ՄԵՐ ՈՒ ՁԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բոլորն են հիշում, թե ինչպես այս տարի՝ մայիսի 4-ին, Հանրապետության հրապարակում բռնկվեցին ՀՀԿ-ի տարբերանշանով փուչիկները, եւ երկնքից կրակ թափվեց հարյուրավոր երիտասարդների գլխին: Հիշում են նաեւ, թե ինչպիսի օպերատիվությամբ մեր երկրի բարձրաստիճան պաշտոնյաներն արձագանքեցին երեւույթին՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մակարդակով այցելելով հիվանդանոցներ: Ավելին, փուչիկների պայթյունից հետո՝ օրեր շարունակ, ՀՀԿ երիտասարդ պատգամավորները «պերեդաչիներով» գնում էին հիվանդանոցներ՝ հետաքրքրվելով վիրավորների ողջությամբ:
Շատ ՀՀԿ-ականներ իրենց խոսքում նշում էին, որ երիտասարդների ստացած վնասվածքների համար յուրաքանչյուրն իրեն մեղավոր է համարում, դրա համար էլ պարտավորված է որեւէ բան անել՝ մեղմացնելու նրանց ցավն ու զայրույթը: Ինչ խոսք, սա շատ գովելի վերաբերմունք է: Բա իհարկե, Հայաստանի Հանրապետության բոլոր պաշտոնյաները՝ անկախ բարձրության աստիճանից, պետք է լինեն ժողովրդի ծառան: Այդպիսի պատգամով են խորհրդարան մտնում նաեւ պատգամավորները: Բայց եթե նման հետեւողականությունը եւ ուշադրությունը դրսեւորվեին համատարած՝ բոլորի նկատմամբ, հաստատ քննադատության տեղ չէր մնա: Իսկ այսօր կա: Ինչո՞ւ, որովհետեւ հայ հասարակությունը նույն հանրապետական չինովնիկների ուշադրությունն ու սրտացավությունը չտեսավ 4 տարի առաջ՝ 2008թ. մարտի 1-ին, երբ հայի կողմից արձակված գնդակներից սպանվեցին 10 անմեղ ցուցարարներ:
Ոչ ոք, ոչ մի պետական պաշտոնյա հարկ չհամարեց ոչ միայն գնալ մարտի 1-ի զոհերի հուղարկավորությանը, այլեւ բարձրաձայն խոսել այդ մասին: Որեւէ մեկը չհետաքրքրվեց՝ ինչպես են ապրում Հայաստանի մայրաքաղաքի կենտրոնում սպանված երիտասարդների ծնողներն ու ընտանիքի մյուս անդամները: Միայն «Ժառանգություն» կուսակցության անդամ պատգամավորներն ու Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչներն էին հետաքրքրվում մարտի 1-ի զոհերով: Գուցե ՀՀԿ-ում մտածում են, որ իրենք մեղավոր չեն այդ զոհերի համար (իհարկե սխալվում են), բայց դա չէ խնդիրը: Խնդիրն այն է, որ մեր երկրի ղեկավարներն ընտրովի են պաշտպանում ՀՀ քաղաքացիների իրավունքները, ընտրովի են հոգատարություն ցուցաբերում, ընտրովի են մտածում ՀՀ քաղաքացիների մասին ընդհանրապես: Ու դա է պատճառը, որ այսօր մեր երկրում արդարության դեֆիցիտ կա: ՀՀ շարքային քաղաքացին չի կարողանում իրեն զգալ երկրի տերը, ինչպես որ սահմանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը. «Իշխանությունը պատկանում է ժողովրդին»: Եւ այս իրավիճակում միայԱՍն մեկ բան է մնում ավելացնել. Հայաստանի պետական չինովնիկները ՀՀ նախագահի եւ վարչապետի գլխավորությամբ թատրոն են խաղում: Ավա՜ղ, հանդիսատեսն այլեւս չի ծափահարում. հոգնել է կրկնությունից:




Լրահոս