ԻՆՉՊԵՍ ԳԱՂՏՆԱԶԵՐԾԵՑԻՆ «ԳԺԻ ԹՈՒՂԹ» ՏՎԱԾՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը եւ ՊՆ ռազմական ոստիկանությունը բանակից խուսափողներին աջակցող 5 պաշտոնյաների ձերբակալել է ոչ թե կաշառք վերցնելու պահին, այլ գաղտնալսել է վերջիններիս հեռախոսային խոսակցությունները:

Ինչպես են գործել պաշտոնյաները
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ ՊՆ կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամ Ալեքսանդր Այվազյանը, «Էրեբունի» բժշկական կենտրոնի ալերգոլոգիայի բաժանմունքի վարիչ Քրիստինա Ջամալյանը, Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի տնօրեն Արտակ Հարությունյանը, Նոր Արեշ պոլիկլինիկայի նախկին տնօրեն Ալեն Բաբայանը, այսպես ասած, «բինգո» են իրականացրել: Նրանց են դիմել հիվանդություն ունեցող ոչ թե մեկ, այլ մի քանի զորակոչիկների հարազատներ, որպեսզի օգնեն իրենց երեխաներին հիվանդության պատճառով բանակից ազատել: Սակայն, ըստ էության, բժիշկները նրանց ասել են, թե այս հիվանդության դեպքում հնարավոր չէ ազատել բանակից, բայց կարելի է տղաների հիվանդությունը բարդացնել` հասցնելով այն կետին, որով օրենքի շրջանակներում զինվորները հնարավորություն կունենան երեք տարի տարկետմամբ կամ ընդմիշտ ազատվել պարտադիր զինվորական ժամկետային ծառայությունից: Թեեւ այս գործի շրջանակներում կալանավորվել է ընդամենը մեկ զորակոչիկ` Սամվել Վերդիյանը, սակայն «Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով՝ վերը շարադրված պաշտոնատար անձիք նման մեթոդներով բանակից խուսափող մի խումբ տղաների են աջակցել: Ուստի չի բացառվում, որ այս գործով այլ զորակոչիկներ էլ ձերբակալվեն: Բացի նշված 5 պաշտոնատար անձանցից՝ այլք էլ կհայտնվեն ճաղերի հետեւում:

ԱԱԾ-ի ու ՌՈ-ի գաղտնազերծումը
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ 5 պաշտոնատար անձիք կաշառք վերցնելու պահին չեն ձերբակալվել: Մեր ունեցած լուրերի համաձայն՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը կասկածներ է ունեցել զորակոչիկների ցուցակների հարցով եւ սկսել է ստուգումներ: Կասկածանքների արդյունքում ՀՀ ԱԱԾ-ն եւ ՊՆ ռազմական ոստիկանությունը գաղտնալսել են մի շարք պաշտոնյաների հեռախոսային խոսակցությունները: Եվ, ահա, այդ հեռախոսազրույցները հիմք են եղել, որպեսզի նրանց «հավաքեն» խաբեության, կաշառք վերցնելու եւ իշխանազանցության կասկածանքով:
Ավելին՝ «Ժողովուրդ»-ը պարզեց, որ Նոր Արեշ պոլիկլինիկայի նախկին տնօրեն Ալեն Բաբայանը 2014թ. դեկտեմբերի 19-ը սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է: Ըստ երեւույթին, նա կանխազգացել է, որ քննիչները պոլիկլինիկայի փաստաթղթերն ինչ-որ պատճառներով «քրքրում են», լավ բան չեն գտնի: Բայց, փաստորեն, ազատման դիմումը նրան էլ չփրկեց: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Նոր Արեշ պոլիկլինիկայի փոխտնօրեն Վանուհի Սեդրակյանն ասաց, որ լսելով կատարվածի մասին՝ իրենք ստուգել են պոլիկլինիկայի բոլոր փաստաթղթերը՝ հասկանալու համար, թե Սամվել Վերդիյան անունով նորակոչիկ եղե՞լ է իրենց պոլիկլինիկայի ցուցակում, սակայն այդպիսի անուն, ազգանունով մարդ չեն գտել. «Ներկայիս պոլիկլինիկայի տնօրինությունը չէր կարող այդ հարցում օգնած լինել նախկին տնօրենին: Մենք մեր բոլոր փաստաթղթերը ստուգել ենք, ամեն ինչ նորմալ է: Իսկ թե հետո ինչ կպարզվի, չեմ կարող ասել»:
Հավելենք, որ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ձերբակալված բոլոր հինգ պաշտոնատար անձանց նկատմամբ այսօր մեղադրանք կառաջադրվի: Քննիչները միջնորդություն կներկայացնեն դատարան՝ նրանց նկատմամբ երկամսյա նախնական կալանք կիրառելու միջնորդությամբ:

Գնդապետը չարիքի մասին
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՀ զինվորական կոմիսար Հենրիկ Մուրադյանը, խոսելով ՀՀ ՊՆ կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամ Ալեքսանդր Այվազյանի եւ նրա հետ համագործակցող 4 պաշտոնյաների՝ բանակից խուսափողներին աջակցելու փաստի մասին, ասաց, որ հետաքննության ավարտից հետո նոր կկարողանա անդրադառնալ տիրող իրավիճակին:
-Պարո՛ն Մուրադյան, գրեթե ամեն տարի պաշտպանության նախարարի կողմից հայտարարվում է խիստ պատժամիջոցների մասին, սակայն, ինչպես նկատում ենք, հայտարարությունները տեղ չեն հասնում: Ամենաթարմ դեպքը 2014թ դեկտեմբերի 7-ին էր, երբ Թալինի զինվորական կոմիսար, մայոր Տ. Հայրապետյանը, սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի առիթմիայի բաժնի վարիչ, կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամ Ս. Գրիգորյանը, Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնի բաժանմունքի վարիչ Ա. Հովհաննիսյանը եւս ձերբակալվել էին՝ զորակոչիկներին հիվանդությունների կեղծ ախտորոշումներով պարտադիր ժամկետային զինծառայությունից ազատելու համար: Արդյո՞ք ժամանակը չէ, որ ՊՆ-ն, բացի խոսքից, անցնի լուրջ գործողության: Կարծես թե դեպքերը կրկնվում են:
-Այո՛, միանաշանակ ճիշտ եք, բայց խնդիրը մեր դաշտում չէ: Խնդիրը հիմնականում կապված է համապատասխան կառույցների, բժշկական ձեռնարկությունների հետ, որոնք իրականացնում են քաղաքացիների, զորակոչիկների բժշկական հետազոտությունները: Եթե ուշադիր նայեք, այնտեղ հիմնականում խնդիրը բուժհաստատությունների հետ է կապված, այնտեղ անգամ զինվորական էլ չկա: Համենայնդեպս, պետք է նշեմ, որ մենք պայքարել, պայքարում եւ պայքարելու ենք նման երեւույթների դեմ, դա չարիք է:
-5 ձերբակալվածներից Ալեքսանդր Այվազյանը ներկայացնում է ՊՆ-ն: Ի վերջո, չմոռանանք, որ ինչ խարդախություն էլ իրականացրած լինեն բուժհաստատությունների պաշտոնատար անձիք, վերջնական որոշումը կայացնում է ՀՀ ՊՆ կենտրոնական բժշկական հանձնաժողովը:
-Այո՛, մեր հանձնաժողովը՝ ՀՀ ՊՆ կենտրոնական բժշկական հանձնաժողովն է տալիս վերջնական որոշումը: Բայց թույլ տվեք քննությունը վերջանա, նոր կկարողանանք հասկանալ՝ ինչ է եղել, եւ կկարողանամ գնահատական տալ կատարվածին: Չեմ ցանկանում ժամանակից առաջ անցնել: Բայց պետք է ասեմ, որ սա ինքնամաքրման ճանապարհն է, եւ դրա համար մեզ ժամանակ է պետք:
-Իսկ գոնե Ձեզ հայտնի՞ է՝ նշված մարդիկ իրենց ծառայության դիմաց որքան են կաշառք ստացել:
-Անկեղծ՝ տեղյակ չեմ:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

«ԱՉՈՏ» ՈՒԶԵԼՈՒ ՄԵԽԱՆԻԶՄԸ
«Երդվյալ ազատամարտիկների միության» նախագահ Ռուբեն Գեւորգյանը պատասխանել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանին (Շմայս), ով իր հարցազրույցներից մեկում ասել էր. «Ծաղիկ Ռուբոն ինձ պիտի «աչոտ» տա, տենամ՝ կարա՞ հաստատի, որ գեներալ Մանվելը 92-ից ա մասնակցել պատերազմին»:
«Ամեն մի պատահականություն արդեն մեկ շաբաթ է՝ անհիմն ու լկտի, վիրավորական քար է շպրտում դեպի ինձ, դրանք բոլորն էլ արհամարհված են իմ կողմից, ես ուժեղ մարդ եմ եւ թույլերին արհամարհած ունեմ, եւ դա է պատճառը, որ դրանց չեմ պատասխանում: Բայց քանի որ այդ ամենի մասին իր խոսքն է ասել Առաքելը` Շմայսը, չեմ կարող չպատասխանել, քանի որ նա ինձ համար կռված տղերքի դաշտում պատահական մարդ չի եւ թեկուզ ընկեր, ի տարբերություն շատերի, իր խոսքի մեջ զուսպ է արտահայտվել: Լսի՛, Առաքե՛լ, ես քեզ «աչոտ» տալու բան չունեմ, պարզապես հարգելով քեզ, տեղիք չտալով հոդվածիդ մեջ արտահայտած թեթեւ պոռթկումներիդ՝ այսքան լռելուց հետո այս պատասխանիս մեջ թող շատերը իմանան մարդու արժանապատվությանն ու թասիբին անհիմն կպնելու չափի ճիշտ լինելու ու սխալի մասին: Ինչ վերաբերում է քո եւ Մանվելի միասին լինելուն պատերազմի ժամանակ, ես դա գիտեմ, իսկ թվականների շեղումը կապ չունի պատերազմում Մանվելի կռվածի որակավորման հետ: Նա Արցախի հերոս է եւ վերջ, բայց նրան ոչ ոք իրավունք չի տվել անտեղի կպնել պատերազմում իր կռիվը տված երկրապահի հիմնադիրներից մեկը հանդիսացող մարդու նամուսին ու թասիբին: Ի վերջո, սխալը իրենից է սկսվել, եւ նա, այո՛, մեր նեղ ախպերների շրջանակում իր մեջ պիտի գտնի ուժ՝ իր սխալը զգալու: Մենք ոչ ոքս միմյանց թշնամի չենք համարում, մեր թշնամին մեկն է, բացառված չէ, որ մենք հին ախպերներով նորից նույն կամ տարբեր սարերում դուրս գանք ընդդեմ թշնամու: Շմա՛յս, խոսքդ լռությանս խախտելու պատճառ դարձավ, որի պարագայում կասեի, որ երբեք ոչ մի լնգուլավազ թող չհամարձակվեն քթները մտցնել մեծ մարդկանց խոսակցության մեջ: Դա մեր մակարդակի կռված ախպերների խոսակցություն է՝ անկախ ներկայիս քաղաքական իրավիճակից: Ի դեպ, խոսքս վերաբերում է նաեւ տարբեր թեմաների շուրջ համացանցերում վայրահաչող լնգուլավազներին: Աշխատեք սրան-նրան հաճոյանալու համար այնպիսի սխալներ թույլ չտաք, որոնց համար կարող եք թանգ վճարել»,-նշված է հաղորդագրության մեջ:

 

 

 

ՊԱՏՐԱՍՏ ԵՆ  ՀԵՌԱՆԱԼ
Երեկ Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիայի դուրս եկած «Նաիրիտ» գործարանի ազատված աշխատակիցներից Շողիկ Նադարյանը 168.am-ին ասել է, որ անցած օրերին իրականացված բողոքի ակցիաների ընթացքում ՀՀ վարչապետն իրենց ո՛չ ընդունել է, ո՛չ էլ լսել է իրենց խնդիրը, որովհետեւ իրենց ավելի ցածր են դասում: 1700 աշխատակիցներին միանգամից գործազուրկ դարձնելը Շ. Նադարյանը համեմատել է ցեղասպանության հետ: Ցուցարար Տիգրան Մինասյանն էլ նշել է, որ գործարանը 18 ամսվա աշխատավարձի պարտք է մնացել իրենց, եւ իրենք պահանջում են միայն իրենց գումարը, ուրիշ ոչինչ: Ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ հակառակ դեպքում գնալու են ԱՄՆ դեսպանատուն, որպեսզի իրենց հնարավորություն տան Հայաստանը լքելու:

 

ՏԵՍԱԿՑԵԼ ԵՆ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները տեսակցել են ադրբեջանական գերության մեջ գտնվող Արսեն Բաղդասարյանին: Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է ԿԽՄԿ Լեռնային Ղարաբաղի առաքելության տեղեկատվության բաժնի աշխատակից Էթերի Մուսայելյանը: Հիշեցնենք, որ Արսեն Բաղդասարյանը գերեվարվել է 2014թ. դեկտեմբերի 26-ին: Մինչ օրս Ադրբեջանը հրաժարվում էր թույլատրել ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ նրա հանդիպումը:

 

ՏՈՒԳԱՆԵՑԻՆ
Երեկ վարչական դատարանում դատավոր Ռաֆիկ Խանդանյանը հրապարակել է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի վարչական պատասխանատվության ենթարկելու մասին ՀՀ ոստիկանության հայցի վերաբերյալ դատարանի վճիռը: Դատարանը վճռել է բավարարել ոստիկանության հայցը եւ տուգանել Կիվիրյանին 50.000 դրամով, իսկ Արգիշտի Կիվիրյանի հակընդդեմ հայցը մերժել: Արգիշտի Կիվիրյանը Aravot.am-ին ասել է, որ դատարանի վճիռը բողոքարկելու է բոլոր հնարավոր միջոցներով, հնարավոր բոլոր ատյաններում:




Լրահոս