Նոր սերունդը ռետրո երաժշտությունից շատ է հեռացել. Սոնե Սիլվեր (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգչուհի Սոնե Սիլվերը (Սոնա Մովսեսյան), ում ներկայացրած գործերը հասցրել են հետաքրքրել միջազգային երաժշտական ապրանքանշանների, այն կարծիքին է, որ հայերս չենք սիրում ակումբային երաժշտություն, եւ դա ազգային ճաշակի խնդիր է: Նա «Ժողովուրդ»-ի հետ զրույցում խոսել է ակումբային երաժշտությամբ միջազգային ասպարեզ դուրս գալու, արտերկրի DJ-ների հետ համագործակցության եւ այլ թեմաների շուրջ:

-Սոնե՛, ակումբային երաժշտության զարգացման միտումը Հայաստանում ինչպե՞ս կգնահատեք:

-Ցավոք, չեմ կարող ասել, որ ակումբային երաժշտությունը Հայաստանում, առհասարակ, զարգացում է ապրում: Սա ընդամենը ազգի երաժշտական ճաշակի խնդիր է: Հայերն ակումբային երաժշտություն չեն սիրում, մեր շատ քիչ տոկոսն է հետաքրքրված դրանով:

5374427742_0f28c4d91c_z

-Գուցե պատճառն այն է, որ շոու-բիզնես անել Հայաստանում հնարավոր է միայն հարսանեկան, ծնունդ-կնունքային երգերի միջոցո՞վ, այնինչ միջազգային ոլորտում պատկերը բոլորովին այլ է:

-Այո՛, դա իսկապես այդպես է: Կոնկրետ իմ երգերի ոճը թույլ տվեց ինձ ունենալ նաեւ օտարազգի լսարան, ու թեեւ նրանք շատ մեծ թիվ չեն կազմում, այնուամենայնիվ, ինձ ուրախացնում է նրանց գոյությունը: Իսկ աշխարհին մոտենալու համար պարզապես պետք է ձգտում ունենալ եւ ջանասիրաբար աշխատել այդ ուղղությամբ: Եվ դա կստացվի, քանի որ հայերս ունենք հանճարեղ երաժիշտներ ու կատարողներ, որոնք ունակ են դուրս գալ միջազգային ասպարեզ:

-Գիտենք, որ Ձեր աշխատանքները հետաքրքրել են հայտնի միջազգային Label-ների: Չգիտես ինչու՝ այդ մասին ԶԼՄ-ները շատ չեն խոսում: Կպատմե՞ք Ձեր հաջողություններից:

-Հայկ Սոլարի եւ Արնի Ռոքի հետ մեր աշխատանքները գնահատվեցին շատ հայտնի միջազգային Label-ներում, եւ նրանց միջոցով թողարկվեցին մեր երգերը: Մեր վերջին երգը՝ «Didn՚t I»-ը, թողարկեց աշխարհահռչակ «Sony Label»-ը եւ դարձավ մեր երգի պաշտոնական ներկայացուցիչը: Նաեւ ունեմ երգ իսպանացի DJ-ների հետ, որը կոչվում է «Love in Barcelona»:

a1901fb8295c

-Դասավանդում եք Ռոմանոս Մելիքյանի անվան ուսումնարանի էստրադային վոկալի բաժնում: Առաջնահերթ ի՞նչ որակներ եք փորձում սերմանել Ձեր սաների մեջ: Եվ նրանց շրջանում կա՞ մի ընդհանուր միտում, որ մտահոգիչ է թվում:

-Իմ սաներին վոկալի տեխնիկային ծանոթացնելուց զատ՝ սովորեցնում եմ հոգով զգալ երաժշտությունը: Եվ մի բան եմ սերմանում նրանց մեջ. որ երբեք չգոռոզանան, երգիչը պետք է միշտ խոնարհ լինի իր լսարանի առջեւ: Ցավում եմ միայն, որ նոր սերունդը ռետրո երաժշտությունից շատ է հեռացել…Սաներիս հետ երգում ենք բոլոր ժամանակների սիրված երգերը: Ըստ իս, մեղեդի ասվածը միայն այդ հին երգերի մեջ է…
-Դուք Ձեր ներկայացրած երաժշտական ոճում անդրադարձաք այնպիսի լուրջ թեմայի, ինչպիսին Հայոց ցեղասպանությունն է: Սա յուրահատուկ խոսք է, որը պետք է որ ընկալելի լինի հատկապես միջազգային հանրության համար: Երբեւէ պետական կառույցներից Ձեր արվեստի հանդեպ ուշադրություն նկատե՞լ եք, հովանավորների դիմե՞լ եք:

-Այս ոլորտի ներկայացուցիչները հիմնականում դիմում են նման հարցերով ինչ-որ մարդկանց, իսկ ես հեռու եմ նման բաներից. ամեն ինչ անում եմ ինքս՝ ընկերներիս օգնությամբ: Դեմ եմ նաեւ, երբ, կոպիտ ասած, զոռով այնպես են անում, որ ինչ-որ երգ հիթ դառնա կամ մարդկանց ականջները «հարմարվեն» տվյալ երգին:

Sone+Silver++1

-Օրերս լուրեր տարածվեցին այն մասին, որ Դուք նշանադրվել եք, անգամ լուսանկարներ հայտնվեցին համացանցում: Երկրպագուներին հետաքրքիր է՝ Ձեր ընտրյալը Ձեր ոլորտի հետ կապ ունի՞, եւ արդյո՞ք անձնական կյանքում գրանցված փոփոխությունը կարող է որեւէ կերպ ազդել գործնական կյանքի վրա:

-Ասեմ, որ նշանածս իմ ոլորտից շատ հեռու է… (ժպտում է): Իսկ իմ անձնական կյանքում գրանցվող փոփոխությունները երբեւէ չեն անդրադառնա երգարվեստի ոլորտի գործունեությանս վրա: Եվ եթե հաշվի առնենք հայ տղամարդու մենթալիտետին առնչվող որոշ հարցեր, շատ գնահատում եմ նշանածիս վերաբերմունքը եւ երջանիկ եմ, որ մենք նման խնդիր չունենք: Կյանքում ամեն բան կախված է առողջ փոխհարաբերություններից եւ փոխադարձ վստահությունից:

Աննա Բաբաջանյան




Լրահոս