Ինչպես Armlur.am-ն արդեն հայտնել էր, այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է Սերժ Սարգսյանի իմպիչմենտի հարցը: Նշենք, որ նա արդեն երկրորդ անգամ է բարձրացնում Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հարցը:
Փաստաթղթում ներկայացվում է 10 կետ, 10 հիմնավորումներ, որոնք պատճառ կարող են հանդիսանալ Սերժ Սարգսյանի պաշտոնանկության համար: Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է պետական դավաճանության 1 դեպք, 8 հանցագործություն՝ պաշտոնական դիրքի չարաշահում, որին գումարել է նաև 1-ը՝ Քրեական օրենսգրքի 308 հոդվածը, համաձայն որի պաշտոնական լիազորությունը ծառայեցրել է խմբային շահերի համար և խտրական մոտեցում է ցուցաբերել ԲՀԿ ղեկավարի նկատմամբ: Վերջին կետը Նիկոլ Փաշինյանի փաստաթղթում ավելացել է ՀՀԿ Խորհրդի նիստից հետո, երբ Սերժ Սարգսյանը խիստ քննադատության ենթարկեց Գագիկ Ծառուկյանին: Նիկոլ Փաշինյանը հերթով կարդաց այդ դրվագները՝ ասելով, որ դրանցից յուրաքանչյուրը կարող է ապացուցել ցանկացած ատյանում:
Նշենք, որ նիստին ներկա են մի քանի ՀՀԿ-ական պատգամավոր, ՀԱԿ-ից՝ Գագիկ Ջհանգիրյանը, «Ժառանգություն»-ից՝ Զարուհի Փոստանջյանը: