«ՀԱՅԵՐՆ ԱԿՈՒՄԲԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ ՉԵՆ ՍԻՐՈՒՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգչուհի Սոնե Սիլվերը (Սոնա Մովսեսյան), ում ներկայացրած գործերը հասցրել են հետաքրքրել միջազգային երաժշտական ապրանքանշանների, այն կարծիքին է, որ հայերս չենք սիրում ակումբային երաժշտություն, եւ դա ազգային ճաշակի խնդիր է: Նա «Ժողովուրդ»-ի հետ զրույցում խոսել է ակումբային երաժշտությամբ միջազգային ասպարեզ դուրս գալու, արտերկրի DJ-ների հետ համագործակցության եւ այլ թեմաների շուրջ:

-Սոնե՛, ակումբային երաժշտության զարգացման միտումը Հայաստանում ինչպե՞ս կգնահատեք:
-Ցավոք, չեմ կարող ասել, որ ակումբային երաժշտությունը Հայաստանում, առհասարակ, զարգացում է ապրում: Սա ընդամենը ազգի երաժշտական ճաշակի խնդիր է: Հայերն ակումբային երաժշտություն չեն սիրում, մեր շատ քիչ տոկոսն է հետաքրքրված դրանով:
-Գուցե պատճառն այն է, որ շոու-բիզնես անել Հայաստանում հնարավոր է միայն հարսանեկան, ծնունդ-կնունքային երգերի միջոցո՞վ, այնինչ միջազգային ոլորտում պատկերը բոլորովին այլ է:
-Այո՛, դա իսկապես այդպես է: Կոնկրետ իմ երգերի ոճը թույլ տվեց ինձ ունենալ նաեւ օտարազգի լսարան, ու թեեւ նրանք շատ մեծ թիվ չեն կազմում, այնուամենայնիվ, ինձ ուրախացնում է նրանց գոյությունը: Իսկ աշխարհին մոտենալու համար պարզապես պետք է ձգտում ունենալ եւ ջանասիրաբար աշխատել այդ ուղղությամբ: Եվ դա կստացվի, քանի որ հայերս ունենք հանճարեղ երաժիշտներ ու կատարողներ, որոնք ունակ են դուրս գալ միջազգային ասպարեզ:
-Գիտենք, որ Ձեր աշխատանքները հետաքրքրել են հայտնի միջազգային Label-ների: Չգիտես ինչու՝ այդ մասին ԶԼՄ-ները շատ չեն խոսում: Կպատմե՞ք Ձեր հաջողություններից:
-Հայկ Սոլարի եւ Արնի Ռոքի հետ մեր աշխատանքները գնահատվեցին շատ հայտնի միջազգային Label-ներում, եւ նրանց միջոցով թողարկվեցին մեր երգերը: Մեր վերջին երգը՝ «Didn՚t I»-ը, թողարկեց աշխարհահռչակ «Sony Label»-ը եւ դարձավ մեր երգի պաշտոնական ներկայացուցիչը: Նաեւ ունեմ երգ իսպանացի DJ-ների հետ, որը կոչվում է «Love in Barcelona»:
-Դասավանդում եք Ռոմանոս Մելիքյանի անվան ուսումնարանի էստրադային վոկալի բաժնում: Առաջնահերթ ի՞նչ որակներ եք փորձում սերմանել Ձեր սաների մեջ: Եվ նրանց շրջանում կա՞ մի ընդհանուր միտում, որ մտահոգիչ է թվում:
-Իմ սաներին վոկալի տեխնիկային ծանոթացնելուց զատ՝ սովորեցնում եմ հոգով զգալ երաժշտությունը: Եվ մի բան եմ սերմանում նրանց մեջ. որ երբեք չգոռոզանան, երգիչը պետք է միշտ խոնարհ լինի իր լսարանի առջեւ: Ցավում եմ միայն, որ նոր սերունդը ռետրո երաժշտությունից շատ է հեռացել… Սաներիս հետ երգում ենք բոլոր ժամանակների սիրված երգերը: Ըստ իս, մեղեդի ասվածը միայն այդ հին երգերի մեջ է…
-Դուք Ձեր ներկայացրած երաժշտական ոճում անդրադարձաք այնպիսի լուրջ թեմայի, ինչպիսին Հայոց ցեղասպանությունն է: Սա յուրահատուկ խոսք է, որը պետք է որ ընկալելի լինի հատկապես միջազգային հանրության համար: Երբեւէ պետական կառույցներից Ձեր արվեստի հանդեպ ուշադրություն նկատե՞լ եք, հովանավորների դիմե՞լ եք:
-Այս ոլորտի ներկայացուցիչները հիմնականում դիմում են նման հարցերով ինչ-որ մարդկանց, իսկ ես հեռու եմ նման բաներից. ամեն ինչ անում եմ ինքս՝ ընկերներիս օգնությամբ: Դեմ եմ նաեւ, երբ, կոպիտ ասած, զոռով այնպես են անում, որ ինչ-որ երգ հիթ դառնա կամ մարդկանց ականջները «հարմարվեն» տվյալ երգին:
-Օրերս լուրեր տարածվեցին այն մասին, որ Դուք նշանադրվել եք, անգամ լուսանկարներ հայտնվեցին համացանցում: Երկրպագուներին հետաքրքիր է՝ Ձեր ընտրյալը Ձեր ոլորտի հետ կապ ունի՞, եւ արդյո՞ք անձնական կյանքում գրանցված փոփոխությունը կարող է որեւէ կերպ ազդել գործնական կյանքի վրա:
-Ասեմ, որ նշանածս իմ ոլորտից շատ հեռու է… (ժպտում է): Իսկ իմ անձնական կյանքում գրանցվող փոփոխությունները երբեւէ չեն անդրադառնա երգարվեստի ոլորտի գործունեությանս վրա: Եվ եթե հաշվի առնենք հայ տղամարդու մենթալիտետին առնչվող որոշ հարցեր, շատ գնահատում եմ նշանածիս վերաբերմունքը եւ երջանիկ եմ, որ մենք նման խնդիր չունենք: Կյանքում ամեն բան կախված է առողջ փոխհարաբերություններից եւ փոխադարձ վստահությունից:

 

 

 

 

 

ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՆ «ԿԵՆՏՐՈՆ» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԻՑ

Օրերս Հանրապետական կուսակցության խորհրդի նիստի ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանի հայտնի ելույթը, որի ընթացքում վերջինս խիստ քննադատության էր ենթարկել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, պարզվում է՝ իր գործուն ազդեցությունն է թողել ոչ միայն քաղաքական դաշտի, այլեւ դրանից դուրս, թվում է թե՝ քաղաքականության հետ կապ չունեցող անձանց գործելաոճի վրա:

Համացանցում լուրեր են տարածվել այն մասին, որ որոշ արտիստներ, երգիչներ ու տարբեր ոլորտների փորձագետներ այս վերջին իրադարձություններից հետո շտապ չեղյալ են հայտարարել իրենց՝ նախապես հաստատած մասնակցությունը Գագիկ Ծառուկյանին պատկանող «Կենտրոն» հեռուստաընկերության նախագծերին:
«Լավ, բա որ հանկարծ հրաշք կատարվի, մի օր իրավիճակը փոխվի, բա էդ ժամանակ ո՞նց ձեզ կզգաք: Ինչպես ասում էր «Սպինոզան»՝ էսօր աշխատում ա, վաղը չի աշխատի, մի քիչ էլ վաղվա օրվա մասին մտածեք («Մեր բակ»)»,-Ֆեյսբուք սոցցանցի իր էջում գրել է հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը՝ Լուլուն:
Նա «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նկատեց, որ դա վախի եւ զգուշավորության հետեւանք է: Լ. Բադալյանը խուսափեց խոսել այլ նախագծերի մասին, բայց փաստեց, որ «Սկսենք նորից» առավոտյան ծրագիրը, որի հաղորդավարներից է նաեւ ինքը, եւս կանգնած է այդ խնդրի առջեւ. «Երբեւիցե մերժումներ չստանալով՝ այսօր արդեն որոշ հյուրեր (հայտնի եւ ոչ հայտնի) մեր ծրագրից էլ են խուսափում՝ ոչ ուղղակի ձեւով: Նրանք ինչ-որ պատճառաբանություններ են բերում, որպեսզի չներկայանան հեռուստաընկերություն՝ այդպիսով զգուշավորություն ցուցաբերելով»,- ասաց հաղորդավարուհին՝ հրաժարվելով կոնկրետ անուններ հնչեցնել:
Հիշեցնենք, որ օրերս նախագահ Սերժ Սարգսյանը նշել էր, որ Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը Հայաստանի համար դարձել է չարիք: Նա, անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի՝ ԱԺ նիստերից բացակայելուն՝ հայտարարել էր, որ ՀՀԿ խմբակցության պատգամավորները կնախաձեռնեն անհրաժեշտ քայլեր՝ «նման անհեթեթ վիճակին վերջ տալու համար»: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ՝ ԲՀԿ առաջնորդն ազատվել էր ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի խորհրդի նախագահի պաշտոնից: Այժմ էլ խոսվում է այն մասին, որ ԱԺ նախագահը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ուղարկելու Ծառուկյանին պատգամավորի մանդատից զրկելու մասին արձանագրություն:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 

 

ՆՈՐ ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Անվանի հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի կամերային ստեղծագործություններն ամփոփող նոր ձայնասկավառակ է ստեղծվում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ա. Խաչատրյանի անվան տրիոն նոր ձայնասկավառակի միջոցով նպատակ ունի հանրահռչակել կոմպոզիտորի կամերային գործերը: «Խաչատրյանի կամերային ստեղծագործությունները, ցավոք, ոչ այնքան հաճախ են հնչում: Ընդհանրապես Խաչատրյանը՝ որպես կամերային ստեղծագործությունների հեղինակ, այնքան էլ հայտնի չէ աշխարհին: Նրան ճանաչում են իր գլուխգործոցներով»,-ընդգծել է տրիոյի դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանը: Նա հավելել է, որ ձայնասկավառակի ստեղծման աշխատանքները կավարտվեն տարվա առաջին կիսամյակում, եւ այն կներակայացվի հանրությանը:

 

ԱՌԱՋԻՆԸ ՀԱՅՏՆԻ Է
«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող «Genealogy» խմբի վեց անդամներից առաջինի անունը հայտնի է: Նա ֆրանսահայ երգիչ Եսայի Ալթունյանն է: Վերջինս ներկայացնում է Եվրոպա աշխարհամասը: Խմբի երկրորդ մասնակցի անունը հայտնի կդառնա փետրվարի 20-ին:
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթն այս տարի կանցկացվի Վիեննայում, մայիսի 19-ին, 21-ին եւ 23-ին՝ «Կառուցելով կամուրջներ» նշանաբանի ներքո:
Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խումբը որոշել է այս տարի համախմբել 1915-ին աշխարհի 5 մայրցամաքներում (Եվրոպա, Ասիա, Ամերիկա, Աֆրիկա, Ավստրալիա) սփռված հայ ժողովրդի նոր սերնդին:




Լրահոս