ԸՍՏ ՀՀԿ-ԱԿԱՆԻ՝ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՄԻՋԱՄՏԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Համլետ Հարությունյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ չի կարծում, թե ՀՀԿ-ն այս փուլում «հաղթել» է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին: Ըստ պատգամավորի՝ մի փուլ էր հասունացել, երբ անհրաժետ էր Սերժ Սարգսյանի միջամտությունը, որն էլ եղավ ժամանակին:

-Պարո՛ն Հարությունյան, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի եւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի «մենամարտում» կարելի է արձանագրել, որ հաղթող կողմը ՀՀԿ-ն է, ինչպե՞ս եք Ձեզ զգում հաղթողի կարգավիճակում: Ի վերջո, այս պայքարում հաղթանակ եղա՞վ, թե՞ ոչ:
-Ես Ձեր հարցի իմաստն ուղղակի չեմ հասկանում, այդ ի՞նչ պատերազմ էր, որ հաղթանակ տանենք կամ պարտվենք: Սովորական քաղաքական գործընթացներ են, ես այդտեղ պատերազմի նախանշաններ չեմ տեսնում, սովորական քաղաքական գործընթացներ են, որոնք մեր քաղաքական կյանքում միշտ էլ եղել են:
-Բայց նման սրացում երբեւէ չէր եղել Գ. Ծառուկյանի եւ Ս. Սարգսյանի միջեւ, չեք կարծո՞ւմ, որ դա իսկական «սառը» պատերազմի էր վերածվել:
-Իսկ ինչ պարտադիր է, որ քաղաքական զարգացումներն իրար նման լինեն, դրանք ընդհանրապես ունենում են իրենց առանձնահատկությունները:
-Ամեն դեպքում, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանը «բարիշելով»՝ ինչ-որ փոխզիջումների են գնացել, դա ակնհայտ դարձավ նաեւ ԲՀԿ առաջնորդի հայտարարությունից ու փետրվարի 20-ի հանրահավաքը չեղյալ հայտարարելուց: Սրանք, ըստ էության, ԲՀԿ-ի զիջումներն են, իսկ ի՞նչ է զիջել Սերժ Սարգսյանը:
-Եթե ինչ-որ մեկը սխալ է լինում ու մի քայլ հետ է գնում, դա ո՛չ պարտություն է, ո՛չ էլ նահանջ է: Ուղղակի իրավիճակի սրացումից խուսափել է նշանակում, որը ո՛չ մեզ է պետք, ո՛չ ԲՀԿ-ին, ո՛չ էլ մեր երկրին ու ժողովրդին: Ես կարծում եմ, որ նախագահի միջամտությունը շատ դրական արդյունք ունեցավ, եւ միանգամայն տեղին, ժամանակին էր հանրապետության նախագահի միջամտությունը:
-Իսկ այդ դեպքում ինչպե՞ս են իրենց զգում այն ՀՀԿ-ականները, որոնք այս օրերի ընթացքում հիշել էին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մականունը, արդյո՞ք Սերժ Սարգսյանը կրկին արգելել է նրան «Դոդի Գագո» ասել:
-Դուք նրանց էլ գիտեք, նրանց հեռախոսի համարներն էլ գիտեք, տեղն էլ գիտեք, ուղիղ դիմեք իրենց, թող իրենք էլ պատասխանեն, ես պարտավոր չեմ ուրիշների փոխարեն պատասխանել:
-Սերժ Սարգսյանը ՀՀԿ խորհրդի վերջին նիստի ժամանակ հայտարարել էր նաեւ, որ պետք է ստուգել Գագիկ Ծառուկյանին պատկանող բոլոր ընկերությունները` պարզելու վերջինիս` հարկերից խուսափելու մասին «օդում կախված» լուրերի իսկությունը: Մի՞թե այս հաշտեցումից հետո մոռացվելու է նաեւ այդ ամենը:
-Նախագահի հայտարարությունը բազմիցս քննարկվել է, դրան տրվել է համապատասխան բացատրություն, ես ավելացնելու ոչինչ չունեմ: Դա իմ իրավասությունից դուրս հարց է, ես ի՞նչ գիտեմ՝ ստուգումներ կլինեն, չեն լինի, ստուգումները միշտ էլ լինում են տնտեսվարող սուբյեկտներում:
-Պարո՛ն Հարությունյան, Սերժ Սարգսյանին հաջողվեց քաղաքական դաշտից «դուրս մղել» Գագիկ Ծառուկյանին եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը: Կարելի է ասել, որ ՀՀԿ-ն հաջողությամբ «մաքրեց» իր ճանապարհն այդ խոչընդոտից: Հաջորդն ո՞վ է, ո՞ր ուժն է այսուհետ լինելու ՀՀԿ-ի համար հիմնական թիրախը:
-Ես պրովոկացիոն հարցերին չեմ պատասխանում: Դուք ասում եք ԱՅՆ, ԻՆՉԸ ՉԿԱ: Այսօր ԲՀԿ-ն կա, Գագիկ Ծառուկյանը կա, ոչ մեկը քաղաքական դաշտից իրեն չի հանել: Ոչ մեկն էլ հերթ չունի, քաղաքական ուժերը պետք է քաղաքական դաշտում ընդունեն խաղի այն կանոնները, որոնք ընդհանրապես քաղաքական կյանքի տրամաբանությունն է պահանջում, եթե այդ տրամաբանությունից դուրս են գալիս, ապա երկրի նախագահը, հաշվի առնելով դրա վտանգավորության չափը, իր միջամտությունն է անպայման անում: Այսօր ԲՀԿ խորհրդարանական խմբակցությունը կա, այսօր Գագիկ Ծառուկյանն այդ կուսակցության նախագահն է: Ես ասում եմ այն, ինչը կա, ես երեկվա քաղաքական գործիչը չեմ, որ ինձ նման պրովոկացիոն հարցեր եք տալիս: Ինքը չի ասել, որ ես դուրս եմ գալիս քաղաքականությունից, ես նրա հայտարարությունը կարդացել եմ ու նման նախադասության այնտեղ չեմ հանդիպել: Հետո էլ դա իր իրավունքն է՝ կուզի, կմնա, եթե չէ, դուրս կգա:

 

 

 

 
ՄԱՐԳԱՐ ՕՀԱՆՅԱՆԸ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ «ՔԱՇՎԱԾՆԵՐԻՑ» Է

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ճանապարհային ոստիկանության նախկին պետ, 6 տարվա ազատազրկման դատապարտված եւ համաներմամբ ազատված Մարգար Օհանյանը վերջին ժամանակահատվածում ոչ ֆորմալ, բայց դե ֆակտո «համալրել էր» «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շարքերը: ԲՀԿ-ի ընդդիմադիր «դառնալուց» եւ Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելուց հետո Օհանյանը հույս ուներ, որ շուտով իշխանությունը ԲՀԿ-ն կվերցնի, եւ ինքն էլ կկարողանա վերադարձնել իր կորցրած նախկին դիրքը:

Սակայն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նահանջի քայլը հիասթափեցրել է նաեւ ՀՀ ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանին, որին «Ժողովուրդ»-ը մի քանի հարցեր է ուղղել:
-Պարո՛ն Օհանյան, մեր տեղեկությունների համաձայն՝ Դուք արդեն տեւական ժամանակ է, ինչ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի «ճամբարում» եք: Գ. Ծառուկյանը Ձեզ ե՞ւս հիասթափեցրեց իր վերջին հայտարարությամբ, որը նշանակում էր, թե ինքը Սերժ Սարգսյանի դեմ պայքարի դուրս չի գալու:
-Դուք զբաղվեք Ձեր գործով, ես իմ ընտանիքի կողքին եմ, Դուք էլ զբաղվեք Ձեր գործով: Եթե ես որեւիցե տեղում լինեմ, բոլորն անմիջապես կտեսնեն: Ով որ ասել է, իրենց ասածներն էլ գրեք:
-Այսինքն՝ Դուք որեւէ առնչություն չունե՞ք ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ:
-Ես որեւիցե մեկի հետ առնչություն չունեմ, ո՛չ մեկի հետ, ո՛չ մի կուսակցության հետ ես ոչ մի առնչություն չունեմ՝ ո՛չ մենշեւիկի, ո՛չ բոլշեւիկի, ո՛չ ՀՀԿ-ի, ո՛չ ԲՀԿ-ի, ո՛չ մեկի հետ:
-Իսկ Գագիկ Ծառուկյանը Ձեր մտերիմ ընկերը չէ՞, ըստ մեր տեղեկությունների՝ Դուք վերջին ժամանակահատվածում շատ հաճախ եք հանդիպումներ ունենում նրա հետ:
-Էս հանրապետությունում, քաղաքում ինձ շատ մտերիմ ընկերներ ունեմ, այդ թվում նաեւ՝ պարոն Ծառուկյանը: Ես բազմաթիվ մոտիկ ընկերներ ունեմ ու ոչ մի ընկերոջ ես կուսակցական պատկանելիությամբ չեմ նայում, որովհետեւ ես 33 տարի աշխատել եմ, 57 տարի ապրել եմ ու սկսած մանկապարտեզից, բանակից, դպրոցից ընկերներ ունեմ ու նաեւ աշխատանքային ընկերներ, այնպես որ, ես ընդհանրապես քաղաքականության մեջ չկամ:
-Որպես ՀՀ քաղաքացի՝ Ձեզ անհանգստացնում է այն իրավիճակը, որը ստեղծվել է Հայաստանում. Սերժ Սարգսյանի եւ Գագիկ Ծառուկյանի փոխհարաբերությունները լարվել են…
-Ես անտարբեր չեմ այդ ամենի նկատմամբ, ես ուզում եմ, որ խաղաղություն լինի, բարեկեցություն լինի, ի վերջո, 3 երեխա ունեմ, թոռնիկներ ունեմ, ոնց կարող է ինձ ոչ մի բան չհետաքրքրել; Ես ուզում եմ՝ խաղաղություն լինի, բարգավաճեն, էս ժողովրդի վիճակը լավանա, արտագաղթը չլինի, աշխատավարձերը բարձրանան, բանակում խաղաղություն լինի, ես ինձ չեմ հարգի, եթե դա չլինի: Ինչքան հնարավորություն ունեմ, իմ ընկերներով, բանով ես պատրաստ եմ անելու ամեն ինչ, որպեսզի երկրում խաղաղություն լինի, բարգավաճում լինի: Ու ամբողջ կյանքում ես քաղաքականության մեջ չեմ եղել:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

 
ԳՐԱՆՑԵԼ ԵՆ
Թիվ 21 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Գայանե Սուքիասյանից երեկ տեղեկացանք, որ Արմավիրի մարզի Արմավիրի քաղաքապետի համար առաջադրված բոլոր վեց թեկնածուները՝ հանրապետականներ Մելիք Բաղդասարյանը, Նվեր Պետրոսյանը, Մանուկ Սիմոնյանը եւ Ռուբեն Խլղաթյանը (գործող քաղաքապետը), ինչպես նաեւ անկուսակցական Էդվարդ Վարդումյանը եւ Արտակ Գեւորգյանը, գրանցվել են: Վերջինս ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Նահապետ Գեւորգյանի` Նովոյի որդին է, որը հայտնի է իր քրեական անցյալով: Հիշեցնենք, որ պատգամավորի որդին զենքի պարտադրանքով ավտոմեքենա էր առեւանգել եւ ձերբակալվեց, ապա ուշագրավ հանգամանքներում ազատ արձակվեց:

 

ՆՈՐԻՑ ՀԵՏԻՆ ԹՎՈՎ
ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը շարունակում է իր ենթակայության տակ գտնվող ընկերություններում տնօրեններ նշանակել, այնուհետեւ նոր միայն այդ պաշտոնի համար մրցույթ հայտարարել: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը մրցույթ է հայտարարել նախարարության համակարգի «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի պաշտոնի համար: Նախարարության պաշտոնական կայքէջում նշված է, որ ընկերության գլխավոր տնօրենն է Սամվել Կարապետյանը, սակայն «Հաշվարկային կենտրոն»-ից «Ժողովուրդ»-ին պատասխանեցին, որ այս տարվա հունվարի 1-ից իրենց ձեռնարկությունում նոր տնօրեն է նշանակվել՝ Լյովա Գալստյան:

 

ԿՐԿԻՆ ԳՆԱՃ
Այս տարի, նախորդ տարվա համեմատ, պարենային մթերքի շուկայում կրկին գնաճ է արձանագրվել: Մասնավորապես, գնաճ է արձանագրվել սուրճի եւ թեյի շուկայում: 2015 թվականի հունվարին, 2014-ի համեմատ, սուրճի շուկայում գնաճը կազմել է 5.5, աղացած սուրճի շուկայում՝ 7.2 տոկոս: Իսկ, ահա, թեյի շուկայում գնաճը կազմել է 3 տոկոս: Կոնֆետների շուկայում, մասնավորապես կարամել տեսակի կոնֆետները, թանկացել են 1.8, իսկ տուփով կոնֆետը՝ 1.4 տոկոսով:

 

ԴԱՏԱԽԱԶԻ ՆԱՄԱԿԸ
ՀՀ դատախազությունն արձագանքել է «Ժողովուրդ»-ի հրապարակմանը: Հիշեցնենք, որ ՌԴ գլխավոր դատախազությունը պաշտոնապես մեզ հայտնել էր, որ «Պերմյակով Վ.Պ.-ին փոխանցելու եւ քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունը չի ստացել» որեւէ գրություն: ՀՀ գլխավոր դատախազությունը վերստին պնդում է, որ խնդրո առարկա հարցի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազությունը 03.02.2015թ. տարածել է սպառիչ հաղորդագրություն: «Հաշվի առնելով տվյալ քրեական գործի նկատմամբ հանրային մեծ հետաքրքրությունը՝ գործում որեւէ նոր զարգացման դեպքում անմիջապես կտրամադրվի տեղեկատվություն: Ինչ վերաբերում է նամակն ուղարկելու եւ դրա բովանդակության վերաբերյալ կասկածներին եւ շրջանառվող այլ անհեթեթ լուրերին, նշենք, որ նպատակահարմար չենք գտնում անդրադառնալ, առավել եւս՝ մեկնաբանել դրանք»,- պարզաբանել է դատախազությունը:




Լրահոս