Այստեղ պետք է պեղումներ և վերակառուցման աշխատանքներ կատարվեն: Դրանք շարունակվելու են նաև առաջիկա տարիներին”,-ասել է նա:
1036 թ-ին Սմբատ թագավորի կողմից կառուցված եկեղեցին վերանորոգվել է 1291 և 1342 թվականներին: 1930-ական թվականներին կայծակի հարվածից այն երկու կես էր եղել: Այժմ վերակառուցման աշխատանքների շրջանակներում քանդված կտորները հավաքվում և համարակալվում են: Այս եկեղեցու վերանորոգման աշխատանքներում 20 մասնագետ է ներգրավված:
Աղբյուր` Tert.am