ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովն այսօր կքննարկի ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի` «ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու մասին» օրենսդրական նախաձեռնությունը: Նիկոլ Փաշինյանն այս նախագիծը հեղինակել էր դեռեւս անցած տարվա նոյեմբերի վերջին եւ առաջարկել ԱԺ ոչ իշխանական խմբակցությունների պատգամավորներին, որպեսզի 44 ստորագրությամբ այն ընդգրկվի խորհրդարանի օրակարգում: Սակայն ոչ իշխանականները հրաժարվեցին միանալ Սերժ Սարգսյանի իմպիչմենտին: Արդյունքում Փաշինյանն այն սովորական ընթացակարգով, որպես օրենսդրական նախաձեռնություն, դրեց շրջանառության մեջ: Սերժ Սարգսյանի պաշտոնանկության մասին նախագիծն ի սկզբանե բաղկացած էր ութ կետից, սակայն դեկտեմբերի վերջին շրջանառության մեջ դնելիս դրանում եւս մեկ կետ էր ավելացվել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ վերջին մեկ շաբաթում Հայաստանում տեղի ունեցած հայտնի իրադարձությունների արդյունքում նախագիծը հարստացել է եւս մեկ կետով: Հետաքրքիր է՝ ԱԺ-ում ներկայացված ուժերն ինչ դիրքորոշում կորդեգրեն:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԲՀԿ առաջնորդի «վնասազերծման» գործընթացի ժամանակ ՀՀ իշխանությունների պահանջով, ի թիվս այլ խոստումների, Գագիկ Ծառուկյանը պարտավորվել է նաեւ, որ ԲՀԿ-ն (որտեղ ինքը կլինի ընդամենը պատվավոր նախագահի դերում) սահմանադրական փոփոխությունների գործընթացին որեւէ կերպ չի խոչընդոտելու: Ուստի կարող ենք արձանագրել, որ վերջին ներքաղաքական կռիվներն ավարտելուց հետո իշխանություններին, եւ հատկապես Սերժ Սարգսյանին, այլեւս ոչինչ չի խանգարում՝ սահմանադրական փոփոխությունների գործընթացի մեկնարկը պաշտոնապես ազդարարելու համար: Սարգսյանը խորհրդարանում այլեւս ոչ միայն պարզ, այլ նաեւ գերակշռող մեծամասնություն ունի: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԲՀԿ խմբակցությունում, այնուամենայնիվ, կան պատգամավորներ, ովքեր կշարունակեն դեմ արտահայտվել սահմանադրական փոփոխություններին ու նրանք առաջիկա ամիսներին կամաց-կամաց կլքեն կուսակցությունը՝ փորձելով ինքնադրսեւորվել այլ տիրույթում:
ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որը Սերժ Սարգսյանի հետ դեմ առ դեմ հանդիպելու առաջարկով բաց նամակ էր հղել, երեկ իր «Սրտի պարտք»-ն է հրապարակել արդեն Գագիկ Ծառուկյանի մասին: Նա ԲՀԿ առաջնորդին համեմատել է գործարար Խաչատուր Սուքիասյանի հետ, որը 2008-ի նախագահական ընտրություններում կանգնեց համաժողովրդական շարժման կողքին եւ կանգնեց մինչեւ քաղաքական լիդերների նահանջը: Ըստ առաջին նախագահի՝ «…եթե ընդհանրացնելու լինենք, ապա Գագիկ Ծառուկյանի, իսկ նրանից առաջ Խաչատուր Սուքիասյանի ամենամեծ վաստակն այն է, որ նրանք գիտակցեցին, որ երկրի արմատական բարեփոխման միակ ելքը բուրժուազիայի եւ առողջ քաղաքական ուժերի համագործակցությունն է, այլ կերպ ասած՝ անարյուն բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունը…»: «Ժողովուրդ»-ը երեկ Խաչատուր Սուքիասյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է մեկնաբանում Տեր-Պետրոսյանի արած համեմատությունը իր եւ Ծառուկյանի միջեւ: «Ես որդեգրել եմ այսպիսի մոտեցում՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքերը չեմ մեկնաբանում»,- հակիրճ ասաց գործարար Սուքիասյանը:
ՀՀ Կառավարությունը երեկ հաստատել է «Որոտանի կասկադի» առքուվաճառքի լրացված պայմանագիրը: Հիշեցնենք, որ դեռեւս անցած տարի ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ ՀՀ Կառավարությունը որոշեց «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ-ն 180 միլիոն դոլարով վաճառել ամերիկյան «Սի-Ջի Սոելյուշնզ Գլոբալ Հոլդինգ Քամփնի», «Քոնթուր Գլոբալ Տերրա Հոլդինգս Էս-Ա-Էր-Էլե», «Քոնթուր Գլոբալ Հիդրո Կասկադ» ընկերությունների խմբին: Սակայն հետագայում պայմանագրի իրագործման հետ կապված ինչ-ինչ խնդիրներ առաջացան, եւ այն գործնականում սառեցվեց: Հովիկ Աբրահամյանի վարչապետ դառնալուց հետո՝ մինչեւ երեկ, այս գործարքը տեղից չէր շարժվում. նա համառորեն հրաժարվում էր հաստատել: Նշենք նաեւ, որ ըստ լրամշակված պայմանագրի՝ «Որոտանի կասկադի» վաճառքի գինը 85 միլիարդ 813 միլիոն դրամ է, որի առաջին կեսը գնորդը պետք է վճարի պայմանագրի ստորագրվելու եւ ուժի մեջ մտնելու օրը, իսկ մյուս կեսը՝ ուղիղ մեկ տարի անց:
ԾԱՂՐԱԾՈՒՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ
Վերջին օրերին աբսուրդի թատրոն հիշեցնող ՀՀ քաղաքական թատերաբեմում հաստիքային կամ արտահաստիքային ծաղրածուների պակաս չի զգացվում: Համընդհանուր անմեղսունակության եւ անբարոյականության այս շքերթում ժամանակ առ ժամանակ հատկապես խղճալի վիճակում են հայտնվում հակամարտող քաղաքական ուժերի երիտանդամներն ու խոսնակները: Իրավիճակի տրագիկոմիզմն այն է, որ նրանք հանդես են գալիս այնպիսի մեծամիտ եւ սնափառ կեցվածքով, կարծես թե իրենցից որեւէ բան է կախված այլեւս եւ երբեւիցե:
Իսկ այդ ընթացքում նրանց քաղաքական հայրերը կայացնում են հերթական անբարոյական որոշումները, որոնց արդյունքում իրենց մեծամիտ հայտարարություններն է՛լ ավելի անհեթեթ լույսի ներքո են ներկայանում: ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի եւ ՀԱԿ-ի այս անդամները չեն էլ նկատում, որ մեծերի խաղում «ոտքի տակ ընկնելով»՝ իրենք կրկնակի են հեղինակազրկվում, քանզի մեծերին այդ ամենը կարող է ներվել, մինչդեռ իրենց դեպքում քաղաքական ծաղրածուի պիտակը մաքրելն այլեւս դժվար է լինելու:
Զորօրինակ` ինչ ասել է ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանի այլեւս անտանելի դարձած քաղաքական պոպուլիզմի շարունակական դրսեւորումը: Մարդն էլի իր հին երգն է երգում այն դեպքում, երբ նրա առաջնորդը` Գագիկ Ծառուկյանը, այլեւս կորցրել է երգելու թե՛ հնարավորությունը, թե՛ հավեսը: Արդեն իսկ հայտնի է, որ Ծառուկյանը պատրաստվում է հեռանալ քաղաքականությունից, նա այդ մասին բաց տեքստով ասել է բազմաթիվ թիմակիցների: Սակայն կա՛մ նրանց շարքում չի եղել Ուրիխանյանը, որը, ի դեպ, շատ հաճախ է նշում, որ ինքը կոմպետենտ չէ մեկնաբանելու Գ. Ծառուկյանի հետ կապված տեղեկությունները, կա՛մ երիտասարդ ԲՀԿ-ականը դեռեւս չի կարողանում հաշտվել սեփական առաջնորդի կողմից նման ձեւով «քցված» լինելու մտքի հետ: Ամեն դեպքում, արտահերթ ընտրությունների պահանջի շարունակման մասին Ուրիխանյանի հայտարարություններն առաջացնում են երկու հակասական զգացմունքներ՝ խղճահարություն եւ ծիծաղ:
Պակաս ոչ ադեկվատ չէ նաեւ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավարի ռեակցիան իր քաղաքական հոր` Լեւոն Տեր-Պետրոսյանի` Սերժ Սարգսյանի հետ դեմ առ դեմ հանդիպելու վերջին խնդրանքի շուրջ: Դարձյալ ի հակառակ Տեր-Պետրոսյանի` սեւով սպիտակի վրա գրած խնդրագրին՝ Զուրաբյանը պնդում է՝ Տեր-Պետրոսյան-Սարգսյան հանդիպումը բացառվում է: Ըստ նրա` հանդիպման առաջարկ անելով` «Տեր-Պետրոսյանը ուզում էր Ս. Սարգսյանին հասկացնել, որ ցեղասպանության հարյուրամյակը նա չպետք է օգտագործի ԲՀԿ-ին հարվածելու համար»: Հետաքրքիր է, թե ինչ է ասելու Զուրաբյանը Տեր-Պետրոսյանի` երեկ հրապարակած «Սրտիս պարտքը» հոդվածի մասին, որն այլ բան, քան ԲՀԿ-ի մասին մահախոսական որակել հնարավոր չէ:
Դե, իսկ ՀՀԿ-ի` փետրվարի 12-ին բեմած ծաղրածուների մասին խոսելն ավելորդ է: Նրանց համար, թերեւս, ամենից ծանրն է լինելու ռեաբիլիտացիան: