Մտավորականները՝ վերջին օրերի քաղաքական հակամարտության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին շրջանում Հայաստանի ներքին քաղաքական կյանքն ուղեկցվում էր լարված իրադարձություններով, որոնք ժողովրդի շրջանում հույս, ապա հիասթափություն առաջ բերեցին: Ընդամենը մի քանի օր առաջ Սերժ Սարգսյանի հայտնի ելույթից հետո, որի ընթացքում նա նշեց, որ Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը Հայաստանի համար դարձել է չարիք, ծայր առավ ՀՀԿ-ԲՀԿ «հակամարտությունը»: ԲՀԿ-ն անգամ մտադիր էր հանրահավաք անցկացնել, սակայն Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումից հետո այն չեղյալ հայտարարվեց, դրան զուգահեռ մարեց նաեւ ժողովրդական շարժումը: Մարդիկ, ովքեր հույս էին կապում ԲՀԿ-ի հետ, կտրուկ հիասթափություն ապրեցին: «Ժողովուրդը» զրուցել է մտավորականների հետ՝ պարզելու նրանց դիրքորոշումը ստեղծված իրավիճակի շուրջ:

Լեզվաբան Դավիթ Գյուրջինյանը, օրինակ, խոստովանեց, որ շատ է տխրել այս պրոցեսներից հետո: «Ես ժողովրդի մարդ եմ եւ տեսնում եմ, որ հասարակության շրջանում ընկճվածություն կա: Վերջինս լավ ապագայի հույսեր, փոփոխության հեռանկար է ունեցել, որը չի իրականացել: Հիասթափությունը պատեց ժողովրդին հատկապես երկու առաջնորդների՝ գաղտնիության քողի տակ կայացած հանդիպումից, պայմանական հաշտությունից հետո: Մարդիկ հասկացան, որ ոչ մի փոփոխություն էլ չի լինելու»,-մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց նա:

davit gyurjinyan

Գրող, հրապարակախոս Արթուր Հայրապետյանն էլ այն համոզման է, որ ժողովուրդը այս էլ որերորդ տարին է՝ տարբեր քաղաքական ուժերի կողմից խաբվում է եւ հույսը կորցնում: «ԲՀԿ-ն բազմիցս ապացուցել է, որ վախկոտ լիդեր ունի, ով վերջին րոպեին հանգիստ կարող է մտադրությունը փոխել: Այն երբեք ընդդիմություն չի եղել եւ չի լինելու. ինքնահռչակ այլընտրանք էր, որը ժամանակ առ ժամանակ դառնում էր հաճախորդ: Մեր երկրում, ցավոք, յուրաքանչյուր քաղաքական ուժ առաջնորդվում է սեփական միջոցները չկորցնելու մարմաջով»,-նկատեց նա:

artur hayrapetyan

Գրողի խոսքով՝ որ քաղաքական ուժն ընդվզի, հայտնվելու է «սեւ ցուցակ»-ում, քանի որ բոլորի անցյալը փորփրելիս կարելի է հանդիպել «մի քանի էջանոց հոդվածների»: «Այդ հոդվածները կդրվեն նրանց առջեւ, ու վերջիններս կա՛մ կենթարկվեն, կա՛մ էլ ունեցվածքը չկորցնելու համար կստորացվեն, ինչի ականատեսն ու վկան այս օրերին եղանք ազգովի: Ժողովրդին միայն սթափության կոչ կանեմ, թող մարդիկ չդառնան գործիք պատեհապաշտների խաղերում»,-եզրափակեց նա:

Աննա Բաբաջանյան




Լրահոս