Ոսկե ծիրանը նամակ է ստացել Սոկուրովից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ոսկե ծիրան” կինոփառատոնը նամակ է ստացել ռուս նշանավոր կինոռեժիսոր, “Ոսկե ծիրան” 9-րդ երևանյան միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուր Ալեքսանդր Սոկուրովից: Այն ներկայացնում է կինոփառատոնի հասարակայնության հետ կապերի բաժինը: “Ոսկե ծիրան” կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանին, փառատոնի աշխատակազմին
Սիրելի ընկերներ
 
Սրտանց շնորհակալ եմ ձեր գեղեցիկ կինոփառատոնին մասնակցելու հրավերի, Հայաստանին և նրա պատմությունն ու մշակույթը հիշող և մեծարող մարդկանց հետ ծանոթանալու առիթի համար: Վերստին խորին երախտագիտությունս եմ հայտնում իմ աշխատանքին տրված բարձր գնահատականի` Հայ Առաքելական Ս. Եկեղեցու սահմանած “Եղիցի լույս” մրցանակի համար:
 
Սա իմ առաջին այցելությունն էր ձեր զարմանալի երկիր, ուր ես իմ աչքերով տեսա, թե որքան դժվար է այդ մարդկանց կյանքը: Բայց նրանց արիությունն ու միասնականությունն օրինակելի են շատ այլոց համար. հիրավի սա ոգեկոչման դաս էր:
 
Ձեր փառատոնը ճշմարիտ վեհ գործ է, քանի որ մարդկանց հաղորդակից է դարձնում աշխարհի լավագույն ֆիլմերին, կրթում նրանց ճշմարիտ կինոարվեստի մթնոլորտում, որը զերծ է բարոյական տկարությունից և էժանագին հնարքներից: Եվ ամենակարևորը` ձեր փառատոնն աջակցում է տարբեր երկրների հայերին` նրանց ներկայացնելով հայրենիքի հետաքրքրությունն իրենց աշխատանքի և կինոստեղծագործությունների նկատմամբ: Հիրավի դա մեծ գործ է:
 
Հատկապես կուզենայի առանձնացնել ձեր հրաշալի երիտասարդությանը. տա Աստված, որ նրանք իրենց եռանդի կիրառման հնարավորությունն հայրենիքում ունենան, որ կարողանան աշխատել նրա բարօրության համար: Այդ մի քանի օրերի ընթացքում ես հասցրեցի սիրել ձեր երկիրը և նրա հրաշալի մայրաքաղաքը` ջերմ ու գեղեցիկ Երևանը: Ձեր փառատոնին մաղթում եմ հետագա ծաղկում և կատարելագործում:
 
Երախտապարտ եմ զգալի օգնության համար, որ ցուցաբերեցիք հյուրընկալման ժամանակ:
 
Ալեքսանդր Սոկուրով
Հուլիս, 2012 Սանկտ Պետերբուրգ




Լրահոս