Վանաձորի ավագանու անդամ, «Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր» ՊՓԲԸ-ի տնօրեն Գայանե Քալանթարյանն այս տարի եւս առաջադրելու է իր թեկնածությունը, իսկ ահա իգական սեռի ներկայացուցիչ մյուս հայտնի բժշկուհի, «Վանաձորի թիվ 2 հիվանդանոց» ՓԲԸ լաբորատոր-ախտորոշիչ բաժանմունքի վարիչ, ավագանու նախկին անդամ Այծեմնիկ Օհանյանը որոշել է զերծ մնալ ընտրական գործընթացին մասնակցելուց:
Գայանե Քալանթարյան
-Ինչո՞ւ եք ցանկանում հերթական անգամ առաջադրվել:
-Երեք անգամ ընտրվել եմ ավագանու անդամ: Մտածեցի, որ այս անգամ եւս ես չեմ կարող կողքից նայել իմ քաղաքին… Շատ երկար մտորեցի, մտածեցի, որ դեռեւս անելիք ունեմ:
-Որպես կին՝ դժվար չէ՞ որոշիչ դեր խաղալ համայնքային խնդիրների լուծմանը:
-Գիտեք ինչ, ես բնավ սեռային տարբերություն չեմ դնում: Ես հոգեբուժական ծառայությունների ոլորտն եմ ղեկավարում, հիմնարկություն եմ ղեկավարում: Ինձ համար դժվար չէ որոշումներ կայացնելը:
-Քաղաքապետի թեկնածուների մասին ի՞նչ կարող եք ասել:
-Ցանկանում եմ՝ ընտրվի այն քաղաքապետը, որին ժողովուրդն իրապես կընտրի:
Այծեմնիկ Օհանյան
-Ինչո՞ւ չեք առաջադրում Ձեր թեկնածությունը որպես ավագանու անդամ:
-Ոչ մի դեպքում: Ես որոշել եմ, որ դա իմը չէ, ես բժիշկ եմ, բժիշկ էլ կաշխատեմ:
-Տեղեկություններ կան, որ Դուք դեմ եք քվեարկել քաղաքապետ Դարբինյանի առաջարկած նախագծերին, այդ պատճառով էլ նախորդ ընտրություններին չեք ընդգրկվել ավագանու կազմում:
-Չեմ կարծում: Հա՛, ես շատ հարցերում ունեմ իմ կարծիքը, իմ պրինցիպիալ մտածելակերպը, բայց չեմ կարծում, որ հատուկ դրա համար չեմ անցել:
-Քաղաքապետի առաջիկա ընտրությունների մասին ի՞նչ կարող եք ասել: Արդեն հայտնի են թեկնածուների անուններ՝ գործող քաղաքապետ Սամվել Դարբինյան, անկուսակցական Կարեն Թումանյան, նախկին փոխմարզպետ, ԲՀԿ-ական Էդիկ Կարախանյան:
-Ես ԲՀԿ անդամ եմ, ու դրանով ամեն ինչ ասված է:
-Ըստ Ձեզ՝ այս ընտրությունները կարո՞ղ են արդար լինել:
-Դուք արդար ընտրություններ տեսե՞լ եք:
-Ես չէ:
-Ես էլ չէ: Ես ավելի երկար եմ ապրում, ես էլ չէ:
-Այսինքն՝ այս ընտրություններում կեղծիքնե՞ր կլինեն:
-Միանշանակ: Կօգտագործվեն բոլոր լծակները: Դա էլ է ընտրություն, ցավոք, դա էլ է ընտրություն:
Վանաձոր