Տրամպլին` երիտասարդ ստեղծագործողների համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի ստեղծագործ շերտը` դերասաններ, ռեժիսորներ, նկարիչներ եւ այլ արվեստագետներ, մի վայրում հավաքվելու եւ համատեղ նախագծեր իրականացնելու հնարավորություն կստանան: Արվեստի ոլորտի մի քանի երիտասարդներ, այդ թվում՝ «Խամաճիկներ»-ի պետական թատրոնի դերասաններ, որոշել են վերադարձնել տարիներ առաջ գործած ավանդույթը. «Մի ժամանակ Երեւանի թատերական եւ Երեւանի գեղարվեստի ինստիտուտները միասին էին, այս երկու ոլորտների արվեստագետները՝ մշտական կապի մեջ: Հիմա, երբ այդ թելը կտրվել է, ցանկություն ունենք նույն սխեմայով տարբեր ոլորտի անձանց հավաքել մի վայրում, հետաքրքիր ներկայացումներ անել, փոքրիկ ֆիլմեր ցուցադրել, ցուցահանդեսներ կազմակերպել եւ այլն»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում մեկնաբանեց ռեփեր, դերասան Համո Ադիյանը:

Նրա խոսքով՝ ժամանակին, երբ Անգլիայում ստեղծվեց փաբը, այդ տարածքում մարդիկ թատրոնի փոքր մոդելը հիմնեցին, փոքր ներկայացումներ արեցին, եւ այդ կուլտուրան այնքան զարգացավ, որ հոլիվուդյան շատ աստղեր, այդ թվում՝ Գարի Օլդմենը, դուրս եկան հենց այդ փոքր թատրոնից: «Սա կարող է տրամպլին հանդիսանալ բոլոր երիտասարդ ստեղծագործողների համար, ոգեւորել նրանց, իրենց ոլորտում առաջ գնալու հնարավորություն տալ: Նրանք կստանան բեմ՝ ներկայացումներ, մոնոներկայացումներ, «stand-up» շոուներ անելու համար»,-ընդգծեց Հ. Ադիյանը՝ հավելելով, որ իրենք մտադիր են համագործակցել տարբեր թատերախմբերի եւ փառատոնների հետ:

Նրա խոսքով՝ իրենք փորձել են «այս մոխրագույն դարձած քաղաքում» արվեստի մարդկանց համախմբելով՝ մի նոր, գունավոր մթնոլորտ ստեղծել, կտրել մարդկանց տեխնոլոգիական դարաշրջանի բերած անվերջանալի ինֆորմացիաներից եւ արվեստին մոտեցնելու ուղիներ ցույց տալ, վերականգնել մարդկային շփումները:

Դերասան, նկարիչ Հակոբ Հակոբյանի խոսքով էլ սպասվում են կտավների, կոլաժների ցուցահանդեսներ. «Մենք շահագրգռված ենք, որ երիտասարդ նկարիչներն իրենց ստեղծագործությունները ներկայացնելու հարթակ ունենան: Կկազմակերպվեն տարբեր միջոցառումներ՝ նրանց աջակցելու համար»,-մեզ հետ զրույցում ասաց նա:

Աննա Բաբաջանյան




Լրահոս